Լոս Անջելեսում հայ երիտասարդը ոստիկաններին դրդել է սպանե՞լ իրեն

Լոս Անջելեսում հայ երիտասարդը ոստիկաններին դրդել է սպանե՞լ իրեն
Լոս Անջելեսի Պանորամա Սիթի շրջանի փողոցներից մեկում սպանվել է 22 տարեկան Օրբել Նազարյանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»` Los Angeles Daily News-ին հղումով:



Լոս Անջելեսի ոստիկանության պետ Չարլի Բեքը ամերիկյան համացանցային պարբերականի հետ զրույցում ասել է, որ Նազարյանը, որին իրավապահները սպանել են երկուշաբթի, ինքնասպանության հակվածություն ուներ ։



«Երիտասարդը երկուշաբթի առավոտյան զանգահարել էր «911» ծառայություն և հայտնել, որ զինված է ատրճանակով և դանակով։ Նա սպառնում էր ինքնասպան լինել», — գրված է հաղորդագրության մեջ։



Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 8:45-ին, իրավապահներն ահազանգ են ստացել և մեկնել դեպքի վայր։ Պարզել են, որ զանգահարողը նախկինում բազմաթիվ անգամ հայտնվել է հոգեբուժարանում։



«Դեպքի վայր ժամանած իրավապահները տեսան, որ երիտասարդի մոտ կեսմետրանոց սուր ձող կար: Նա վտանգ էր ներկայացնում իրավապահների կյանքի համար», - նշել է Բեքը:



Նա նաև հավելել է, որ իրավապահներն ամեն ինչ տեսանկարահանել են։ Նազարյանը հրաժարվել է զենքը վայր դնել, փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով երիտասարդը մահացել է։



Բեքը պարզաբանել է, որ սա ինքնասպանության հերթական դեպքն էր, երբ մարդիկ գերադասում են իրենց կյանքից զրկել` Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի միջոցով։