«Հրապարակ». Այդպիսի ղեկավարը կա՛մ տգետ է, կա՛մ՝ դավաճան

«Հրապարակ». Այդպիսի ղեկավարը կա՛մ տգետ է, կա՛մ՝ դավաճան

Փետրվարի 26-ին լրացավ արցախյան շարժման եւ «Ղարաբաղ կոմիտեի» ձեւավորման 35-ամյակը։ «Ղարաբաղ կոմիտեն» արցախյան շարժման ղեկավար մարմինն էր, որն իր առաջ նպատակ էր դրել ՍՍՀՄ կենտրոնական իշխանությունների ուշադրությունը բեւեռել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հայ ժողովրդի պահանջի վրա։ Հետագայում Կոմիտեն այլ նպատակ էլ դրեց իր առաջ` Հայաստանի անկախացումը ԽՍՀՄ-ից։ 1988-ի փետրվարին ստեղծված Կոմիտեն կազմակերպել եւ ղեկավարել է ժողովրդի բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները, ինչպես նաեւ ազդեցություն ունեցել Արցախում զուգահեռաբար ծավալվող պայքարի վրա, պահել կապն արցախցիների եւ այնտեղ շարժումը ղեկավարողների հետ։ 1988 թվականի փետրվարի 26-ին էլ հայտնի գործիչ, արցախյան ծագում ունեցող Իգոր Մուրադյանը հայտարարել է «Ղարաբաղ կոմիտեի» ստեղծման մասին։

«Ղարաբաղ կոմիտեի» կազմը մի քանի անգամ փոփոխվել է: 1988 թվականի մարտին շարժմանը միացել են Դավիթ Վարդանյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը։ Փետրվար-մարտին հրապարակվել է «Ղարաբաղ կոմիտեի» առաջին կազմը՝ բաղկացած 9 հոգուց. Իգոր Մուրադյան, Վաչե Սարուխանյան, Վազգեն Մանուկյան, Համբարձում Գալստյան, Սամսոն Ղազարյան, Աշոտ Մանուչարյան, Գագիկ Սաֆարյան, Զորի Բալայան եւ Սիլվա Կապուտիկյան։ 1988-ի մայիսին Կոմիտեում հակասություններ են առաջացել հին ու նոր անդամների միջեւ։ Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հին կազմն Արցախի վերամիավորումը տեսնում էր որպես Կոմիտեի միակ նպատակ, մինչդեռ այլ անդամներ առաջ էին քաշում նաեւ Հայաստանի անկախացման հարցը։ Մայիսի ցույցերից մեկի ընթացքում Իգոր Մուրադյանը հայտարարել է, որ ժողովուրդը պետք է զինվի, ինչից հետո Կոմիտեն նրան անվստահություն է հայտնել։ Իգոր Մուրադյանը, Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը ու այլք այդ շրջանում հեռացել են Կոմիտեից։

Ձեւավորվել է նոր «Ղարաբաղ կոմիտե», որի կազմկոմիտեի կազմում 11 հոգի էին․ Բաբկեն Արարքցյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գեւորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Վազգեն Մանուկյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Վարդանյան, Լեւոն Տեր-Պետրոսյան: Հենց այս կազմն էլ երկար տարիներ գործել է եւ հայության հիշողության մեջ մնացել որպես պատմական «Ղարաբաղ կոմիտե»:

1988-ի փետրվարի 26-ին Հայաստանում դադարեցվում են ցույցերը, իսկ մեկ օր անց Ադրբեջանից լուրեր են ստացվում, որ սկսվել են Սումգայիթի ջարդերը` մարդկանց ուղղակի սպանում են հայ լինելու համար։ Լուրը փոթորկում է հայաստանյան հանրությանը, եւ մարդիկ կրկին փողոց են դուրս գալիս: Այդ օրերից անցել է 35 տարի, սակայն Արցախը կրկին շրջափակված է եւ հայաթափման վտանգի ներքո: Եվ շատերն են այսօր ստեղծված իրավիճակը համեմատում 1988-ի իրավիճակի հետ։ Մենք փորձեցինք հիշել «Ղարաբաղ կոմիտեի» պատմությունը եւ հասկանալ` կարո՞ղ է արդյոք պատմությունը կրկնվել, եւ հայությունը նորից կարո՞ղ է ոտքի կանգնել` հանուն Արցախի:

