Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ համարեց երեք ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքները, ապա մերժեց նույն ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին ընդդիմադիր ուժերի դիմումը: Ընդդիմադիրները կարծում են, որ այս քայլով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հերթական անգամ ապացուցեց, որ շարքային ՔՊ-ական ուսապարկ է եւ ենթարկվում է բացառապես Նիկոլ Փաշինյանին: Ընդդիմությունն այժմ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու նպատակով, բայց մտավախություն կա՝ քանի որ Սահմանադրական դատարանը կազմված է ՔՊ-ականներից, ճիշտ այնպես, ինչպես ԿԸՀ-ն, եւ ոչ օբյեկտիվ ու կողմնակալ դատավորներից, դժվար թե արդար եւ օրենքի տառին համապատասխան որոշում կայացնի: Հիշեցնենք, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո էլ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը դիմել էր ՍԴ` նույն պահանջով, սակայն ՍԴ-ն մերժեց դիմումը, եւ մոռացվեց այդ պրոցեսը: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի հետ:
- Ընդդիմադիր ուժերն այժմ ցանկանում են դիմել Սահմանադրական դատարան: Օրենքը փաստացի պահանջում է, որ կա՛մ նոր ընտրություն նշանակվի, կա՛մ վերաքվեարկություն տեղի ունենա այն ընտրատեղամասերում, որտեղ ընտրությունների արդյունքները չեղյալ էին համարվել, սակայն ՔՊ-ական Վահագն Հովակիմյանն անդրդվելի գտնվեց` կատարելով իշխանության հրահանգը, եւ մերժեց վերաքվեարկություն անցկացնելու պահանջը: ՍԴ-ն այժմ նույն վերաքվեարկության հետ կապված ի՞նչ որոշում կարող է կայացնել, եթե առաջնորդվի օրենքով:
- Այստեղ չի կարող երկրորդ կարծիք լինել: Հայաստանում 2018 թվականից միայն մի օրենք է գործում, դա բեսպրեդելի օրենքն է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենք խախտեց, այդ կառույցը չուներ նման որոշում կայացնելու իրավունք: Ի՞նչ իրավունքով քաղաքացիների ձայները համարեցին չեղյալ ու նոր ընտրություն այդ տեղամասերում չկազմակերպեցին, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն ստացած ձայներով արդեն իսկ անցնում էր խորհրդարան: Նման իրավունք ո՞վ է վերապահել ԿԸՀ-ին` ոչ ոք, բայց, փաստորեն, նման ապօրինի որոշում կայացրին: Այդ արարքը քրեորեն հետապնդելի արարք է: Ինչ վերաբերում է այսօրվա Սահմանադրական դատարանին, ապա այն ձեւավորվել է հակասահմանադրական ճանապարհով, ի՞նչ սպասել նման դատարանից, արդյո՞ք կկայացնի արդար որոշում` օրենքի տառին համապատասխան, ես կարծում եմ, որ ոչ, խիստ կասկածում եմ նրանց անաչառության վրա….
- Այսինքն` կարծում եք, որ ինչպես ԿԸՀ-ն է Փաշինյանի ձեռքի խաղալիքը, այնպես էլ` ՍԴ-ն:
- Հույսը մահանում է վերջում, ամեն դեպքում՝ շանսերը քիչ են, որ ՍԴ-ն արդարության հետքերով կգնա: Այդ դատարանը ձեւավորվել է ապօրինաբար: ՍԴ դատավորներին ապօրինաբար ազատեցին աշխատանքից եւ ինչ-որ մարդկանց ապօրինաբար դարձրին դատավոր ու մտցրին ՍԴ: Իհարկե, այնտեղ լավ մասնագետներ էլ կան, ովքեր իսկապես արժանի են դատավորի կոչմանը, սակայն նրանք կազմում են փոքրամասնություն:
- Եթե մի պահ պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ունենք ազնիվ, արդար, օրենքը պահող ղեկավար, որը չի միջամտում օրենսդիրի գործերին, Սահմանադրական դատարանն այդ պարագայում ո՞ր դեպքում կարող է ընտրությունների արդյունքները չեղյալ համարել եւ նոր ընտրություններ նշանակել:
- Եկեք վերցնենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի հայտարարություններն այն մասին, որ համատարած կաշառք են բաժանել: Այն, որ այդ մարդը սուտասան է, եւ նրան ոչ մի գիտակից մարդ չի հավատում, դա այլ հարց է, բայց որ մարդը նման հայտարարություններ է անում, միայն դա բավարար է, որպեսզի այս ընտրությունները ճանաչվեին անվավեր եւ նոր ընտրություններ նշանակվեին: Ընտրակաշառքների մասին հայտարարությունը, այն էլ՝ մի քանի անգամ, բավականին լուրջ փաստարկ է, սակայն մեր երկրում, փաստորեն, նման ընտրությունները համարվում են արդար ընտրություններ: Ո՞նց կարող է կաշառք բաժանվել, եւ դա չազդի մարդկանց քվեի վրա:
- Այսինքն` կո՞ղմ եք, որ նոր ընտրություններ լինեն:
- Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ ընտրության պարագայում չի ունենա մեծամասնություն: Այս ընթացքում միայն շտաբի պետ Ասրյանը ճիշտ հայտարարություն արեց, ինչի համար իրեն շնորհակալ եմ․ փաստորեն, սրանց մեջ էլ կան ազնիվ մարդիկ: Մարդն ասաց, որ առավոտյան ժամը 8-ից զինվորներին տարել են քվեարկության, սակայն քանի որ շատ են զինվորներին տարել դեսուդեն, նրանք չեն հասցրել երեկոյան 20:00-ին հասնել վերջին տեղամաս, արդյունքում ուշ են հասել:
- Այսինքն` վստահ եք նաեւ, որ ընտրությունները կեղծվել են` իշխանության ձեռամբ:
- Ամբողջությամբ են կեղծվել` Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ:
- Իսկ ի՞նչ եղանակով են կեղծել, տարբեր վարկածներ են շրջանառվում: Արդյո՞ք հնարավոր էր 700 հազար ձայն կեղծել:
- Բազմաթիվ փաստարկներ կան: Եթե մեր երկրում նորմալ իրավապահ համակարգ գործեր, վաղուց բացահայտած կլիներ, թե ինչպես են կեղծվել ընտրությունները, բայց քանի որ չունենք, պատկերը սա է: Միայն այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, ՀՀ անձնագրեր եւ ՀՀ հաշվառում ունենալով Հայաստանում, չեն կարողացել ընտրություններին մասնակցել, միայն այդ մեկ փաստը բավարար է, որպեսզի ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր: Միջազգայնորեն այդ մարդկանց իրավունքները ճանաչված են, ամբողջ աշխարհում ղարաբաղցիները ման էին գալիս ՀՀ անձնագրով, որի մեջ նշված էր բնակության վայրը: Ամբողջ աշխարհը նրանց այդպես ընդունում էր, իսկ հիմա ո՞նց եղավ, որ Հայաստանն ասում է, որ նրանք ՀՀ քաղաքացիներ չեն: Ապօրինություններն այնքան շատ են ու տեսանելի, որ ասելու չէ: