Արզնու աէրոդրոմում կսկսեն ինքնաթիռ վարել սովորեցնել

Արզնու աէրոդրոմում կսկսեն ինքնաթիռ վարել սովորեցնել
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ **Սերգեյ Ավետիսյանը** երեկ կառավարության նիստում առաջարկեց փոխել Արզնու աէրոդրոմի կարգավիճակը։ «ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» աէրոդրոմի կարգավիճակը սահմանել որպես համատեղ բազավորման աէրոդրոմ»,- իր առաջարկը ներկայացրեց Ավետիսյանը։ Այսինքն՝ ռազմական նշանակությունից այն կվերածվի ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նշանակության օդանավակայանի։



Ավետիսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց որոշման նախագծի էությունը․ «Արզնիի աէրոդրոմը, որը ժամանակին պատկանել է ԴՕՍԱԱՖ-ին, այնուհետեւ անցել է պաշտպանության նախարարության շահագործման ներքո, այս որոշմամբ փոխեց իր կարգավիճակը, եւ սահմանվեց, որ ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ ռազմական բազավորման օդանավակայան է դառնում։ Քանի որ մենք հայտարարել էինք, որ մեր ուսումնական կենտրոնի շրջանակներում մեկնարկել են սիրողական օդաչուների պատրաստման դասընթացներ, որոշում է կայացվել, որ Արզնիի աէրոդրոմն ամենահարմարն է նշված դասընթացներ, ուսումնավարժական թռիչքներ իրականացնելու համար»։



**- Ունե՞նք համապատասխան ինքնաթիռներ։**



Այո, արդեն իսկ ունենք մեկ ինքնաթիռ՝ Piper տիպի ամերիկյան ինքնաթիռ է, պլանավորվում է, որ առաջիկայում կներմուծվի երկրորդ ինքնաթիռը, որի հետ համապատասխան՝ նաեւ վարժասարքեր, որոնք եւս ներմուծվել են Հայաստան անցյալ տարվա վերջին։ Ունենք կահավորված, համապատասխան համակարգչային տեխնիկայով սենյակ, որը տալու է հնարավորություն՝ տեսական դասերին ծանոթանալու։



**- Մինչ այդ որտե՞ղ էին իրականացվում այս ուսումնավարժական թռիչքները։**



Այս ծրագիրն առաջին անգամ է։ Խոսքը սիրողական թռիչքների մասին է, այսինքն՝ եթե Դուք ուզենաք գնել ինքնաթիռ Ձեզ համար՝ ոչ կոմերցիոն սկզբունքներով օգտագործելու նպատակով, կարող եք գալ եւ սովորել այստեղ։



**- Այդ ինքնաթիռն ի՞նչ միջոցներով է ձեռք բերվել։**



Դա ձեռքբերված չէ, դա Piper ընկերության հետ մենք երկար բանակցել ենք, Piper ընկերության տնօրենն էր եկել Հայաստան, եւ մեկնարկին ինքն էլ ներկա էր, եւ Piper-ի՝ ԱՊՀ երկրներում ներկայացուցչության հետ համատեղ արել ենք այս պրոյեկտը, իրենք իրենց կողմից ներկրել են Հայաստան ինքնաթիռը, վարժասարքերը եւ համապատասխան գույքը։



**- Հնարավո՞ր է սա ազդակ հանդիսանա, եւ հետո ավելի լայն նպատակներով շահագործվի Արզնու աէրոդրոմը։**



Ինչո՞ւ ոչ, իհարկե, որովհետեւ էս որոշումը չի սահմանափակվում միայն ուսումնավարժական թռիչքներով, խոսքը գնում է քաղաքացիական եւ ռազմական համատեղ օգտագործման մասին, իսկ քաղաքացիականը ենթադրում է նաեւ այդ Ձեր ասածը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**