Նախընտրական “չիստկա”

Նախընտրական “չիստկա”
Ներքաղաքական զարգացումները պայմանավորված են այն իրողությամբ, որ այսօր տեղի է ունեցել յուրահատուկ ֆալշ-ստարտ: Եթե նախկինում հերթական ընտրություններից մեկ տարի առաջ էին նշմարվում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ, այս անգամ դրանք սկսվել են հերթական խորհրդարանական ընտրություններից 2 տարի առաջ: Այդ ակտիվությունը պայմանավորված է ինչպես ընդդիմության ներկայացրած արտահերթ ընտրությունների պահանջով, այնպես էլ գիտակցումով, որ ընտրությունները, եթե նույնիսկ հերթական չլինեն, պայքարը լինելու է սուր, եւ կա ուժերի օպտիմալ վերադասավորումների անհրաժեշտություն: Ինչպես ցույց տվեցին քաղաքապետի եւ ավագանու ընտրությունները, ցուցակի ձեւավորման խնդիրը բավականին լուրջ է դառնում, եթե խոսքը գնում է բազմաթիվ կուսակցությունների դաշինքի մասին:



Իսկ արմատական ընդդիմությունը ներկայացված է 18 կուսակցություններով: Քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ ստիպված եղավ վիճակահանության միջոցով ձեւավորել ցուցակը՝ սկսած 3-րդ համարից: Այստեղից պարզ է դառնում, որ թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտերում անհրաժեշտ են ձեւաչափերի հստակեցումներ, այն ձեւաչափերի, որով քաղաքական ուժերը նպատակ են դրել մասնակցել ընտրություններին՝ արտահերթ թե հերթական: Վերջին քաղաքական զարգացումները բնութագրվում են արմատական ընդդիմության պասիվ մարտավարությամբ: Որոշ վերլուծաբաններ դա դիտարկում են որպես առավելագույն արդյունավետ մարտավարություն ստեղծված իրավիճակում: Կարծում եմ՝ այդ ինքնագնահատականն արդարացված չէ: Այդ պասիվության ֆոնի վրա գլուխ բարձրացրեց ներքին հաշիվների պարզաբանման անհրաժեշտությունը, ինչի ականատեսը մենք եղանք ՀՀՇ-ի պարագայում: Խմորումներ ես տեսնում եմ նաեւ Կոնգրեսի մաս կազմող այլ ուժերի ներսում, բայց ՀՀՇ-ում դա առավելագույնս ցայտուն երեւաց:  Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես Կոնգրեսի առաջնորդ, կանգնած էր շատ լուրջ խնդրի առջեւ՝ ինչպե՞ս ձեւավորել միասնական նախընտրական ցուցակ խորհրդարանական ընտրությունների համար: Քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից 2 ճանապարհ ուներ: Կամ պետք է կարողանար վերաձեւավորել Կոնգրեսը եւ ավելի օպտիմալ դարձնել, որովհետեւ Կոնգրեսը արդյունավետ ձեւաչափ է նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Կամ հանդես գար այդ ցուցակը թելադրողի դերում: Դրա համար էլ նա կազմակերպեց ներկուսակցական "չիստկա" այնպես, ինչպես 17-րդ համագումարում Ստալինը փորձեց ձերբազատվել իր եւ Լենինի զինակիցներից, նրանցից, ովքեր իրեն նայում էին որպես առաջինը հավասարների մեջ, բայց ոչ որպես կուռքի: Նրանց "նավից դուրս գցեց" եւ սկսեց հենվել հիմնականում երիտասարդ, գյուղական ծագում ունեցող խրուշչովների, վորոշիլովների, կագանովիչների վրա, ովքեր իրեն նայում էին իբրեւ կուռքի: ՀՀՇ-ի "վետերաններն" այսօր ցուցակի ձեւավորման հարցը դարձնելու էին անլուծելի, եւ անհրաժեշտ էր ստեղծել միահեծան ղեկավարվող բուրգի իրավիճակ Կոնգրեսի ներսում, որտեղ կա առաջնորդ, որը գուրուի նման կարող է թելադրել այդ ցուցակը, եւ որեւէ մեկը ծպտուն չի հանի, թե ինչու ցուցակն այսպիսին է եւ ոչ թե այլ: Ըստ էության, Տեր-Պետրոսյանն այն խմորումները, որ կարող էին լինել 2 տարի հետո, որոշեց "սադրել" այսօր, որպեսզի նույն Կ. Ռուբինյանը կամ Ա. Արզումանյանը այն ժամանակ մեծ աղմուկ չբարձրացնեն: Ավելի լավ է այսօր բարձրացնեն, բայց ինքը կարողանա այդ մաքրազարդումների միջոցով ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հոտնկայս ծափահարություններով անառարկելիորեն ընդունվի այն նախընտրական ցուցակը, որն ինքը կընթերցի: Սա ոչ միայն մարտահրավեր է ՀՀՇ-ի հին գվարդիային, այլեւ բոլոր այն կուսակցություններին, որոնք լինելով Կոնգրեսի անդամ՝ տարբերվում են մյուսներից նրանով, որ մինչ այս ներկայացված են եղել ԱԺ-ում (ՀԺԿ, "Հանրապետություն") եւ հավակնություններ ունեն լինելու առաջինը մյուսների կողքին: Լեւոն Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ կա մի առաջնորդ եւ նրան անվերապահորեն ենթարկվող ու հնազանդվող մյուսները:



Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Քաղաքագետների միության նախագահ