Էս ի՞նչ ենք անում

Էս ի՞նչ ենք անում

Կա ՊՊԾ գործ, որ հասել է դատարան: Այդ գործին որեւէ բան ավելացնել, որակումներ տալ, դրա հետեւում կանգնած մարդկանց արարքը որեւէ կերպ գնահատել չեմ ցանկանում: Դա իմ գործը չէ, առավել եւս՝ դուրս է իմ բոլոր չեղած իրավասություններից: Բայց մի բան կարող եմ ասել. այն օրվանից, երբ կալանավորումից հետո առաջին անգամ «Սասնա ծռերին» բերեցին դատարան, առանց այն էլ մեր ոչ հաճելի կյանքը վերածվել է իսկական դժոխքի: Տպավորություն է ստեղծվում, որ խնդիրը «ծռերին» դատել-չդատելը չէ, այլ մարդկանց նյարդերը մինչեւ վերջ սղոցելը, նրանց գժանոցի դուռը հասցնելը: Էս ի՞նչ ենք անում:



Իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, որ դատական նիստերի տապալման գլխավոր հերոսները փաստաբաններն են: Նրանք հենց նիստի մեկնարկին կռիվ են գցում, լեզվակռվի բռնվում նիստի մյուս մասնակիցների հետ, ոգեւորում իրենց պաշտպանյալներին, դատավորն էլ ընդմիջում է անում կամ հայտարարում, որ նիստը փակվեց, կշարունակվի այսինչ օրը: Եվ ամեն օր թերթերն ու կայքերը ժրաջանորեն այս կրկեսը պտտում ու վերապտտում են տանը, տրանսպորտում, աշխատանքի վայրում, ամենուր, որտեղ կա թեկուզ մեկ հատիկ ականջ: Նույն բանն է տեղի ունենում թե Ժիրայր Սեֆիլյանի, թե «Սասնա ծռերի» գործերով դատավարությունների ժամանակ:



Փաստաբաններն իրենց սեւ գործն սկսում են բողոքներով, թե իրենց փորձել են մինչեւ նիստերի դալիճ մտնելը խուզարկել` բացել պայուսակները: Բայց, դատելով քննվող գործերի բնույթից եւ հնչեղությունից, դա նույնիսկ նորմալ է: Եվ եթե փաստաբանը լուրջ ճակատամարտի է պատրաստվել, ապա նրա համար պայուսակի պարունակությունը հսկիչներին ցույց տալն այդպիսի բախտորոշ բան չպետք է լինի: Փաստաբանը կասկածից դուրս կամ անձեռնմխելի անձ չէ, որ նրան չստուգեն:



Եթե չեմ սխալվում, քննվում է քրեական գործ, կան լրջագույն մեղադրանքներ: Ո՞րն է փաստաբանի դերն այդ դեպքում` հասնել իր պաշտպանյալի արդարացմանը կամ նրա նկատմամբ առավելագույնս թեթեւ մեղադրանքների ամրագրմանը: Սակայն մեր փաստաբաններն այսօր զբաղված են դատավարությունները տապալելով: Ըստ երեւույթին, նրանց նպատակը բոլորովին այլ է` գործընթացի քաղաքականացումը, չնայած, որ քննվող գործերում քաղաքական մեղադրանքներ չկան: Եթե նման մի իրադարձություն տեղի ունենար ԱՄՆ-ում, վստահեցնում եմ, ոչ միայն քաղաքական մեղադրանքներ չէին լինելու, այլեւ եղած մեղադրանքների պոչից ահաբեկչության հոդված էին կախելու, էլ չեմ ասում, որ մեկ ամիս էլ չէին սպասելու, որ տղերքն ինքնակամ հանձնվեին: Ասել, որ մեր փաստաբաններն այսքանը չեն հասկանում, ու չիմացությունից է, որ կռիվներ են սարքում, ճիշտ չի լինի:



Եվ ապա` այս ամենն այնքան է նմանվել կրկեսի, որ մարդկանց թվում է, թե ներկայացում են դիտում: Ի՞նչ պետություն, ի՞նչ ղեկավար, ի՞նչ բան: Կարեւորվել է թամաշան, իսկ երբ հենց թամաշան է կարեւորվում, մնացած ամեն ինչ մղվում է երկրորդ պլան:



Ախպեր, էգուց դատ կա, էթանք մի քիչ շվցնենք, մլիցեքին քրֆենք, գանք… Ուրիշ բան չասեմ` չորս ընտանիք է առանց կերակրողի մնացել: Հարգելի փաստաբան, առաջինը հենց քեզ եմ հարցնում` ո՞վ է պատասխան տալու: Դե ուրեմն վերջ տվեք թատրոնին: Չի կարելի բացառել նաեւ, որ ինչ-ինչ շրջանակներ հիմա փորձ են անում այսկերպ նշանավորել ՊՊԾ գնդի գրավման առաջին տարելիցը: Սկզբունքորեն կարելի էր դատական նիստերը մարզադաշտերում կազմակերպել. թե աղմուկն ավելի մեծ կլիներ, թե թափանցիկությունը՝ ավելի շատ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