Տարոն Մարգարյանը շնորհավորել է Լիոնի նորընտիր հայազգի քաղաքապետին

Տարոն Մարգարյանը շնորհավորել է Լիոնի նորընտիր հայազգի քաղաքապետին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի գործընկեր քաղաք Լիոնի հայազգի նորընտիր քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:



Ուղերձում մասնավորապես ասված է.



«Իմ շատ հարգելի գործընկեր,
Երևանի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և Ձեր պատասխանատու բարձր պաշտոնում մաղթում եմ հաջողություն՝ ի շահ Լիոնի քաղաքացիների:



Վերջին տարիներին մեր երկու քաղաքապետարանները միասին բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, և ես բարձր եմ գնահատում Ձեր դերը Լիոն քաղաքի հետ մեր կապերի խորացման գործընթացում: Եվ, վերահաստատելով մեր երկու քաղաքների միջև առկա համագործակցային և բարեկամական կապերի ամրապնդման ու ընդլայնման հարցում իմ պատրաստակամությունը, Ձեզ հարմար ժամանակահատվածում սիրով հրավիրում եմ այցելել Երևան, ուր Դուք միշտ սպասված եք»: