Մարդկային գործոնն ու շոգը

Մարդկային գործոնն ու շոգը
Երեքշաբթի,  ժամը 16:30-ի սահմաններում  հրդեհ էր բռնկվել Սյունիքի Դիցմայրի գյուղ տանող ճանապարհի շրջակայքի թփուտներում։ Այրվում էին չոր խոտեր, կոճղեր։ Չնայած հրդեհն այնքան էլ մեծ չէր, բայց կարող էին վտանգվել Սյունիքի մարզկենտրոնի մի մասն ու գրեթե 20 գյուղ: Հրդեհի օջախը "Հայէլցանցերի" "Տաթեւ" մասնաճյուղի ենթակայաններից մեկի մոտ էր: "Եթե հրշեջներն ուշանային, կայրվեին էլեկտրասյուները, մալուխները, ինչու չէ` ենթակայանն ամբողջությամբե"-ասում է ,Հայէլցանցերիե  "Տաթեւ" մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Վարդազար Պապյանը: Էներգետիկները հրշեջների հետ միասին պատահարի վայրում էին: Նրանք անմիջապես հոսանքազրկեցին ենթակայանը, քանի որ հրշեջները հրդեհաշիջման աշխատանքներ կատարեցին ոչ միայն հրդեհի օջախում, այլեւ ավելի մեծ տարածքում: "Ապահովության համար, որպեսզի շոգ եղանակին նորից կրակը չբռնկվի",-ասացին նրանք: Այս անգամ տուժածներ չկան: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ամփոփագրերի համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում արտակարգ պատահարների 51 դեպք է գրանցվել:  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  մեկով պակասել է դեպքերի թիվը: Միայն վերջին մեկ ամսում 33 հրդեհի դեպք է արձանագրվել: Ըստ վարչության պետ Արթուր Հարությունյանի, համարյա ամեն օր հրդեհ է գրանցվել:



Հիմնական պատճառը մարդկանց անզգուշությունն է ու շոգ եղանակը: Երկու շաբաթ առաջ հրդեհ էր բռնկվել Կապանի փակ լողավազանում, ինչի հետեւանքով շինարարական աղբը վառվեց: Հրշեջներին հաջողվեց մարել հրդեհը, իսկ մեղավորը դեռ պարզ չէ: 5 օր առաջ  էլ հերթական հրդեհը Նոր Աստղաբերդ (նախկինում Փայահան) գյուղում էր բռնկվել: Հրդեհը գյուղի բնակելի տներից 100 մ հեռավորության վրա էր: Կրակի բաժին են դարձել շուրջ 25-30 հա արոտավայրեր, թփուտներ: Կապանից եւ Քաջարանից դեպքի վայր մեկնած հրշեջներին, գյուղի բնակիչներին օգնության եկած "Զանգեզուր" արգելոցի աշխատակիցներին  հաջողվեց  մի քանի ժամում մարել  կրակը: Չնայած փրկարարներն ասում են, որ հրդեհի պատճառը մարդկային գործոնն է, գյուղապետ Սուրիկ Թեւանյանի կարծիքով՝ պատճառը շոգ եղանակն է: Նման դեպք երկու տարի առաջ էր եղել:



Արմեն ԴԱՎԹՅԱՆ