29 տարի է դեռ հաշվառում են

29 տարի է դեռ հաշվառում են
29 տարի է անցել 1988-ի ավերիչ երկրաշարժից: Գյումրին մինչ օրս ծխում է: Մոտ 90-95 տնակային թաղամասերը երկրաշարժից չսպիացող վերքերն են: Տնակներում ապրողները բոլորը չէ, որ երկրաշարժիչ տուժածներ են, բայց նրանց սերունդներն են: Շիրակի մարզպետարանի պաշտոնական տվյալներով Գյումրիում այսօր ընդամենը 600-700 անօթևան ընտանիք կա: Վագոն-տնակների թիվը 1800-2000 է:



«Ժամանակավոր կացարաններում ապրողների հաշվառումը դեռ չի ավարտվել: Գյումրու քաղաքապետարանում հաշվառում են, թե քանիսն է անօթևան ընտանիքների թիվը»,-փոխանցում են մարզպետարանից:



Գյումրեցիները տեղին են զարմանում՝ 29 տարի է անցել, ու դեռ հաշվառում են: Պետությունը վերջերս 84 բնակարանների գնման վկայականներ հանձնեց Գյումրիին եւ սրանով ավարտեց իր պարտավորությունը: Ըստ պաշտոնական տվյալների, երկրաշարժից Գյումրիում փլուզված բնակարանների թիվը 24159 է: Այսօրվա դրությամբ փոխհատուցված բնակարանների թիվը 21177 է:Վթարային շենքերի թիվը 88 է:



Սրանք միայն պաշտոնական տվյալներն են: Իսկ ահա ոչ պաշտոնական տվյալներով՝ հասարակական կազմակերպությունների, բարեգործական ընկերությունների հաշվարկով պատկերն այլ է՝ տնակների թիվը 3000-ը գերազանցում է: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը երկրաշարժի 29-րդ տարելիցին ընդառաջ երեկ ամփոփեց անցնող տարվա ընթացքում ծավալած գործունեությունը: Իր ողջ գործունեության ընթացքում հիմնադրամը մինչև այսօր 27 բնակարան է նվիրաբերել անօթևաններին: Ի դեպ, վերջին բնակարանը հիմնադրամը հանձնեց երեկ, որը գնել էր պատգամավոր Արման Սահակյանի հայրը՝ Ուկրաինայի պատվո հյուպատոս Սոս Սահակյանը:



«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանի խոսքերով՝ հիմնադրամը մանրակրկիտ ուսումնասիրություն է անցկացրել եւ հայտնաբերել է, որ քաղաքում տնակների թիվը 3400 է, որից 2500-ում ընտանիք է բնակվում: Անցնող տարում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 16 բնակարան նվիրեց անօթևան այն ընտանիքներին, որտեղ նորածին էր սպասվում: Շուրջ 2 տասնյակ բնակարան ձեռք բերեց «Սոս Գյումրիի» նախաձեռնող խումբը:



Շիրակ հ/կ-ի գործունեության շնորհիվ նվիրաբերվել է 22 բնակարան: Նշվածներին գումարվել են տասնյակից ավել անհատ բարերարների նվիրաբերած բնակարանները, ընդհանուր հաշվարկով վերջին 5 տարվա ընթացքում մոտավորապես 150 բնակարան է բարեգործությամբ ձեռք բերվել, բայց անօթևանության խնդիրն այդպես էլ չի լուծվում:



**Արևիկ Հակոբյան**