Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 31-ին, ժամը 13։00-ի սահմաններում ծեծկռտուք էր տեղի ունեցել ՔՊ-ականների եւ Նաիրի Հոխիկյանի միջեւ։ Մեզ հետ զրույցում Նաիրի Հոխիկյանը նշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Փարաքար համայնքի Նոյակերտ բնակավայրի իր տան բակում։ Նա պատմել էր. «Զանգեցին ինձ, դուրս կանչեցին, գնացի, սկսեցին մեղադրանքներ, սեռական բնույթի հայհոյանքներ, հրմշտոց, դեպի մեքենան էին հրելով տանում, փորձում էին առեւանգել, սադրում էին, իրենց կողմից սկսվել է ծեծկռտուք, ես միայնակ էի, իրենք՝ 2 հոգով, մեկին էի ճանաչում` Գեւորգ Խաչատրյանն էր։ Իրենք սպառնացել են, որ քանի որ ես իրենց քաղաքական ուժին քննադատում եմ, իրենք թույլ չեն տա, որ ես այստեղ ապրեմ, իմ հարցերը կլուծեն, գյուղից կվռնդեն։ Որից հետո երբ ես ասել եմ, որ չսպառնան, չհայհոյեն, անցել են հարվածների։ Բնականաբար, ես էլ եմ փորձել պաշտպանվել, հարվածել, բայց երբ հասկացել եմ, որ կյանքի համար վտանգավոր գործողությունների են անցնում, նկատել եմ, որ ձեռքն են տանում գրպանը, մեքենայից են ինչ-որ բան փորձում բերել, ես փոքր շարիկով ատրճանակով, կարելի է ասել՝ նույնիսկ խաղալիք, վերցրել եմ ձեռքս, ասել եմ՝ փախեք էստեղից»։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Նաիրի Հոխիկյանը նշեց, որ թեեւ դեպքից ավելի քան 2 շաբաթ է անցել, բայց ինքը գործով վկայի կարգավիճակ ունի, ոչ թե տուժողի։ «Դեռեւս վկաների հարցաքննության փուլում է գործը։ Որովհետեւ հարձակումից անմիջապես հետո հարձակվողները գնացել են ոստիկանություն եւ իմ դեմ հանցագործության մասին հաղորդում տվել։ Այսինքն, իրենք են հարձակվել, բայց իմ դեմ են բողոքել։ Դրա համար դեռեւս վկաների միջոցով փորձում են ճշմարտությունը գտնել»,- ասաց Հոխիկյանը։