Հովհաննես Ազոյանը կատակո՞ւմ է, թե՞ վիրավորում

Հովհաննես Ազոյանը կատակո՞ւմ է, թե՞ վիրավորում
«Արմենիա» հեռուստաընկերությունը, ըստ ամենայնի նախանձելով Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագծի «փառքին», փորձել է կրկնօրինակել եւ ստեղծել է իր սեփական՝ «Երեկոյան Ազոյան» հաղորդումը: Գրեթե նույն բեմական տեսքը, նույն ձեւաչափը, երաժշտություն, պար, տափակ հումորներ, միայն Kami friends project-ի փոխարեն «Երեկոյան Ազոյան» հաղորդման մեջ պարային խումբ է, Արուս Տիգրանյանի փոխարեն՝ Աղասը, իսկ հաղորդավարներ Գարիկի եւ Արամ mp3 -ի փոխարեն՝ Հովոն եւ Մհերը:



Ի դեպ, life.panorama.am-ի դիտարկմանը, որ նմանատիպ շոու Հայաստանում արդեն իսկ կա՝ ի դեմս Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո»-ի, եւ հարցին, թե արդյոք երկու նմանատիպ նախագծերը միմյանց չե՞ն խանգարի, եւ մարդիկ էլ չե՞ն կարծի, թե «Ազոյան շոուն» «Լավ երեկո»-ի կրկնօրինակումն է, հաղորդավար Մհեր Խաչատրյանը պատասխանել էր. «Այն մարդիկ, ովքեր չգիտեն, որ «Երեկոյան շոուն» միջազգային ֆորմատ է եւ շատ վաղուց կա աշխարհում, պարզ է, որ կասեն, թե կրկնօրինակում ենք Ուրգանտին, իսկ ովքեր Ուրգանտի շոուն չեն դիտել, պարզ է, որ կմտածեն, թե կրկնօրինակում ենք հայկական նմանատիպ հաղորդմանը: Սա արդեն կախված է հեռուստադիտողի տեսակից, ինչը նորմալ է: Այս պահին ես մրցակցության մասին չեմ մտածում, ոչ էլ այդպես կբնութագրեմ: Սա պարզապես հայտնի հաղորդման ֆորմատ է, որն անում ենք նաեւ մենք»:



Եվ այսպես․ հայկական հեռուստաեթերում Հ1-ով հեռարձակվող «Լավ երեկոն», որպես քննադատությունների թիրախ, այլեւս միայնակ չէ։ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան Ազոյան» հաղորդումը ոչ միայն ժանրային եւ բովանդակային առումով է ընդօրինակում «Լավ երեկոյին», այլեւ կիսում է հանրության կողմից դատափետվելու նրա դառը ճակատագիրը՝ միայն մեկ տարբերությամբ․ «Լավ երեկոն» քննադատվեց, երբ ծաղրական ռեպորտաժ արեցին կանանց գաղութից, իսկ «Երեկոյան Ազոյան» հաղորդումը՝ առաջին իսկ թողարկումից։ Բանն այն է, որ ֆեյսբուքահայության գրառումների մեծ մասում հաղորդմանը եւ դրա հաղորդավար Հովհաննես Ազոյանին մեղադրում են նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին ծաղրելու մեջ՝ այն էլ այն դեպքում, երբ նա դեռ չի էլ սկսել պաշտոնավարել։ Ըստ ֆեյսբուքյան օգտատերերի՝ հաղորդման առաջին իսկ բառից երեւում է սեւեռվածությունն Արմեն Սարգսյանի անձի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հաղորդավար Հովհաննես Ազոյանն իր բացման խոսքում ասում է հետեւյալը․ «Շնորհավորում եմ, արդեն 3 շաբաթ է, ինչ մենք ունենք նոր նախագահ՝ Արմեն Սարգսյան։ Դա նշանակում է, որ մեր երկրի կարեւոր որոշումները կայացնելու է կրկին պարոն Սարգսյանը՝ թե որ երկրի հետ ինչ հարաբերություններ ունենալ, որ բանկից ինչքան վարկ վերցնել, որ վարկը վերադարձնել, որը՝ չէ, ում պաշտոնից ազատել, ում պաշտոնի նշանակել։ Ինչպես ասացի, այդ որոշումները կրկին կայացնելու է պարոն Սարգսյանը, իսկ նախագահը… նախագահին էլ է որոշել պարոն Սարգսյանը»։



Նաեւ շատ է քննադատվում նույն թողարկման մեջ ներկայացվող մոնտաժված հարցազրույցը, որի մեջ նորընտիր նախագահն անընդհատ կրկնում է «անհանդուրժողականություն» բառը։ Արմեն Սարգսյանի մամուլի խոսնակ Հասմիկ Սարգսյանին հարց ուղղեցինք, թե համաձայնեցվա՞ծ է եղել հաղորդումն իրենց հետ, եւ ինչպե՞ս կմեկնաբանի հաղորդումն ու դրա շուրջ քննարկումները։ Նա պատասխանեց, որ հաղորդումը չի դիտել, սակայն եթե Հովհաննես Ազոյանն է հեղինակը, ուրեմն ենթադրում է, որ հումորային ինչ-որ բան պիտի լինի, եւ առաջարկեց ավելի ուշ զանգահարել, որպեսզի հասցնի դիտել այն, սակայն հետո մեր զանգերը մնացին անպատասխան։



Իսկ հեռուստալրագրող Արմեն Դուլյանը, ով ժամանակին նույնպես հումորային հաղորդում է արել, չի հասկանում, թե այդ հաղորդման մեջ որտեղ է հումորը․ «Ինձ զարմացրեց էդ հաղորդումը։ Ինձ թվում է՝ այնտեղ հումոր չկա, միայն կա վիրավորանք էդ մարդու հասցեին, ու ինձ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչի համար։ Ես չեմ հասկանում, թե դրա նպատակն ինչն էր։ Եթե դա հումոր էր, ապա ես չհասկացա էդ հումորը։ Ես ինքս ժամանակին հումորային հաղորդումներ արել եմ։ Իմ կարծիքով՝ դա հումոր չէր, դա մի լրիվ ուրիշ բան էր, որը ես չեմ կարող հասկանալ եւ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էին այդ մարդուն ուզում խորապես վիրավորել։ Ես տեսել եմ էդ հաղորդման միայն այն մասը, որը վերաբերում էր Արմեն Սարգսյանին, եւ դա ինձ վրա թողեց ամենավատ տպավորությունը։ Միայն գուշակել կարող եմ, թե ինչի համար էր դա արված, բայց միեւնույն ժամանակ գուշակել չեմ կարող, թե ինչու այդ մարդուն, դեռ պաշտոնի մեջ չմտած, ուզում են բացասական տեսքով ներկայացնել։ Ես պարզապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչի համար էր պետք այդ բանն անել»։





**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**