Եթե ես էլ լինեի ուսանող, անպայման կմիանայի նախաձեռնությանը․ 25-ամյա զինվորը՝ տարկետման դեմ պայքարի մասին

Եթե ես էլ լինեի ուսանող, անպայման կմիանայի նախաձեռնությանը․ 25-ամյա զինվորը՝ տարկետման դեմ պայքարի մասին
Բուհական տարկետման վերացման դեմ պայքարն ու քննարկումները շարունակում են կարմիր թելի պես անցնել հայկական լրահոսով։ «Հրապարակը» հարցի առնչությամբ զրուցել է տարատեսակ կարծիքներ ունեցող պաշտոնյաների, դասախոսների, ուսանողների հետ։Սակայն այս անգամ մեր զրուցակիցը Հովհաննես Վարդանյանն է, ով ծառայում է ՀՀ զինված ուժերում և ակտիվորեն հետևում իրադարձությունների զարգացմանը։ Հովհաննեսը 25 տարեկան է, 4 ամիս է, ինչ զորակոչվել է, մագիստրոս է․ ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերից մեկը։ Բուհական տարկետման վերացման հարցի առնչությամբ էլ հետևողական է, քանի որ ինքն էլ ժամանակին օգտվել է տարկետման իրավունքից։ Եվ քանի որ նույն արտոնությամբ ասպիրանտուրա ընդունվել չի ստացվել, զորակոչվել է։



«Ես տարկետման իրավունքի վերացման առնչությամբ երկու տեսակետ ունեմ արտահայտելու: Նախ՝ տարկետում պետք է տրվի, քանի որ այն լուրջ խթան է գիտությամբ զբաղվողների համար: Մարդիկ, ովքեր ընտրել են գիտության ճանապարհը, այս երկրի համար կարող են անել ավելին, բայց գաղտնիք չէ նաև, որ շատերն ընտրում են գիտության ճանապարհը, որպեսզի խուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից: Փաստ է նաև, որ նրանցից շատերը հետագայում այդպես էլ գիտական գործունեությամբ չեն զբաղվում կամ լքում են հայրենիքը: Պետք է ընտրությունը ճիշտ կատարվի: Բացի այդ, նա, ով երազում է գիտնական դառնալու մասին, նա կարող է իր նպատակին հասնել նաև իր երկամյա ծառայությունից հետո: Մի բան ակնհայտ է` մեր բանակին պետք են նաև կրթված և գրագետ զինվորներ, ովքեր բանակաշինության գործում կունենան իրենց լուրջ դերակատարումը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ծառայությունից հետո ես շարունակելու եմ զբաղվել գիտական գործունեությամբ: Այդ ուղղությամբ շատ պլաններ ունեմ: Հեղինակ եմ չորս գիտական հոդվածի: Մյուսները կգրվեն 1.5 տարի անց։Ես պատվով և մեծ հպարտությամ եմ կատարում իմ առջև դրված ներկայիս խնդիրը»,- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնում Հովհաննես Վարդանյանը։



Մեր հարցին՝ ձեր պարագայում կրթության ընդհատությունը խոչընդոտ չի՞ դառնալու հետագայում ուսումը շարունակելու համար, պատասխանեց․ «Չեմ կարծում, քանի որ լուրջ պլաններ ունեմ այդ ուղղությամբ: Անելու եմ հնարավորը` նպատակիս հասնելու համար: Ճիշտ է, թեև երկու տարով պլաններդ հետաձգվում են, այնուամենայնիվ չպետք է մոռանալ նաև, որ դու տվյալ ժամանակահատվածում մեկ այլ կարևոր խնդիր ես կատարում: Այն է` հայրենիքի պաշտպանությունը։ Ծառայությունիցս հետո պատրաստվում եմ ընդունվել ԵՊՀ ասպիրանտուրա: Ցանկանում եմ վեր հանել արդի հայ մամուլում առկա խնդիրներն ու բացթողումները»:



Հետաքրքրվեցինք, թե ուսանողների դասադուլին հետևո՞ւմ է, նրանց հիմնավորումներին ծանո՞թ է, ինքը կմիանա՞ր դասադուլին, եթե այժմ ասպիրանտուրայում շարունակեր ուսումը՝ ծառայության փոխարեն։ «Մի քանիսին՝ այո, ծանոթ եմ: Շարժումը շատ բնական եմ համարում», -նշում է Հովհաննեսը, ապա՝ հավելում․ «Եթե ես էլ լինեի ուսանող, անպայման կմիանայի այդ նախաձեռնությանը: Կարծում եմ` այն պսակվելու է հաջողությամբ, հակառակ պարագայում ուսանող երիտասարդությունը չի հաշտվելու նոր օրինագծի պահանջների հետ»:



**Վով Մուշեղյան**