Հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը Վահան Քերոբյանի համար փիառի հնարավորություն է

Հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը Վահան Քերոբյանի համար փիառի հնարավորություն է

Ֆրանսիայում անցկացվելիք տնտեսական համաժողովի մասին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա «ՓիԱր» ծառայությունը խոսում են դեռեւս 2021 թվականի դեկտեմբերից։ Այն ժամանակ Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն նոր էր նշանակվել, եւ Քերոբյանը, նրան ընդունելով, նույնիսկ ինչ-որ ճանապարհային քարտեզի մասին էր խոսում, որը, իբր, խորացնելու է Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները, եւ շահագրգռում էր, թե անձամբ է մասնակցելու այդ ժողովին։

Խորացնել կարելի է այն հարաբերությունը, որը կա, իսկ թե ինչպես խորացնել չեղած հարաբերությունները, որն ունենք Ֆրանսիայի հետ տնտեսական համագործակցության ոլորտում, Քերոբյանը չի ասել։ 2023-ի փետրվարի սկզբին նա կրկին ընդունել է Ֆրանսիայի դեսպանին ու ազդարարել, որ մասնակցելու է «առաջիկայում կայանալիք Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին»։ Եվ ահա եկավ սպասված օրը՝ փետրվարի 24-ը։ Քերոբյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակության հետ մեկնեց Փարիզ ու մասնակցեց բաղձալի համաժողովին, իսկ համապատասխան պաշտոնական տեղեկատվությունը Ֆեյսբուքում դրվեց գովազդի տակ, այսինքն՝ որոշակի վճարի դիմաց նախարարի մասնակցության վերաբերյալ հրապարակումը սկսեց տարածվել որպես գովազդային նյութ եւ ահագին լայքեր հավաքեց։ «Միջոցառման ընթացքում հայ եւ ֆրանսիացի գործարարները հնարավորություն են ունեցել ծանոթանալու միմյանց գործունեությանն ու արտադրանքին, ինչպես նաեւ հաստատել նոր գործարար կապեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, նախարարների վճարովի «փիառվելը» նոր երեւույթ է մեր պաշտոնյաների մոտ։ Նույնն անում է, օրինակ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ գովազդելով իր աշխատանքային հանդիպումները։ Սակայն վերադառնանք հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին։ Հայկական պատվիրակությունը փետրվարի 26-ին վերադարձել է Երեւան։

Քանի՞ հոգի են Ֆրանսիա գնացել, եւ որքա՞ն ծախս է կատարվել բյուջեից՝ նախարարությունից դեռ չեն ասում, բայց խոստացել են ճշտել։ Միայն հայտնում են, որ պատվիրակության մաս է կազմել նաեւ «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը, որի մի խումբ աշխատակիցներ եղել են պատվիրակության կազմում։ «Կենտրոնն այդ նախարարության մասն է, եւ իրենց աշխատակիցների համար ծախսերն իրենք են վճարել։ Դրա համար պատվիրակությունը մեծ է եղել, բայց ոչ բոլորն են եղել նախարարության աշխատողներ»,- հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից՝ գործուղման ծախսերի վերաբերյալ հարցը պարզաբանելու փոխարեն։ Ավելի անհասկանալի է, թե ինչու ենք հենց Ֆրանսիայի հետ որոշել տնտեսական կապեր զարգացնել։ 
2022 թվականին, ըստ պաշտոնական վիճակագրության, հայ-ֆրանսիական առեւտուրը կազմել է 122 մլն դոլար։ Դա Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 0,85 տոկոսն է։ Եթե սրան գումարենք համագործակցությունը ծառայությունների ոլորտում, ապա մոտ 1 տոկոս է դառնում, ոչ ավելի։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Գերմանիայի հետ առեւտուրը կազմել է 3,8 տոկոս, Իտալիայի հետ՝ 2,4 տոկոս, անգամ Նիդերլանդների հետ մենք ավելի մեծ շրջանառություն ունենք՝ մոտ 2 տոկոսի (1,9 տոկոս): Ռուսաստանի Դաշնության հետ ունեցել ենք մոտ 5 մլրդ դոլարի առեւտրաշրջանառություն։ Ֆրանսիան Հայաստանի արտաքին տնտեսական կապերի ոլորտում 15-րդ տեղում է։ 14 երկրների հետ Հայաստանն ավելի լայն կապեր ունի, քան բարեկամական Ֆրանսիայի հետ։

