Կառավարող ընտրանու «նետած քարերը հավաքելու ժամանակը»

Կառավարող ընտրանու «նետած քարերը հավաքելու ժամանակը»
Այն, որ օրեր առաջ երկրի համարյա բոլոր լրատվամիջոցները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին խոսել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի ամենառազմականացված, իսկ աշխարհի երրորդ ռազմականացված երկիրն է, վկայում է, որ Հայաստանը կառավարող ռազմաքաղաքական եւ տնտեսական ընտրանին խիստ շահագրգռված է, որ այդ լրատվությունը լայնորեն քննարկվի ներհասարակական հարթակներում:



Այս առումով, ամենայն հավանականությամբ, վերջինս փորձելու է արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ ունեցած իր բոլոր ձախողումների «մեղքն» այս անգամ արդեն բարդել սպառազինությունների մրցավազքի վրա, անշուշտ՝ մոռանալով, որ իր որդեգրած եւ իրականացրած քաղաքականության արդյունքում էր միայն, որ Ադրբեջանը մեր երկրին սպառազինությունների մրցավազք պարտադրելու հնարավորություն ստացավ:



Այս իմաստով տարօրինակն այն է, որ ՀՀՇ-տերպետրոսյանական «դեմոկրատիայի» դպրոցն անցած պետության ներկայիս ընտրանուն, չգիտես ինչու, մինչեւ հիմա էլ թվում է, թե այս ժողովուրդն ի վիճակի չէ հասկանալու այն պարզ ճշմարտությունը, որ ոչ թե սպառազինությունների մրցավազքն է պատճառը, որ երկիրը հիմա կանգնած է սոցիալ-տնտեսական կոլապսի եզրին, այլ կառավարող ընտրանու կողմից իրականացված եւ իրականացվող՝ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին ոչ համարժեք քաղաքականության արդյունքում է, որ պետությունն այսօր տանուլ է տալիս թշնամու կողմից իրեն պարտադրված սպառազինությունների մրցավազքը:



Սակայն այս առումով ոչ միայն տարօրինակ, այլ նաեւ զարմանալին այն է, որ հիմա, երբ երկրում եւ նրա շուրջ ձեւավորված ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոչ բարենպաստ պայմանների պատճառով Հայաստանի համար արցախյան ռազմաճակատում զիջումներ «անել կամ չանելու» հարցն այլեւս ոչ թե «ուզենալ կամ չուզենալու», այլ «չանել կարողանալու կամ չկարողանալու» հարթությունում լուծվող հիմնախնդրի է վերածվել, պետության բարձրագույն իշխանությունը ներկայացնող առանձին գործիչներ, երկրում օր առաջ արտադրաարդյունաբերական եւ գիտաարտադրական հզորությունների վերագործարկման գործընթաց սկսելու փոխարեն, թույլ են տալիս, որ օլիգարխիկ համակարգի մաս կազմող իշխանական որոշակի շրջանակներ կազմալուծեն եւ թալանեն արտադրաարդյունաբերական եւ գիտաարտադրական Հայաստանի խորհրդանիշը հանդիսացող «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը:



Ամեն անգամ տեսնելով երկրի ռեսուրսների նկատմամբ կառավարող ընտրանու թերահավատ վերաբերմունքը, հետն էլ ամեն օր լսելով «արցախյան ճակատում զիջումներ չանելու մասին» նրանց հոխորտանքները, ակամայից ինքներս մեզ հարց ենք տալիս՝ արդյո՞ք այդպիսի հայտարարություներ անող պարոնայք իշխանավորները երբեւէ մտածել են՝ եթե ոչ արտադրաարդյունաբերական եւ գիտաարտադրական Հայաստանով, ապա ինչո՞վ եւ ինչպե՞ս են հակազդելու նավթից եւ նավթադոլարներից իրատեսությունը կորցրած ադրբեջանական նկրտումներին: Իսկ եթե կարծում են, որ միայն գյուղմթերք վերամշակելով, գազալցակայան ու «սիթի» կառուցելով կամ տարեկան մեկուկես-երկու միլիոն զբոսաշրջիկ ընդունելով երկիրը կկարողանա հակակշռել ադրբեջանական նավթագազային հնարավորություններին, ապա հետաքրքիր կլինի իմանալ, թե արդյո՞ք պարոնայք իշխանավորները հաշվարկել են նաեւ, թե այդ դեպքում ինչքան տոմատ, մուրաբա կամ մածուն ու թթվասեր պիտի վաճառեն, որ կարողանան, ասենք, «Իսկանդեր» տիպի մի հրթիռ կամ թե Ս-400 տիպի հակաօդային պաշտպանության մի համակարգ գնել:



Իհարկե՝ ցավով, բայց ստիպված ենք արձանագրել, որ ամեն անգամ այդ հարցը մեզ տալով եւ վերլուծելով՝ գալիս ենք այն եզրակացության, որ ոչ մի բան էլ հաշվարկված չէ: Անգամ հաշվարկված չէ ոչ միայն այն, թե ինչքան միջոցներ մեզ պետք կլինեն պատերազմում վերջնական հաղթանակի հասնելու համար, այլ նաեւ, թե ինչ եւ ինչքան է մեզ հարկավոր արժանապատիվ եւ բարեկեցիկ խաղաղություն ունենալու համար:



Այսքանից հետո մնում է ընդամենը հուսալ, որ կառավարող ընտրանու կողմից չարված այդ հաշվարկներն այս ժողովուրդն իր համար արած կլինի: Պարտավոր ենք հուսալ, որովհետեւ չենք կարող հավատալ, որ բազմաթիվ անգամներ խաբված եւ հուսախաբված այս ժողովուրդն այսքանից հետո չհասկանա, որ իր համար այլեւս սպառվել են խաբվելու եւ հուսախաբվելու բոլոր հնարավորությունները, եւ եկել է 25 եւ ավելի տարիներ այս երկիրը կառավարող ընտրանու կողմից նետված քարերը հավաքելու ժամանակը:



**Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ**