Տոլման այլևս հայկական չէ, հաջորդը «քրչիկն» է

Տոլման այլևս հայկական չէ, հաջորդը «քրչիկն» է
Հայկական ավանդական տոլման, որի հատկապես խաղողի թփով տարբերակը սիրում էինք շատերս, պաշտոնապես այլևս հայկական չէ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն որակել է ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքէջում նշված է, որ տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում է կարևոր կերակրատեսակներից մեկը և բաղադրատոմսը փոխանցվում է սերնդից սերունդ։



ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ կերակրատեսակի անվանումը գրված է «դոլմա», ստուգաբանվում է հետևյալ կերպ, թե իբր առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից, ինչը թարգմանաբար նշանակում է լցոնված։ Շատ բնական հարց է առաջանում, եթե տոլման բուն ադրբեջանական կերակրատեսակ է, ապա ինչո՞ւ է կրում թուրքերեն անվանում, կամ ինչ սկզբունքով է «դոլդումարա» բառը կրճատվել մինչև «դոլմա»։ Իրականում սա թուրքաադրբեջանական «եղբայրության» կողմից բառերի կեղծ ստուգաբանությամբ ուրիշի մշակութային արժեքները յուրացնելու առաջին փորձը չէ․ տարիներ առաջ իրեն թուրք ազգագրագետ հորջորջող մեկն էլ պնդում էր, որ ոչ ավել և ոչ պակաս, Շեքսպիրը նույնպես թուրք է, և նրա անունը իրականում Փիռ է, բայց քանի որ նա շեյխ է եղել, վերջինիս ասել են շեյխ Փիռ, որը հետագայում վերածվել է Շեքսպիրի։



Ուղղակի տարբերությունը այստեղ մեկն է․ այս դեպքում թուրքերը գործ կունենային Անգլիայի հետ, այլ ոչ Հայաստանի, թե չէ Շեքսպիրը վաղուց արդեն դարձել էր շեյխ Փիռ։ Բախտներս մի բանում է բերել, որ մեր ազգանունները «յան»-ով են վերջանում ու թուրքերենի բառագիտության քննությանը չեն ենթարկվում, թե չէ կարող է մի օր պարզվեր, որ Թումանյանն էլ է շեյխ եղել։



Իրականում այստեղ Հայաստանի քաղաքական կշռի հարցը կա, ու պարզից էլ պարզ է, որ տոլման հայկական կերակրատեսակ է, սակայն մեր իշխանությունները չունեն բավարար «թափ» իրենց ամենօրյա սպառման տոլման գոնե հայկական պահելու։ Փաստորեն ամեն տարի անցկացվող «տոլմայի փառատոնները» իրենց նպատակին չծառայեցին, մեր մշակույթի ևս մեկ պատառիկ մնաց թուրքի բերանում։ Տեսնես հաջորդ տարի էլ ենք տոնելու դեյուրե ադրբեջանական համարվող տոլմայի փառատոնները։ Այսպես որ շարունակվի, մյուսը «քրչիկի» հերթն է գալու։



**Կորյուն Սիմոնյան**