Լապշինին փոխանակում են ԱԹՍ-ներով

Լապշինին փոխանակում են ԱԹՍ-ներով

Իլհամ Ալիեւը ներում է շնորհել Ալեքսանդր Լապշինին: Ուշագրավ է, որ այդ մասին տեղեկատվությունը տարածվել է նույն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Իսրայել: Ինչպես հայտնի է, Իսրայելի պաշտպանության նախարարությունը ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառելու գործարքը: Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցի համար բարենպաստ ֆոն ստեղծելու նպատակով էլ, ամենայն հավանականությամբ, Ալիեւը Լապշինին ներում շնորհելու որոշում է կայացրել: Ստացվում է, որ Ադրբեջանը որոշակի հիմքեր ունեցել է նման քայլի գնալու համար: Ըստ երեւույթին, Լապշինի գործում տեղի է ունեցել անսպասելի զարգացում, որովհետեւ անցյալ շաբաթ Ադրբեջանի արդարադատության նախարարը հայտարարել էր, որ նրան արտահանձնելու հարցով որեւէ միջնորդություն չի ստացվել: Ակնհայտ է, որ Լապշինին ներում շնորհելու որոշումը կայացվել է քաղաքական նկատառումներից ելնելով: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանի պաշտպանության նախարարը կհանդիպի իսրայելցի գործընկերոջ հետ, կայցելի ռազմաարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ:



Հասկացվում է, որ նա փորձելու է պարզել ԱԹՍ-ների մատակարարման հարցում առաջընթացի հնարավորությունը: Նույն օրը Լապշինին ներում շնորհելն այդ իմաստով քարտ-բլանշ է Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանին, որը նա կօգտագործի քաղաքական ընդդիմախոսների, այն շրջանակների դեմ, որոնք դեմ են Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմատեխնոլոգիական սերտ համագործակցությունը: Եթե այս հանգամանքն աշխատի, եւ Լիբերման-Հասանով բանակցությունների արդյունքում իսրայելական սպառազինություններն Ադրբեջան մատակարարելու նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ապա կնշանակի, որ Ադրբեջանը Լապշինին փոխանակում է իսրայելական ԱԹՍ-ներով: Եւ հասկանալի կդառնա, թե ինչու էր ադրբեջանական մամուլն աղմկում, որ Լապշինին կարտահանձնեն ոչ թե Ռուսաստանին, այլ միայն՝ Իսրայելին: Երեւի սպառազինությունների շուրջ բանակցություններում Ռուսաստանի հետ ինչ-որ հարցում համաձայնություն չի ստացվում:



Այսպիսով իրականություն է դառնում դեռեւս Լապշինի դատավարության ընթացքում հնչած տեսակետը, որ Ադրբեջանի համար որեւէ մեկի Արցախ այցելելը սկզբունքային նշանակություն չունի, եթե դրանից քաղաքական եւ այլ շահ չի հաջողվում հետապնդել: Բաքուն հերթական անգամ փորձում է իրավիճակն առավելագույնս օգտագործել: Իսրայելում, հավանաբար, նույնպես կօգտագործեն Լապշինի գործը՝ հաղթահարելու Ադրբեջանին ԱԹՍ-ների վաճառքի ժամանակավոր արգելքը:



Վահրամ Աթանեսյան