Անկախ խորհրդի նախագահի կուսակցական պատկանելիությունից՝ ես պաշտպանելու եմ կրթության շահերը

Անկախ խորհրդի նախագահի կուսակցական պատկանելիությունից՝ ես պաշտպանելու եմ կրթության շահերը

Կառավարության որոշմամբ՝ Կրթության տեսչության փոխարեն ստեղծվում է կրթության տեսչական մարմին՝ հաշվետու վարչապետին։Ստեղծվող տեսչական մարմինը ԿԳ նախարարության համակարգում գործող առանձնացված ստորաբաժանում է, որը իրականացնելու է մասնավորապես վերահսկողական գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառելու է պատասխանատվության միջոցներ կրթության բնագավառում:



Տեսչական մարմինը կառավարելու է տեսչական մարմնի կառավարման խորհուրդը՝ կազմված ինն անդամից, որոնք ներկայացնելու են տարբեր գերատեսչություններ:
Խորհրդի անդամ է նաեւ «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության տնօրենի կրթության գծով խորհրդական Անահիտ Բախշյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԳՆ տեսչության կառավարման խորհրդի անդամների հայտարարություն է եղել, որով հրավեր է եղել հայտ ներկայացնել խորհրդի անդամի համար, կարդացել է եւ որոշել հայտը ներկայացնել․ «Ինքս որոշեցի, որ իմ թեկնածությունն էլ եմ առաջադրելու, քանի որ «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության տնօրենի կրթության գծով խորհրդական եմ։ Մեր կազմակերպությունն իմ հայտը ներկայացրեց, ուղարկեցին, եւ ես էլ զարմացա, բայց հայտնվեցի այդ ցուցակում»։



Հարցին՝ ինչպե՞ս է աշխատելու խորհրդի նախագահ դաշնակցական Լեւոն Մկրտչյանի հետ, տիկին Բախշյանը պատասխանեց․ «Անկախ խորհրդի նախագահի կուսակցական պատկանելիությունից, պաշտոնից, ես այս խորհուրդում աշխատելու եմ պաշտպանել միայն ու միայն երեխայի կրթության իրավունքը, մանկավարժների եւ կրթության որակին ուղղված ճիշտ քայլերի շահերը։ Իսկ կրթության ոլորտում այսօր այնքան խնդիրներ կան, որ տեսչությունը կարող է շտկել, կարող է ճիշտ վերահսկողությամբ բերել օրինական դաշտ։ Իսկ որ այստեղ շատ անօրինակություններ կան՝ պայմանավորված տարբեր թե անձերով, թե քաղաքական որոշումներով, թե օրենքը շրջանցելու իրենց փորձով այդ բոլորի հետ կապված հարցերին, եթե կլինեն խախտումներ, ես սկզբունքորեն դեմ եմ լինելու։ Այսինքն՝ նորից եմ կրկնում, պաշտպանելու եմ կրթության շահերը»։



Անահիտ Բախշյանի խոսքով՝ խորհրդի 9 անդամներից մի քանիսին ճանաչում է եւ չի կարծում, որ խորհրդի անդամների մեջ չեն լինի մարդիկ, որոնք իր հետ միասին կրթության շահերը չեն պաշտպանի․ «Կունենամ անպայման համախոհներ, «Դասարան» կրթական ծրագրի Ալոյան Սուրենին նույնպես ճանաչում եմ, Թումոյի փոխտնօրենը, «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի գործունեությանը շատ լավ ծանոթ եմ եւ գիտեմ իրենք ինչ են անում, իհարկե, գլխավոր տնօրենին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ իրենք նույնպես կրթության շահերով են առաջնորդվելու։ Ի վերջո, եթե ոչ մեկ ինձ համախոհ չլինի, ինչի վերաբերյալ կասկածում եմ, ես միեւնույն է պաշտպանելու եմ կրթության շահերը եւ այդ մասին անպայման բարձրաձայնելու եմ, եթե այնտեղ տեսնեմ կրթության շահերին հակառակ կայացվող որոշման ընդունում»։



Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ վարչապետի հրամանով ձեւավորվել է կրթության տեսչական մարմնի կառավարման խորհուրդ, որը մեկ շաբաթում կներկայացնի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությունը։ Դատելով նրանից, որ խորհուրդը բավականին արագ ձեւավորվեց, թեկնածուն հաստատվել է։ «Մեր տեղեկություններով, նա Լոռվա մարզի Ջիլիզա գյուղից սերող «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանն է՝ լայն հանրությանն անհայտ անձ, որին արդեն ներկայացրել են նախարարին, ով թեեւ կառավարման խորհրդի նախագահն է, բայց պետի նշանակման հարցում ձեռնպահ է մնացել՝ դա թողնելով վարչապետին։ Այս թեկնածության շուրջ տարակուսած են նաեւ նախագահականում, բայց, ըստ ամենայնի, երիտասարդը կնշանակվի»,-գրել էր թերթը։