Հանրապետության նախագահը միայն կնշանակի նոր ձեւավորված դատարանի նախագահին, մյուսները կշարունակեն պաշտոնավարել որպես դատավոր

Հանրապետության նախագահը միայն կնշանակի նոր ձեւավորված դատարանի նախագահին, մյուսները կշարունակեն պաշտոնավարել որպես դատավոր
Կառավարության կողմից նախաձեռնած և Ազգային ժողովում մինչև տարեվերջ հաստատված դատական համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունն այսօրվանից մտնում է ուժի մեջ, ինչը ենթադրում է, որ Երևանի համայնքային դատարանները շարունակելու են գործել որպես մեկ ընդհանուր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարան։



_Թե ինչ է իրենից ներկայացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, ինչպե՞ս են շարունակելու պաշտոնավարել դատավորները, դատարանի նախագահները, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի հետ։_



**-Պարոն Մարկոսյան, փաստաբանները նշում են, որ դատավորների լիազորությունները նոր ձևավորված դատարանի առկայության դեպքում դադարեցվում են, և միայն Սերժ Սարգսյանի հրամանագրով կարող են շարունակել պաշտոնավարել։**



-Երեւան քաղաքի 7 դատարանները շարունակելու են գործել՝ որպես Երեւան քաղաքի մեկ ընդհանուր իրավասության դատարան։ Այսինքն, ըստ էության, գործ ունենք նրանց միավորման եւ գործունեության շարունակականության հետ։ Սա առաջին, երկրորդը՝ փոփոխություն նախատեսող օրենքում, որով կազմավորվեց այս դատարանը, սահմանել ենք անցումային դրույթները, որով վարչական շրջանների դատավորները եւ դատարանների նախագահները Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մեկնարկի պահից շարունակում են համարվել Երեւան քաղաքի դատարանի դատավորներ՝ եւ նախագահները, եւ դատավորները, իրենց մոտ գտնվող գործերը շարունակում են քննել, այսինքն՝ որեւէ ցնցում համակարգը չպետք է ապրի կատարված փոփոխությունների արդյունքում։ Այստեղից էլ Ձեր հարցի պատասխանը, որ Հանրապետության նախագահի հրամանագրի ընդունման անհրաժեշտությունը առկա չէ։



**-Իսկ դատարանի նախագահը ինչպե՞ս է ընտրվելու, դատարանի նախագահները պաշտոնավարելո՞ւ են։**



-Ոչ, դատարանների կառուցվածքն այնպիսին է, որ մեկ դատարանը կարող է ունենալ մեկ նախագահ, ոչ ավելին։ Դատարանների նախագահները շարունակում են մնալ որպես դատավոր։ Նաեւ օրենքի անցումային դրույթներում համապատասխանաբար սահմանվել է, որ դատարանի նախագահը կնշանակվի միայն Երեւան քաղաքի դատավորների կազմից։ Նախ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում 10-օրյա ժամկետում։ Հիմնական նշանակումը կկատարվի թեկնածուների առաջադրման եւ նրանցից ընտրված անձի միջոցով։



**-Քվեարկության միջոցով կընտրվի՞ նախագահը։**



-Սովորական ընթացակարգով, դա Արդարադատության խորհուրդն է անում, այնուհետեւ ներկայացվում է նախագահին։



**-Այժմ ո՞վ է ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել։**



-Դատարանների նախագահների խորհրդի նախագահը, որը Վճռաբեկ դատարանի նախագահն է, նշանակել է համապատասխան դատավորի՝ որպես դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, պաշտոնական չեմ տեսել, բայց նշանակվել է Ռուբեն Վարդազարյանը։



**-Պարոն Մարկոսյան, հնարավո՞ր է մարզերի դատարանները եւս միավորվեն, փոփոխություն տեղի ունենալո՞ւ է։**



-Ներկայումս մենք նման փոփոխություններ օրակարգում չունենք եւ չենք կարծում, որ նման կարիք կա։ Գործերի գերբեռնումը Երեւան քաղաքում է, եւ այստեղ համաչափ բաշխման եւ միջամտության կարիք կար։



Նշենք, որ այս փոփոխությունը կատարելու դրդապատճառը տարբեր վարչական շրջաններում ընդհանուր իրավասության դատարանների դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածությունն է:



_Հ․Գ Ավելի ուշ պաշտոնապես հաստատվեց, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի որոշմամբ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է նոր ձևավորված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։_



**Աննա Պապիկյան**