Պերմյակովին չպետք է բերեին Հայաստան, որովհետեւ ինքն ուներ լուրջ խնդիրներ․ Արթուր Սաքունց

Պերմյակովին չպետք է բերեին Հայաստան, որովհետեւ ինքն ուներ լուրջ խնդիրներ․ Արթուր Սաքունց
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անցել է երեք տարի։ Սահմռկեցուցիչ սպանությանը հաջորդեց աղմկահարույց դատաքննությունը, որն այդպես էլ չբացահայտեց սպանության դրդապատճառները։



Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը մասնակցում էր ոճիրն իրագործած Վալերի Պերմյակովի դատավարությանը, հետահայաց անդրադառնալով նրան, մեզ հետ զրույցում արձագանքեց․ «Այն գնահատականները, որ կային երեք տարի առաջ, մնում են։ Չկան նոր փաստեր, հանգամանքեր, որոնք կարող են փոխել իմ սկզբնական դիրքորոշումը։ Խայտառակություն էր, որ առաջին ատյանի դատական նիստերը հրավիրեցին ռուսական բազայի տարածքում։ Այսինքն՝ Պերմյակովը ոչ միայն ձերբակալվելուց եւ կալանավորվելուց հետո էլ շարունակեց մնալ ռուսական բազայի հսկողության ներքո, այլեւ ՀՀ-ի առաջին ատյանի դատարանը հանձնվեց ռուսական բազայի հսկողությանը։ Ես այդպես եմ գնահատում։ Պերմյակովը նույնիսկ չբերվեց Վերաքննիչ դատարան։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ չիրականացվեց օբյեկտիվ, բազմակողմանի քննություն․ մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները ձեռք էին բերվել Ռուսաստանի Դաշնության քննչական մարմնի կողմից, որոնք էլ ներկայացվել էին հայկական կողմին։ Իսկ այդ ապացույցների ձեռքբերման ուղղությամբ կատարված քննչական գործողություններին Ավետիսյանների իրավահաջորդները կամ նրանց ներկայացուցիչները չեն մասնակցել»։



Արթուր Սաքունցը նկատում է, որ նրանք չեն մասնակցել հատկապես քննչական փորձարարությանը, որը վերաբերում էր Պերմյակովի կողմից Ավետիսյանների տունը մտնելուն եւ իր գործողությունները ցույց տալուն։



«Հայտնի է, որ կառուցել էին Ավետիսյանների տան մակետը, եւ նա այդ մակետի վրա էր ցույց տվել իր գործողությունները։ Եվ այդպես էլ Պերմյակովին չբերեցին Ավետիսյանների տուն, որպեսզի նա այնտեղ ցույց տա իր գործողությունները»,- ասաց իրավապաշտպանը։ Մեր զրուցակիցը կարծում է, որ այդ ապացույցներն անհիմն էին, եւ հանցագործության դրդապատճառները մնացին չբացահայտված՝ ինչո՞ւ Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքին։



Իրավապաշտպանը հիշեցնում է, որ գործում առկա է եղել միայն Պերմյակովի ցուցմունքը, որ ինքը գումար հայթայթելու, Թուրքիայի սահմանն անցնելու եւ ՌԴ գնալու նպատակով է կատարել այդ սպանությունը, ինչը չէր կարող համարվել ողջամիտ։



«Քննչական փորձարարություն չարվեց կրակոցի ձայնի լսելիությունը ճշտելու համար, այն մերժվեց դատարանի կողմից։ Ավետիսյանների սպանությունը բացահայտելու գործում չիրականցվեց արդյունավետ քննություն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմերը պատասխանատու են դրա համար։



«Ռուսական կողմը պատասխանատու է նրանով, որ Պերմյակովը գտնվել է ռուսական բազայում։ Պերմյակովին չպետք է բերեին Հայաստան, որովհետեւ ինքն ուներ լուրջ խնդիրներ, ենթարկվել էր հոգեբուժական քննության»,- ասաց Արթուր Սաքունցը։