Լվացք փռելիս դիմակներ են օգտագործում

Լվացք փռելիս դիմակներ են օգտագործում
Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը դիմում-բողոք է հղել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որտեղ անդրադարձել է Դեմիրճյան 40 շենքի խնդրին․



«Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցություն են դիմել Երևան քաղաքի Դեմիրճյան 40 շենքի մի խումբ բնակիչներ, ովքեր բողոքում են, որ շուրջ տասը տարի է, ինչ իրենց շենքի հետնաբակում կա բավական մեծ փոս, որը ծառայում է որպես աղբանոց: Փոսը գոյացել է ապօրինի շինանրարության հետևանքով: Հարակից տարածքներից, և ոչ միայն, մարդիկ բերում և այստեղ են նետում տարաբնույթ թափոններ, շինաղբ, սննդի և այլ մնացորդներ, մի խոսքով, այդ փոսն այժմ ծառայում է որպես աղբանոց: Աղբանոցին բնորոշ գարշահոտություն է տիրում նշված տարածքի մթնոլորտում, մարդիկ չեն կարողանում բացել իրենց պատուհանները` օդափոխության համար: Անգամ լվացք փռելիս՝ նրանք դիմակներ են օգտագործում: Խնդիրն առավել ակնառու է դառնում տարվա շոգ եղանակին: Բնակիչները դիմումում նաև նշում են, որ Սանիտեքը կամ որևէ այլ ընկերություն այստեղ երբևէ չի եղել: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ պատկան մարմիններն անգործություն են ցուցաբերում, որով էլ ոտնահարվում են բնակիչների իրավունքները՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ` նշված փոսը մաքրելու և որպես աղբավայր վերացնելու համար, միաժամանակ՝ պատկան մարմիններին անգործություն ցուցաբերելու համար ենթարկել պատասխանատվության»:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/28685989_200579960694310_5690529099638898688_n.jpg?oh=1c833afdeac3e700f3493b1b98b81e28&oe=5B4A0363)