Ապօրինի՝ երեկ, ապօրինի՝ այսօր

Ապօրինի՝ երեկ, ապօրինի՝ այսօր
Երեկ դատարանն ազատ արձակեց Անդրիաս Ղուկասյանին, ով 2016-ի հուլիսից կալանքի տակ է, մեղադրվում է Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Նրա ազատ արձակման համար մոտ 2 տարի պայքարած մարդիկ ցնծության մեջ են՝ արդարությունը հաղթանակեց։ Իրականում եթե անգամ արդարությունը հաղթանակեց, ապա արդարադատությունը հաստատապես պարտություն է կրել։ Եվ այս որոշումն ավելի քան ապացուցում է դա՝ ի ցույց դնել մեր դատական համակարգի իրական վիճակը։



Դատարան, որը 2 տարի շարունակ մերժում էր փաստաբանների հայցերն ու տարբեր միջնորդություններ՝ պնդելով, որ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու հիմքեր չկան՝ ո՛չ գրավի դիմաց, ո՛չ անձնական երաշխավորությունների, ո՛չ առողջական պատճառներով։ Իսկ դատաքննությունն անվերջ ձգձգվում էր, քանի որ գործով 56 տուժող կար ներգրավված, բազում վկաներ, որոնց դատարանը պետք է մեկ առ մեկ լսեր, իսկ նիստերը հետաձգվում էին։ Եվ այս դատարանը, որը կույր էր, խուլ եւ խիստ զբաղված, հանկարծ հասկացավ, որ Ղուկասյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, եւ հարկավոր է փոխել խափանման միջոցը՝ առանց դատ ու դատաստանի, առանց նոր երեւան եկած հանգամանքների։



Պարզապես, քանի որ երկրում իրավիճակ է փոխվել։ Իսկ սա մի բան է նշանակում՝ մեր դատարաններն ապօրինության դաշտում են գործում։ Դրանք քաղաքական համակարգի մասնիկն են եւ իրենց որոշումներն էլ կայացնում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Ընդ որում՝ վստահ եմ, որ «քաղաքական պատվեր» էլ դեռ չէին ստացել, ուղղակի դատավորները քաղաքական լավ հոտառություն ունեն եւ պատվերը գուշակելու մեծ «շնորհք»։ Նոր իշխանությունների փոխարեն ես կպատժեի ոչ միայն անցյալում Անդրիաս Ղուկասյանին բանտում պահող դատավորներին, այլեւ երեկվա որոշումը կայացնողներին։