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում խորհուրդ տվեց պատմությունը չփորփրել, այլ նայել առաջ: Իսկ Ղարաբաղի կազմկոմիտեի անդամներից Հրայր Ուլուբաբյանը նմանություն գտավ մեր օրերի եւ անցյալի միջեւ` նշելով, որ այսօր իրավիճակն ավելի ծանր է ու բարդ։ «Նմանություն կա, այն ժամանակ էլ էինք պայքարում Ադրբեջանի դեմ, եւ Արցախն Ադրբեջանից ազատագրելու եւ Հայաստանին վերամիավորելու խնդիր էր, եւ այսօր էլ՝ 35 տարի անց, փաստորեն, հարցը չենք լուծել։ Արցախն Ադրբեջանի կազմում չէր կարող լինել, ամբողջ 70 տարի պայքարել է Ադրբեջանի կազմում լինելու դեմ եւ ազատագրվել է, բայց էսօրվա դրությամբ խնդիրն ավելի ծանր է, ավելի բարդ իրավիճակ է, որովհետեւ ե՛ւ միջազգային հանրությունը, ե՛ւ Հայաստանի ղեկավարությունն արդեն հարցին նայում են այնպես, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Դա պիտի բացառվի, Արցախը պիտի լինի Հայաստանի կազմում»,- ասաց Ուլուբաբյանը։

Նրան հարցրինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ արցախահայությունն Ադրբեջանի կազմում անվտանգ լինի՝ նկատի ունենալով, որ Հայաստանի իշխանություններն այսօր հենց այդ օրակարգով են բանակցում։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ խոսքն արցախահայության իրավունքների մասին է, այլ ոչ Արցախի կարգավիճակի։ «Այսօրվա իշխանությունները, ղեկավարը՝ կոնկրետ, որ մտածում է, թե Արցախն Ադրբեջանի կազմում կարող է մնալ, նա կա՛մ տգետ է, կա՛մ՝ դավաճան: Դա բացառվում է, որ Արցախը նորից մտնի Ադրբեջանի կազմ։ Ամբողջ 100 տարվա ընթացքում Ադրբեջանն իր գոյությունը սկսել է հայերի ցեղասպանությամբ, եւ պետք է ընդունենք, որ Ադրբեջանը Թուրքիայի երկրորդ պետությունն է եւ Արեւմտյան Հայաստանում ցեղասպանություն իրականացնելուց հետո անցել է Արեւելյան Հայաստան։ Մեր ղեկավարներն իրոք կա՛մ տգետ են, կա՛մ էլ դավաճան, եթե, իմանալով, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին իրականացնում է Մեծ Թուրանի ծրագիրը, իսկ այդ Մեծ Թուրանը նշանակում է, որ կա՛մ պիտի հայերին թուրքացնեն, կա՛մ պիտի արտաքսեն, կա՛մ էլ պիտի կոտորեն, հիմա այդ բարեկամական, բարիդրացիական կամ չգիտեմ՝ հարեւանական․․․․, այդ խաղաղության պայմանագիրը գնում է կնքի, բանակցում է նրանց հետ, որ այս 3 պայմանից ո՞րը ստանա։ Թուրքը 100 տարի է՝ այդ մտքից չի հրաժարվել, եւ Ադրբեջանի ղեկավար Ալիեւն ամեն առիթով ասում է, որ Զանգեզուրն ու Երեւանն էլ են իրենցը, պիտի գրավեն։ Ո՞նց պիտի գրավեն, կոտորելով, չէ՞։ Միայն հո Սումգայիթում չի՞ ցեղասպանություն եղել, Նախիջեւանը դատարկելն էլ էր ցեղասպանություն»: