Միացյալ Նահանգները փորձում է վերագնահատել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում

Միացյալ Նահանգները փորձում  է վերագնահատել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում
Չեպմենի համալսարանի գլոբալ կրթության կենտրոնի ղեկավար Ջեյմ Կոյլը «Вестник Кавказа» պարբերականի հետ զրույցում, մեկնաբանելով այն միտքը, թե ինչպիսին է ներկայումս Հարավային Կովկասում տիրող իրադրությունը ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում, հայտարարել է, թե դժվար թե ԼՂ հակամարտությունը մոտ ապագայում կարգավորվի: Ըստ բանախոսի, ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայումս գտնվում է փակուղում եւ նոր գաղափարներ չի արտադրում, այսպես ասած, սկսած 2000 թվականից, երբ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը Քի-Վեստում, որի ընթացքում էլ մշակվեց գործողությունների ծրագիր: «Տասնյոթ տարի է անցել, սակայն կողմերն այդպես էլ չեն կատարել այդ պլանի պայմանները, որի վերահսկողությունը վերապահված էր ՄԽ-ին: Կարծում եմ, այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայիս կազմը չունի նոր գաղափարներ, կարելի է վերջինիս մեջ ներառել նաեւ ԵՄ-ին, Գերմանիային եւ Թուրքիային: Թուրքիան կլիներ բավական հետաքրքիր ընտրություն, քանի որ կկարողանար աշխատել հակամարտող երկու կողմերի հետ էլ:



Պատմականորեն այս երկիրը բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, սակայն Հայաստանի հետ էլ բանակցություններ է վարել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետի սկզբում: Ափսոս, որ որեւէ բան չստացվեց, սակայն փաստը մնում է փաստ, որ բանակցություններ տեղի ունեցել են, այսինքն Անկարան կարող էր լինել միջնորդ Երեւանի եւ Բաքվի միջեւ»,- ասել է Կոյլը: ԵԱՀԿ ՄԽ կազմում է նաեւ Միացյալ Նահանգները եւ հետեւաբար ամերիկացի փորձագետի մեղադրանքները ուղղակիորեն նաեւ Վաշինգտոնին են հասցեագրվում: Սակայն Կոյլն այս հարցում բավական լավ կարողանում է մանեւրել: «Անկեղծ լինենք` Հարավային Կովկասը Ամերիկայի համար առաջնահերթություն չի հանդիսանում: Ու թեեւ մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը կարգավորվի, սակայն ես կարծում եմ, որ ներկայիս ամերիկյան վարչակազմին ավելի շատ այնպիսի հարցեր են զբաղեցնում, ինչպիսիք են Սիրիան եւ Իրաքը»: Մեկ այլ ամերիկացի փորձագետ, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի զեկավար Սվանտե Քորնելը The American Interest-ում հրապարակված իր հոդվածում գրում է, որ ամերիկացիները կորցրել են բոլոր լծակները եւ վստահությունը ճնշում գործադրելու կամ ազդեցություն ունենալու այնպիսի անհանգիստ ռեգիոնում, որը սեղմված է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ: Ինքնին հասկանալի է, որ ուղղակի ակնարկն այս դեպքում արվում է Հարավային Կովկասին: Քորնելը մեկնաբանում է, որ այդ հողակտորը, որը մոտավորապես բնակեցված է 20 միլիոն մարդկանցով, երբեք չի եղել Միացյալ Նահանգների համար հատուկ ուսումնասիրությունների օբյեկտ:



Այն պարզապես ներառվել է այսպես կոչված «Մեծ Մերձավոր Արեւելքի» մեջ եւ հիմա արդեն ամերիկացի փորձագետները կարծում են, որ աշխարհագրական նրբերանգը չար կատակ է արել Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների հետ: Կորնելի կարծիքով, նույնիսկ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները էական ազդեցություն ուներ այդ երեք երկրներում էլ, չէր մշակել առանձին հայկական, ադրբեջանական եւ վրացական քաղաքականությունը, այլ ներառել էր այն Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքականության մեջ: Շարունակելով իր թեզիսը, Կորնելը նաեւ նշում է, որ այն ժամանակ, երբ 2015-ին ռուսական ռազմաօդային ուժերը հայտնվեցին Սիրիայում, Պենտագոնը դա դիտարկեց որպես իր գեոպոլիտիկ տարածք ներխուժում, քանի որ պատերազմն այս դեպքում Հարավային Կովկասից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա էր ընթանում, ճիշտ այնքան, որքան թեւավոր հրթիռի հեռահարությունն է կազմում: Ավելին, երեք տերություններ` Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, որոնք շրջապատում են Հարավային Կովկասը, ներքաշվեցին Սիրիական հակամարտության մեջ, իսկ Անկարայի մասնակցությունը այսպես կոչված «Արաբական գարնանը» եւ Սիրիական ճգնաժամին, ավելի է խորացրել ներթուրքական մետամորֆոզներն ու երկիրը թաղել «խժդժությունների ջրապտույտի մեջ», ինչն էլ հարցականի տակ է դրել այն, թե արդյոք այդ երկիրը կարող է հանդես գալ որպես ԱՄՆ հուսալի դաշնակից ամերիկյան` մերձավոր-արեւելյան քաղաքականությունն իրականացնելիս: Այս առնչությամբ ամերիկացի փորձագետները առաջարկում են միանգամից երկու քայլ կատարել` փոխել վերաբերմունքը Սիրիական կարգավորման Ժնեւյան բանակցային գործընթացի հանդեպ եւ ընդլայնել ամերիկյան ազդեցությունը ԵԱՀԿ ՄԽ-ում, իսկ եթե Ռուսաստանը ընդդիմանա, պարզապես դուրս գալ Մինսկի խմբի ձեւաչափից:



Այսինքն թե, Մերձավոր Արեւելքի հակամարտությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նույն հանգույցով ագուցել: Այդ դեպքում արդեն Միացյալ Նահանգները կկարողանա հանդես գալ Հարավային Կովկասը վերակազմավորելու առաջարկով եւ այն կկարողանա դարձնել իր պլացդարմը, որի վրա հենվելով էլ կկարողանա լուծել Մերձավոր Արեւելքի խնդիրները: Իհարկե, սա միայն նախագիծ է եւ քիչ հավանական: Սակայն կա նաեւ երկրորդ սցենարը, որն առաջարկում է ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրերի ավագ գիտաշխատող Ջեֆրի Մանկոֆը: Այս սցենարը ենթադրում է «պայթեցնել Հարավային Կովկասի վառոդի տակառը», այնպես, ինչպես արվեց 2008-ի օգոստոսին եւ 2016-ի ապրիլին: Երկու պայթեցումներն էլ ի վերջո հանգան: Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը դաժան առճակատման հանգեցնելու եւ դա օգտագործելով սեփական դիրքերը ամրացնելու քաղաքականությունը օտար երեւույթ չէ Հարավային Կովկասում: Ու այս համատեքստում բավական հետաքրքիր է Stratfor-ի հորդորը Դոնալդ Թրամփի վարչակազմին` լինել ավելի վճռական Վրաստանում եւ Ադրբեջանում, կապված Մերձավոր Արեւելքում կոնյուկտուրալ փոփոխությունների հետ:



[**REGNUM**](https://regnum.ru/)



**Ստանիսլավ Տարասով**