Կարելի է ենթադրել, որ էկոնոմիկայի նախարարն ինչ-որ զարգացման հեռանկար է տեսնում, մի բան, որ այսօր չունենք, բայց կունենանք վաղը։ Ուսումնասիրելով Վիճակագրության պետական կոմիտեի տվյալները՝ տեսնում ենք, որ տարիների ընթացքում որեւէ զարգացում հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների ոլորտում չենք ունեցել։ Թեեւ Ֆրանսիայում ունենք հայկական մեծ գաղութ, 10 տարի առաջ էլ մեր հարաբերությունները բարվոք չեն եղել։ Մեր ապրանքաշրջանառությունն այս երկրի հետ 10 տարի առաջ էլ բարվոք չի եղել։ 2013-2014 թվականներին ունեցել ենք 70 մլն դոլարի ապրանքաշրջանառություն Ֆրանսիայի հետ, իսկ նախաճգնաժամային տարիներին՝ 2007 թվականին, 60 մլն դոլարի։ Արտահանումը եւս չնչին է եղել եւ զրոյին մոտ թվերով է արտահայտվել, 2-3 մլն դոլարի։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանին հարցրինք, թե արդյոք արժե՞ գումար ծախսել, գործարար կապեր խթանել մի երկրի հետ, որի հետ 10 ու ավելի տարիներ շատ թույլ կապեր ունենք։ «Կարծում եմ, զուտ առեւտրատնտեսական հարաբերությունները հետագայում խորացնելու տեսանկյունից պետք է դիտարկել նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը։ Մեծ հաշվով, եթե այսօր առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացած չեն տվյալ երկրի հետ, դա կարող է նպաստել, որ նույն Ֆրանսիայի գործարար համայնքն ավելի լավ հասկանա մեր տնտեսության կառուցվածքը, բիզնես-հնարավորությունները, ոլորտները, որտեղ որ ներդրումային գրավչություն կա։ Բայց համաձայն եմ, որ, մեծ հաշվով, ծախս-արդյունք հարաբերակցությանը պետք է ուշադրություն դարձնել։ Նախարարությունում պետք է հասկանան՝ այն ռեսուրսով, որը որ ծախսվել է տվյալ այցելության համար, չէ՞ր կարելի արդյոք ավելի էֆեկտիվ գործ անել։ Դրա պատասխանը ես չունեմ, բայց կարծում եմ, որ նախարարությունում բավարար խորությամբ այդ հարցը չեն քննարկել»։

Հնարավո՞ր է, որ քաղաքական ենթատեքստ կա, ուզում ենք մեր բարեկամ Ֆրանսիայի հետ սրանով ավելի մտերմանալ։ «Չեմ բացառում»։ Կառլեն Խաչատրյանը նկատեց նաեւ, որ այսօր Ֆրանսիայից ներդրումներն էլ են պակասել։ «Եթե այն ժամանակվա «Պեռնո Ռիկարի» ներդրումը հանենք, բան չի մնում։ «Օրանժը» մի պահ եկավ, հետո, կոպիտ ասած՝ նեղացրին, ճանապարհեցին, եւ երկու խոշոր կազմակերպություն կա ֆրանսիական՝ «Վեոլիա ջուրն» ու «Պեռնո Ռիկարը»։ Այլ ֆրանսիական խոշոր ներդրում չունենք»,- նշեց տնտեսագետը։