Մե մշակութային անձնավորություն

Մե մշակութային անձնավորություն

Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից օրեր առաջ տեղեկացանք, որ լույս է տեսել իրավաբանական գիտությունների դոկտոր Աղվան Հովսեփյանի հեղինակած «Մատյան ողբերգության աղոթարանի իրավաբանական ընթերցումը» գիրքը։ Ուսումնասիրությունը նվիրված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության իրավաբանական հատույթի ուսումնասիրությանը: «Մինչեւ օրս Գրիգոր Նարեկացու Մատյանն ուսումնասիրել են բանասերները եւ լեզվաբանները, փիլիսոփաները եւ աստվածաբանները, սակայն, որքան էլ զարմանալի է, իրավաբանները երբեւէ չեն անդրադարձել այդ անզուգական կոթողին: Կարծում ենք՝ այս ուսումնասիրությունը հաճելի անակնկալ է ե՛ւ նարեկացիագետների, ե՛ւ իրավագետների համար: Աշխատությունը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մեկնաբանություններից տեղեկանում ենք, որ աշխատությունը վաճառքում չկա, բայց շուտով էլեկտրոնային տարբերակը հասանելի կլինի համացանցում:



Ի դեպ, նախկին գլխավոր դատախազ, այժմ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը բավականին մշակութային էակ է՝ զբաղվել է նկարչությամբ, լուսանկարչությամբ, եկեղեցի է կառուցել, տառերի պուրակ եւ խաչ՝ Ապարանում։ Ոմանք կարծում են, որ նա սխալ է ընտրել իր մասնագիտությունը՝ շատ ավելի օգտակար կլիներ մարդկությանը, եթե արվեստագետ դառնար։ Նրա «Թթենիներ», «Կարմրավոր» կտավների վերատպությունները ներառվել են մանկության ընկերոջ՝ Սերգեյ Հարությունյանի «Ուրախ հոգեհանգիստ» բանաստեղծությունների գրքում: Մասնագիտական գրքերից բացի, տպագրել է նաեւ «Քրեագիտական համառոտ բառարան», «Դատախազական հսկողությունը Հայաստանում», «Խուլիգանության պատճառներն ու նախականխումը», «Դատախազական գործունեությունը եւ խուլիգանության դեմ պայքարի հիմնախնդիրները»։ Հրապարակել է նաեւ «Քեզ համար։ Մորս հիշատակին» ալբոմը: