Գցում են Երեւանի քաղաքապետարանի ռեյտինգը․ ֆլեշմոբ

Գցում են Երեւանի քաղաքապետարանի ռեյտինգը․ ֆլեշմոբ
Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանի աղմկահարույց ծեծից հետո ֆեյսբուքահայությունը անցել է գործի․ մի քանի օր է, ինչ սուր քննադատության են արժանանում ՀՀԿ խմբակցության ավագանու այն անդամները, որոնք ծեծի ենթարկեցին «Երկիր Ծիրանիից» Մարինա Խաչատրյանին։



Ընդդեմ քաղաքապետարանի` Ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսվել, օգտատերերը մտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջ եւ էջին գնահատում 1` 5 բալանոց գնահատման համակարգից, ինչն էլ գցում է էջի ռեյտինգը։ Բացասական գնահատելու հետ մեկտեղ մի շարք օգտատերեր նաեւ գրառումներ են կատարել՝ քննադատելով ՀՀԿ խմբակցության ավագանու անդամների դրսեւորած վարքը։



«Քաղաքի կրիմինալներին ու թափթփուկներին բերել են հավաքել մի վայրում, ու անունն էլ դրել քաղաքապետարան, ու սրանք էլ մեր աշխատավարձերից աշխատավարձ են ստանում ու մեր ձևավորած բյուջեն լափում»,- գրառում է կատարել օգտատերերից մեկը։



Մեկ այլ օգտատեր գրել է․ «Բոքսից շատ թույլ եք պարոնայք, մի քիչ էլ պարապեք, որ կարենաք էդ կանանց աչքի տակին ուղիղ խբեք, թե չէ շոու չկար»։



Նշենք, որ այս պահի դրությամբ 3-ից Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի վարկանիշը ընկել է՝ դառնալով 2,5։



Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության մի քանի տղամարդիկ ծեծի էին ենթարկել ԵԾ-ի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանին այն բանից հետո, երբ նա փորձել էր Նուբարաշենի բնակիչների փոխանցած տարայով կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։



**Աննա Պապիկյան**