Ձեր գործը շշպռելը չէ

Ձեր գործը շշպռելը չէ

Կարող էին, չէ՞, մի քիչ համեստ լինել` իրենց կենցաղն ու վոյաժները չցուցադրել հանրությանը` հասկանալով, որ կան մարդիկ, որոնց համար սրճարանում պարզ սուրճ խմելն անգամ հասանելի չէ, եւ կան նաեւ մարդիկ, ում տհաճ են «պեռաշկի» ուտելու տեսարանները: Կարող էին, չէ՞, պետության ճակատագրի համար պատասխանատվության տարրական զգացում ունենալ եւ հասկանալ, որ իշխանությունն է, ի վերջո, մեզ հետ կատարվող ամեն լավ ու վատի մեղավորը, եւ եթե մենք պարտություն ենք կրել, զոհեր տվել, կորուստներ ունեցել, ապա ինչքան էլ պողոսներին ուղղված տեքստեր հնչեցնեն` նախկիններին մեղադրելով, գոնե իրենց հոգու խորքում պետք է խոստովանեն, որ իրենք են դրա միակ պատասխանատուն: Կարող էին, չէ՞, ապրումակցել զոհերի հարազատներին, խնայել նրանց զգացմունքները, գիտակցել այն ցավը, որ նրանց պատճառում են իրենց ժպտադեմ ու անդարդ լուսանկարները` այս համատարած ցավի ու զրկանքների ֆոնին:

Կարող էին, չէ՞, հասկանալ, որ Արցախի մեր հազարավոր հայրենակիցներն այսօր նեղ վիճակում են, ոչ միայն զվարճանալու սիրտ ու հավես չունեն, այլեւ իրենց անորոշ ապագան ու Հայաստանից լքվածության զգացումն ուժգնացնում են նրանց տագնապն ու վտանգի զգացումը: Իսկ այդ վիճակի ճարտարապետներն իրենք են: Կարող էին, չէ՞, գիտակցել, որ պետության առաջին դեմքերի գործը շարքային քաղաքացիներին, ընդդիմությանը, իրենց քննադատողներին ծաղրելն ու հեգնելը չէ, ոչ էլ շշպռելն ու վիրավորելը: Մե՛կ արցախցիներին հեգնող, մե՛կ հայրենասերներին ծաղրող, մե՛կ գյուղացիներին դասեր տվող եւ գերմանական գյուղի օրինակը բերող իշխանության ներկայացուցիչն ընդամենը իր անդաստիարակությունն ու անտակտությունն է ի ցույց դնում: Ասում է, որ մեղքի, զղջման պարզ զգացում անգամ չունի, չի գիտակցում սեփական սխալների կործանարարությունը: