«Հրապարակ». Այս անգամ էլ կալանավայրերը չթարմացան․ ՔԿՀ-ներում հերթական տեղապտույտն է

«Հրապարակ». Այս անգամ էլ կալանավայրերը չթարմացան․ ՔԿՀ-ներում հերթական տեղապտույտն է

Քրեակատարողական հիմնարկների ղեկավարների հերթական փոխատեղումներն են կատարվել, շախմատի լեզվով ասած՝ ռակիրովկաներ։ Վերջինը մեկ տարի առաջ էր՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով։ Որպես կանոն, արդարադատության նախարարները, այս անգամ՝ արդեն Գրիգոր Մինասյանը, համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցնողներին տեղից տեղ են տեղափոխում` իբրեւ թե, որ չսերտաճեն հանցագործ աշխարհի հետ, կոռուպցիոն սխեմաներ չստեղծեն եւ չլճանան: Սակայն աշխատում են դա անելիս ոչ մեկին չնեղացնել։ Այս անգամ էլ նույնն է։ ՔԿՀ-ների պետերից ոչ մեկին առանց գործ չթողեցին, անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տխրահռչակ պետին՝ Աղասի Խաչատրյանին, որը համակարգում հայտնի է որպես Նիկոլի սիրած բերդի պետ, քանի որ «Արթիկի» բերդից դուրս գալիս ուղեկցել է նրան։ 

Հիշեցնենք․ վերջերս «Դատապարտյալների հիվանդանոցում» ծեծի դեպքեր էին արձանագրվել՝ «զոն նայողի» մարդկանց կողմից: 27-ամյա դատապարտյալ էր փորձել կախվել, որին հազիվ էին փրկել։ Պատճառը, ըստ բերդի աղբյուրների, այն էր, որ «զոն նայող» Արտաշը սպառնալիքներ էր տվել նրան` գողական օրենքներին չենթարկվելու համար։ «Հրապարակը» եւս բողոքներ է ստացել դատապարտյալներից՝ հիվանդանոցում տիրող իրավիճակի, Աղասի Խաչատրյանի դաժանության ու կամայականությունների վերաբերյալ։ Նա «Դատապարտյալների հիվանդանոցի»` Ցեբեի պետ էր նշանակվել ընդամենը 1 տարի առաջ, իսկ մինչ այդ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետն էր, որտեղ հիվանդ դատապարտյալների նկատմամբ առանձնակի դաժանություն էր ցուցաբերում, շտապօգնության մեքենաներին ու անձնակազմին թույլ չէր տալիս ներս մտնել: Նրա օրոք բազմաթիվ ինքնավնասումներ էին լինում «Կլորներում»։ Այժմ էլ Աղասի Խաչատրյանից չեն հրաժարվել, նրան ընդամենը տարել են կենտրոնական ապարատ` Քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի պետի պաշտոնն են տվել։ ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը մեզ վստահեցնում է, որ սա ամենեւին էլ պաշտոնի իջեցում չէ, եւ ՔԿՀ պետի ու կենտրոնական մարմնում բաժնի պետի պաշտոնները համազոր են։ Բայցեւայնպես, համակարգի ներսում տիրող մտածողությամբ Աղասի Խաչատրյանի համար սա, իհարկե, իջեցում է համարվում։ 

Ռակիրովկաները բերդերի համակարգում արվում են ամեն տարի՝ փոփոխությունների իմիտացիա ստեղծելու համար։ Սակայն երբեք չի ուսումնասիրվում դրանց արդյունավետությունը։ Մի հիմնարկից պետին հանում՝ մյուս հիմնարկն են տանում, ընդ որում՝ հաճախ հաշվի չի առնվում ՔԿՀ-ների առանձնահատկությունը։ Օրինակ, «Սեւան» ՔԿՀ պետ Գեւորգ Հովհաննիսյանին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ, որտեղ պահվում են կանայք եւ անչափահասներ, իսկ «Աբովյանի» պետ Արմեն Մարտիրոսյանին տարել են «Գորիս» ՔԿՀ, որը չափազանց բարդ տեղամաս է համարվում, որտեղ պահվում են ամենածանր հանցագործները եւ կրկնահանցագործները։  
«Գորիս» ՔԿՀ պետին՝ Մանուկ Պողոսյանին, որը համակարգի հին ու պրոֆեսիոնալ կադրերից է, նշանակել են «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ։ «Վանաձորի» պետ Արսեն Արզումանյանին էլ, որն ընդամենը անցյալ տարվա նոյեմբերի վերջից էր այդ պաշտոնում եւ, փաստորեն, ընդամենը 3 ամսվա պետ էր, տարել են «Սեւան» ՔԿՀ պետ։   

ԱԱԾ մեկուսարանում՝ «Երեւան-Կենտրոնում» էլ են ղեկավար փոխել` արդարադատության գնդապետ Ռուբեն Էդուարդի Խալապյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, իսկ «Երեւան-Կենտրոնում» պետի ԺՊ է նշանակվել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը։ 

Այսպիսով արձանագրենք, որ նոր, թարմ ուժեր այս տարի էլ կալանավայրեր չմտան։ Թե որն է այս փոխատեղումների նպատակը, ՔԿԾ-ում չեն բացատրում։ «Քրեակատարողական ծառայության գործունեությամբ, ինչպես նաեւ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված`պարբերաբար կատարվում են քրեակատարողական հիմնարկների պետերի փոխատեղումներ»,- ասում է ՔԿԾ խոսնակը։ Համարվում է, որ բերդերի պետերի փոփոխությունը պրոֆիլակտիկ նպատակներով է արվում, որպեսզի նրանք մի պաշտոնում երկար մնալով՝ կոռուպցիոն արմատներ չգցեն, սակայն որեւէ դրական տեղաշարժի կամ տեսանելի արդյունքի նման պսեւդոփոփոխությունները չեն բերում։ Համակարգի հին արատները՝ թմրամիջոցների շրջանառություն, մարդու իրավունքների խախտումներ, բուժսպասարկման թերություններ, շարունակում են ծաղկել։