Կեղծիքը մնում է կեղծիք

Կեղծիքը մնում է կեղծիք
Ոմն Իրինա Բերիչյան երեսուն տարի հետո այցելել է Բաքու, եւ ադրբեջանական մամուլը մի քանի օր է՝ լայնորեն լուսաբանում է այդ «դարակազմիկ» երեւույթը: Սկսենք նրանից, որ եթե Ադրբեջանն իրոք ժողովրդավարական երկիր, նրա հասարակությունը մուլտիկուլտուրական եւ հանդուրժող լիներ, ապա կենցաղային մի փաստ չէր բարձրացվի պետական քարոզչության մակարդակի:



Երկրորդ, աչք է ծակում, որ ազգությամբ հայերը Բաքու այցելելու հնարավորություն ստանում են միայն մի դեպքում՝ երբ նախապես կապ են հաստատում այսպես կոչված՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պլատֆորմին»:



Երրորդ, դա վկայում է, որ սույն կառույցն ամենեւին էլ անկախ-հանրային չէ: Հակառակ դեպքում որտեղի՞ց նրան ազգությամբ հայերի անվտանգությունը երաշխավորելու միջոցներ: Չէ՞ որ հարցին, թե ինչու՞ ազգությամբ հայերը չեն կարող ազատորեն ժամանել Բաքու, Իլհամ Ալիեւն անկեղծորեն պատասխանել է, թե չկա երաշխիք, որ նրանց այնտեղ չեն սպանի: Բերիչյանի համար Բաքվում ստեղծվել է ազատ շրջելու հնարավորություն, հետեւաբար գործել են պատկան մարմինները:



Չորրորդ, պետք է ուշադրություն դարձնել, որ նրա ամուսինը ռուսաստանաբնակ էթնիկ ադրբեջանցի է: Բայց կա ավելի էական մի բան: Ադրբեջանական քարոզչությունը տարփողում, Բերիչյանը եւ մյուսներն էլ կրկնում են, որ Բաքվում ազգային պատկանելության խնդիր երբեք չի եղել, գոյություն է ունեցել մարդկանց ընդհանրություն, որ ուղղակի կոչվել է «բաքվեցի»: Եթե այդպես էր, ապա ինչու՞ Լեռնային Ղարաբաղում առաջին ցույցերից հետո հայերն առանձնացվեցին եւ ճանաչվեցին «անշնորհակալ տարր»: Ինչու՞ մեկը մյուսին վիրավորելու համար ադրբեջանցիների բառապաշարում հայտնվեց «դու հայ ես» արտահայտությունը: Չէ՞ որ բոլորով նրանք պատկանում էին նույն հանրությանը՝ «բաքվեցի» էին, երբեք չէին տարբերակում, թե ով է ադրբեջանցի, ով՝ ռուս կամ հայ, լեզգի կամ հրեա: Եւ ինչու՞ խնդիր դրվեց, որ հայերը պետք է հեռանան:



Մուլտիկուլտուրիստական այդ հանրությունն ինչու՞ չպաշտպանեց իր մի մասին: Նշանակում է, որ Բաքվում, այնուամենայնիվ, ոչ թե «բաքվեցի» հանրություն էր ապրում, այլ՝ ադրբեջանցիներ, ռուսներ, հայեր, լեզգիներ, հրեաներ: Եւ երբ Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց կարգավիճակի փոփոխության հարց, ադրբեջանցիները հայերին թշնամի հայտարարեցին, իսկ մյուսները չհամարձակվեցին ընդդիմանալ: Ավելին, բավական էր, որ խորհրդային իշխանությունները զորք մտցնեին Բաքու, որպեսզի այնտեղից հեռանար ռուս եւ ռուսախոս բնակչության մեծամասնությունը:



Այսօր Ադրբեջանում մնացել է մի քանի տասնյակ հազար ռուս: Մինչդեռ 1989թ. մարդահամարի տվյալներով նրանց թիվը 450 000 էր: Հեռացել են գրեթե բոլոր հրեաները: Ինչու՞: Որովհետեւ իրենց օտար են զգացել, վտանգի ենթակա: Այսօր Ադրբեջանի բնակչության 98 տոկոսը թուրք-ադրբեջանցիներ են: Շրջաններում եւ Նախիջեւանի ինքնավարությունում այդ թիվը հասնում է 99,9 տոկոսի: Եւ միայն խղճահարության է արժանի Բաքվի քարոզչության ճիգը՝ Բերիչյանի եւ նման եւս մի քանիսի միջոցով ներկայանալու իբրեւ մուլտիկուլտուրիստական եւ հանդուրժողական երկիր ու հանրություն: Կեղծիքը մնում է կեղծիք՝ ինչ փաթեթավորմամբ էլ որ այն ներկայացվի: Այսօրվա Ադրբեջանը մոնոէթնիկ, գերազանցապես իսլամադավան է, որտեղ գնալով աճում է կրոնախեւ ծայրահեղականությունը: Ի՞նչ է սպասվում այդ հասարակությանը՝ միայն ենթադրել կարելի է: