Գործարանում պայթյունի հետեւանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ

Գործարանում պայթյունի հետեւանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ

Ինչպես հայտնել էինք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետեւանքով կան տուժածներ: Մեզ հաջողվեց պարզել, որ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածները տեղափոխվել են Աբովյանի ԲԿ: Աբովյանի բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ գործարանի պայթյունի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 2 հոգի. «Գառնիկ Բաղդասարյանն ունի կոտրվածքներ, մեզ մոտ է, իսկ Արտավազդ Ղարիբյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, վիճակը գնահատվում է միջին ծանրության»: 



Փորձեցինք գործարանի աշխատակիցներից իմանալ, թե ինչի հետեւանքով է տեղի ունեցել պայթյունը: Բազմաթիվ զանգերից հետո, երբ վերջապես պատասխանեցին հեռախոսին, լսելով, որ մեր հարցը վերաբերում է պայթյունին, նշեցին, որ չեն կարող տեղեկություն տալ եւ անջատեցին հեռախոսը:



Ի դեպ, գործարանի պայթյունի մասին Աբովյան քաղաքում չեն խոսում, անգամ զարմացած ասում եմ՝ «ինչ պայթյուն է եղել, մենք ձեզանից ենք լսում»: Մեզ հասած տեղեկություններով՝ գործարանի կաթսայատանը տեխնիկական աշխատանքների ժամանակ գազի արտահոսքի հետեւանքով է  պայթյուն եղել:



Ինչպես հայտնել էինք, սեպտեմբերի 25-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:Շրջանառվող լուրերի համաձայն՝ գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) եղբորը։



Նելլի Կարապետյան