11 երկրից 8-ը մեր դեմ էր

11 երկրից 8-ը մեր դեմ էր
Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանն արտաքին քաղաքական հարթակներում իրարամերժ իրավիճակներում հայտնվեց։ Նոյեմբերի 23-24-ը Բրյուսելում մի քանի բարենպաստ ձեւակերպումներ օգտագործվեցին ԼՂ խնդրի վերաբերյալ, ինչն Ադրբեջանը ծանր տարավ, քանի որ բոլոր ջանքերը գործադրել էր Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու համար: Սակայն դրանից հետո Կիեւում գրանցվեց հայկական խորհրդարանական դիվանագիտության ձախողումը։



Դեկտեմբերի 1-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ քվեարկեցին այն հռչակագրին, որտեղ կային մեզ համար ոչ ձեռնտու ձեւակերպումներ: Ճիշտ է՝ դրանք ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ էին ուղղված, բայց տվյալ պարագայում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը կարող են խանգարել։ ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակի առիթով մշակված հռչակագրի նշված դրույթը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ էր, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային երեք հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվել: Միայն հայ եւ սերբ պատվիրակներն են լքել ֆորումը` բոյկոտելով այն (Ռուսաստանն առհասարակ չի մասնակցել լիագումար նիստին, որովհետեւ այն անցկացվում է Ուկրաինայում):

Հիշեցնենք՝ 1992-ի հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրվել էր գագաթնաժողով, որի արդյունքում սեւծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները հռչակագիր ստորագրեցին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման մասին: Սերբիան՝ որպես անդամ, կազմակերպությանը միացավ 2004-ին: Կազմակերպությունը կոչված է տնտեսական համագործակցության միջոցով ամրապնդելու կայունությունը սեւծովյան տարածաշրջանում։ Սակայն շուրջ երեք տարի է, ինչ վեհաժողովի գլխավոր քարտուղարն ազգությամբ ադրբեջանցի է եւ ցանկանում է ամեն գնով կառույցը դարձնել քաղաքական մարմին եւ օգտագործել ի շահ Ադրբեջանի։ Այս առումով մի քանի անգամ Հայաստանին առաջարկվել է միանալ իրենց մտադրությանը եւ ստորագրել համապատասխան փաստաթղթի տակ, սակայն Հայաստանը հրաժարվել է։



Վերադառնանք վեհաժողովի վերջին նիստին, որի մեկնարկից հետո հայտարարվել է սուրճի ընդմիջում, որից հետո աշխատանքները պետք է շարունակվեին, սակայն նախագահող երկրի՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը եւ համաժողովի քարտուղարության ադրբեջանցի ղեկավարը բոլոր պատվիրակությունների ղեկավարներին հրավիրել են «գաղտնի» քննարկման: Ներկա չի եղել միայն հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը։ Նիստերի դահլիճ վերադառնալով՝ հայկական պատվիրակության ղեկավարը բարձրացել է ամբիոն, դատապարտող ելույթ ունեցել, ու պատվիրակությունը լքել է դահլիճը։ Բանաձեւում նման ձեւակերպումների նախաձեռնողը եղել է ուկրաինական կողմը, որն ունի Ղրիմի եւ Դոնբասի խնդիր: Հռչակագրին կողմ քվեարկած 8 երկրներից չորսն այն երկրներն են, որոնք նույնպես կոնֆլիկտ ունեն՝ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, գումարած՝ Թուրքիա։ Հայաստանը գուցե կարող էր մյուս վեց երկրներին դիվանագիտական աշխատանքների միջոցով հետ պահել այդ քայլից, բայց ոչինչ չի կարողացել անել, քան բոյկոտելը։



Կիեւից շաբաթ օրը Հայաստան վերադարձած մեր պատվիրակության չորս անդամներից երեքը երեկ ասուլիս տվեցին ու պարզաբանեցին տեղի ունեցածը։ Ի դեպ, «Ելք»-ից Գեւորգ Գորգիսյանը չէր մասնակցում ասուլիսին, ինչպես Աղվան Վարդանյանը տեղեկացրեց՝ հիվանդ է։ Գագիկ Մինասյանն ասաց, որ այդ հռչակագիրը չի կարող ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման վրա, քանի որ կառույցն իր բնույթով անկախ մարմին չէ, ենթարկվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, իսկ վեհաժողովն իր կարգավիճակով ցածր է, բացի դրանից՝ իրավական առումով այդ հարցով զբաղվում է Մինսկի խումբը։ Ինչպե՞ս է ստացվել, որ հայկական պատվիրակությունը չի նկատել մյուսների բացակայությունը, **Գագիկ Մինասյանը** պատասխանեց` իրենք անմիջապես իմացել ու հասկացել են, թե ինչ է կատարվում: Թե ինչու չեն միջամտել` չմանրամասնեց: «Այնտեղ աշխատում ենք ոչ առաջին տարին եւ գիտենք բոլոր միջոցները մեր պետական շահը պաշտպանելու համար»,- ասաց նա: Նշենք, որ պատվիրակության բոլոր անդամները միաբերան պնդեցին, որ հռչակագիրը Ռուսաստանի դեմ է ընդունվել։



