Ինգուշական սինդրոմ

Ինգուշական սինդրոմ
Որքան հասարակական գիտակցության մակարդակը ցածր է, նահապետական ավանդույթները՝ ուժեղ, այնքան զավեշտալի իրադրությունների ու ցածրորակ սկանդալների հավանականությունն է բարձր։ Ընդամենը օրեր առաջ մեր «հայու գենի» կրողների մի մեծ խումբ վրդովված քննադատում էր առողջապահության նախարար Ալթունյանին, թե ինչպես է համարձակվել կասկածի տակ դնել մեր աղջիկների կուսությունը։ Ինչպե՞ս կարող են հայ 15 տարեկան աղջիկները սեռական կյանքի փորձ ունենալ։ Չէ՞ որ մեզ մոտ դեռ կանգուն է «կարմիր խնձորի» ավանդույթը, եւ նախաամուսնական սեքսը մերժելի է անգամ բավականին կիրթ ընտանիքներում։



Պարզվում է՝ միայն մենք չենք բարոյահոգեբանական հարցերում այսքան պահպանողական ու բարբարոս։ Մեզնից «վերան» ազգեր էլ կան։ Երեկ տեղեկացանք, որ «TNT» հեռուստաընկերության «Comedy Women» նախագծի մի անմեղ կատակի հետ կապված՝ լուրջ սկանդալ է հասունացել Մոսկվայում։



Երբ հայ հումորիստները մարմնավաճառների հետ կապված ինչ-որ կատակ են բեմադրել, եւ նրանցից մեկը եթերում ասել է, թե տիրապետում է ինգուշերենին, մեծ խումբ զինված ինգուշ տղամարդիկ գրոհել են հեռուստաընկերության վրա՝ իրենց «կույս» կանանց իրավունքները պաշտպանելու համար։ Բանը հասել է անգամ նրան, որ «Օմոնի» ջոկատ են հրավիրել հեռուստատեսություն, սակայն վտանգն այնքան ռեալ է եղել, եւ պաշտպանությունը՝ այնքան խարխուլ, որ հեռուստաընկերությունը նահանջել է՝ զիջելով բարբարոս ահաբեկիչների ճնշումներին։



Ե՛վ ներողություն են խնդրել, ե՛ւ տեսանյութն են հեռացրել, ե՛ւ նոր տեսանյութ են պատրաստել՝ բոլոր կետերով կատարելով զինված ինգուշների պահանջը։ Այնպես, ինչպես ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը զիջեց ճնշումներին եւ հրապարակավ հերքեց ու ներողություն խնդրեց իր հայտարարության համար։



**Արմինե Օհանյան**