Այս սպանությունը վենդետայի հետ կապ չունի

Այս սպանությունը վենդետայի հետ կապ չունի
Վերջին շրջանում Ալավերդին ձեռնոց է նետել կրիմինալին՝ արժանանալով Հայաստանի ամենաքրեականացված բնակավայր տիտղոսին․ մեկը մյուսի ետեւից քաղաքում սպանություններ, առանձնակի ծանր հանցագործություններ են տեղի ունենում։ Կար ժամանակ, երբ Վանաձորը, Գյումրին, Սյունիքն ու Գորիսն էին հավակնում հայկական Սիցիլիայի կոչմանը։ Այժմ այդ քաղաքներում հարաբերական անդորր է, իսկ Ալավերդում արյունալի միջադեպերն ու երկարամյա վենդետաները շարունակվում են։ Ալավերդու հայտնի կլանների միջեւ վերջին բախումն ամիսներ առաջ՝ սեպտեմբերին, տեղափոխվեց Երեւանի կենտրոն՝ Թուֆենկյան հյուրանոցի տարածք, որտեղ մի անձ սպանվեց, մյուսը հայտնվեց հիվանդանոցում։



Նոր վենդետայի սպասումները չէին հասցրել թուլանալ, երբ Ալավերդում երեկ գրանցվեց հերթական դաժան սպանությունը, որը խլել է 30 տարեկան երիտասարդի կյանքը, մեկն էլ վիրավոր է։ Քննչական կոմիտեն հայտնեց․ «Նոյեմբերի 29-ին, ժամը 01։05-ին, Ալավերդու բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ պարանոցի հատվածում կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հայկ Սիրադեղյանի դիակը եւ նույն քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Արմեն Մակոյանը՝ որովայնի շրջանում ծակած՝ թափանցող վերքով։ Հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հ. Սիրադեղյանի սպանության եւ 26-ամյա Ա. Մակոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կասկածյալը ձերբակալվել է»։



Երեկվա միջադեպն ուղիղ կապ չունի Ալավերդու հայտնի վենդետայի հետ, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ այս պատմությունն էլ նոր վենդետայի շղթա չի բացի, քաղաքում կրիմինալ մթնոլորտը նման կանխատեսումների լուրջ հիմքեր է տալիս։ Ոստիկանությունն ըստ էության անգործության  է մատնված, իսկ իրականությունը փաստում է, որ մարզի ու քաղաքի ղեկավարությունը ոչ միայն քայլեր չի անում մթնոլորտն առողջացնելու ուղղությամբ, այլեւ կարծես ճիշտ հակառակն է անում։ Ստանձնելով այս կամ այն կողմի հովանավորչությունը՝ անպատժելիության մթնոլորտ են ձեւավորում ու հող ստեղծում պոտենցիալ հանցագործների համար։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգուտակն էր ասպատակում Սյունիքի մարզն ու մնում անպատիժ, կամ Վարդան Ղուկասյանի մերձավորները՝ Շիրակում ու հատկապես Գյումրիում։ Հիմա, երբ նրանք խաղաղվել են, պակասել է նաեւ այդ բնակավայրերի քրեական քրոնիկոնը։ Ի դեպ, սեպտեմբերին Թուֆենկյանի մոտ հնչած կրակոցներից շաբաթներ հետո փոխվեցին նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետը եւ նրա տեղակալը։ Թեեւ երեկվա պատահարն ասում է, որ նոր ղեկավարությունը՝ քաղաքապետ-ոստիկանապետ, դեռ չի վերահսկում իրավիճակը։



Երեկ, սպանության լուրը հայտնի դառնալուն պես, փորձեցինք զրուցել նորընտիր քաղաքապետ **Սարգիս Խեչումյանի** հետ, որը նախընտրական շրջանում մեզ խոստացել էր առողջացնել Ալավերդու բարոյահոգեբանական մթնոլորտը, ամեն ինչ անել, որ արյունալի միջադեպերը քչանան։ Սակայն իր ղեկավարած քաղաքում գիշերը կատարված երիտասարդի սպանության մասին Խեչումյանին հայտնի էր այնքան, որքան մամուլին։ Մինչդեռ կատարվել է սպանություն, եւ խլվել է 30 տարեկան երիտասարդի կյանքը։ «Ես էլ ընդամենը գիտեմ այդքանը»,- սառնասրտորեն հակադարձեց քաղաքապետը՝ ասելով, որ զրույցը չի կարող շարունակել, քանի որ անհարմար տեղում է։



Լոռվա մարզպետ **Արթուր Նալբանդյանն** էլ, ինչպես նախորդ սպանության մասին, մեզնից իմացավ դեպքի մասին, հարցուփորձ արեց՝ ում են սպանել, ինչպես։ Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու են Լոռու մարզում նման դեպքերը հաճախակի դարձել, Նալբանդյանը մուննաթ եկավ․ «Շատ կներեք, ես ասում եմ՝ տեղյակ չեմ, Դուք զանգել եք, ինձ հարցեր եք տալիս, երեւի թե ճիշտ հասցեով զանգեք, զանգեք ոստիկանություն»։ Նշենք, որ Նալբանդյանին զանգահարել էինք ոչ այնքան այն պատճառով, որ նա Լոռվա մարզպետն է, այլ այն, որ իր անունը կապվում է հակամարտող կլանների հետ, եւ ոմանք վենդետայի մեջ նրա պատասխանատվությունն էլ են տեսնում։



Լոռու մարզի ոստիկանության Թումանյանի բաժնի պետի օպերգծով տեղակալ **Աշոտ Տիտանյանից** հետաքրքրվեցինք կատարվածի հանգամանքների, սպանության գործիքի ու դրդապատճառների մասին։ Նա խոստացավ հայտնել այդ մասին նախաքննության ավարտից հետո։ Հետաքրքրվեցինք, թե ինչու չի հաջողվում իրավապահներին վերահսկել իրավիճակը, զսպել քրեական տարրերին, վերջ դնել վենդետաներին։ «Ուրեմն ասեմ, որ սա ընդհանրապես վենդետայի հետ կապ չունի, այդ խմբավորումների հետ ընդհանրապես կապ չունի, հարեւաններ են, ընկերներ, մի շենքի բնակիչներ, նստել են հացկերույթի, եղել է մի հիմար պատմություն»։ Տիտանյանն ասաց, որ ոչ մեկն էլ նման դեպքերից ապահովագրված չէ․ «Իսկ ես կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք օպերատիվ իրավիճակը վերահսկել, որպեսզի նման իրավիճակից խուսափենք։ Ես համոզված եմ, որ մենք բոլոր տարրերին էլ կոնտրոլի տակ կպահենք»։

Մենք պարզեցինք, որ Ալավերդում երեք երիտասարդների մասին էլ լավ են խոսում, նրանցից ոչ մեկը նախկինում աչքի չի ընկել  վտանգավոր վարքով, թե ինչն է եղել սպանության դրդապատճառը, կպարզի նախաքննական մարմինը։



 



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**