ՍԾՏՀ ԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար **Աղվան Վարդանյանն** էլ շեշտեց, որ վեհաժողովի ադրբեջանցի գլխավոր քարտուղարն իր գործողությամբ ու հայտարարություններով վնաս է հասցրել կառույցի վարկանիշին եւ շահերին։ «Գլխավոր քարտուղարը, ով ի պաշտոնե պարտավոր էր լինել չեզոք ու արտահայտել բոլոր կողմերի շահերը, ելույթ ունեցավ, որն անհամատեղելի է իր կարգավիճակի ու կառույցի հետ: Նա ասաց՝ հեռացեք Ադրբեջանի տարածքներից, դուք գրավել եք Ադրբեջանի 20 տոկոսը, մենք ունենք փախստականներ: Մենք լսեցինք այն զառանցանքները, որոնք 25 տարի լսում ենք: ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարն իր գործողությամբ ու հայտարարություններով վնաս է հասցրել կառույցի վարկանիշին եւ շահերին»,- նշեց Աղվան Վարդանյանը։



Այս ելույթն անակնկալի է բերել նաեւ մյուս պատվիրակությունների ներկայացուցիչներին, որոնք գլխի են ընկել Ադրբեջանի շահագրգռվածության մասին եւ կուլիսներում մերոնց մոտ փորձել են տարանջատվել գլխավոր քարտուղարի ելույթից ու պահվածքից։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞րն է լինելու Հայաստանի պատվիրակության հետագա քայլը։ Եթե վեհաժողովի գլխավոր քարտուղարը, ով ազգությամբ ադրբեջանցի է, իր գործողությամբ ու հայտարարություններով վնաս է հասցրել կառույցի վարկանիշին եւ շահերին, հնարավո՞ր է, որ պահանջեն նրա հրաժարականը կամ բոյկոտեն հետագա նիստերը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ինչ ենք անելու: Թույլ տվեք այս պահին չմանրամասնել, բայց որ որոշակի ծրագիր, ռազմավարություն մշակում ենք, դա կարող եմ վստահ ասել: Սպասեք՝ կտեսնեք»: Իսկ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր **Վահե Էնֆիաջյանն** անկեղծացավ, որ իմպիչմենտի համար առնվազն 8 պատվիրակության համաձայնություն է հարկավոր, ինչը հայկական պատվիրակության համար անհասանելի է։



Ինչո՞ւ տարիներ շարունակ այդ կառույցում աշխատելով՝ հայկական պատվիրակությունը չունի գոնե մեկ դաշնակից երկիր, որը դեմ կկանգներ նման գաղտնի քննարկումներին եւ հայկական պատվիրակության հետ այդ կառույցին կմղեր իր` տնտեսական գործունեության դաշտ։ Գագիկ Մինասյանն ասաց` ունենք դաշնակից, դա ՌԴ-ն է։ Սակայն այդ հայտարարությունից բառացիորեն րոպեներ առաջ Վահե Էնֆիաջյանը հասցրել էր տեղեկացնել, որ վեհաժողովի 11 պատվիրակությունները, որոնց թվում՝ Ռուսաստանը, ավելի վաղ համաձայնություն են տվել, որ վեհաժողովն առանձնանա նախարարների խորհրդից եւ դառնա ինքնուրույն ու նաեւ քաղաքական կառույց։



Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահությունը դեկտեմբերի կեսերից 6 ամսով կստանձնի Հայաստանը։ «ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում էլ նախագահությունն անցնելու է Հայաստանին: Այս ուղղությամբ մենք իսկապես շատ մեծ աշխատանք ունենք անելու»,- հուսադրեց Աղվան Վարդանյանը։ Առիթը բաց չթողնելով՝ հայկական պատվիրակության ներկայացուցիչները դասեր տվեցին լրագրողներին՝ կատարվածը ոչ հայանպաստ լուսաբանելու եւ իրենց «հարվածի տակ» դնելու համար։ Սակայն չէր խանգարի, որ այս ամենից դասեր քաղեին նաեւ իրենք՝ ընդունելով, որ հայկական դիվանագիտությունն ի զորու չէ Արցախի խնդիրը միջազգային բոլոր հարթակներում համաչափ ներկայացնել եւ հաճախ տանուլ է տալիս ադրբեջանական դիվանագիտությանը։



 



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**