Կոռումպացված, վախվորած, ստրկացած Հայաստան

Կոռումպացված, վախվորած, ստրկացած Հայաստան
Վերջերս շատացել են անանուն նամակները (անոնիմկա), որոնցով ուղղակի հեղեղված են լրատվամիջոցները՝ երկրում առկա շպիոնաժից մինչեւ չինովնիկների կաշառակերության մասին տեղեկություններ պարունակող գրերով: Սա խոսում է այն մասին, որ դեգրադացիան մեզ ետ է շպրտել մինչեւ 37 թվական, որ երկրում հաստատվել է վախի մթնոլորտ, որ ռեպրեսիվ իրավիճակը մարդկանց ստիպում է խոսել թաքստոցներից, որ ջրերն այնքան են պղտորվել, որ շատերի "գլխին կարելի է սարքել" ընդամենը մի անանուն նամակ գրելով: Երեկ ստացանք հերթական անոնիմկան՝ ստորագրված "Հայհիդրոէներգոնախագիծ ինստիտուտի մի խումբ կանանցից", հետեւյալ բովանդակությամբ. "Մեր ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Խաչատրյանը պաշտոնապես հայտարարում է, որ չի կարողանում տալ մեր հասանելիք աշխատավարձերը, քանի որ ստիպված ամեն ստորագրության համար 800-ից մինչեւ 1000 դոլար կաշառք է տալիս ՀՀ բնապահպանության նախարարության մի աշխատակցի (այդ աշխատակցի անունն ու պաշտոնը նշված է, բայց զերծ մնալով մարդու անունն ու արժանապատվությունը անհիմն չարատավորելու սկզբունքից ու հաշվի առնելով, որ նամակն այնուամենայնիվ անստորագիր է, նաեւ ՀՀ մի շարք օրենքների պահանջներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, չենք հրապարակում՝ Գ. Ա.):Մեր երեխաները սոված են եւ օրվա հացի կարոտ, իսկ այդ պաշտոնյան, ոչ մեկից չվախենալով, օրը ցերեկով կաշառք է պահանջում: Հակառակ դեպքում այնքան կտանի-կբերի, որ եկած ճանապարհդ կմոռանաս: Նա միտումնավոր ձգձգում է ցանկացած փաստաթղթի ստորագրում եւ առանց վախենալու պահանջում է գումարը: Ծնկաչոք աղաչում ենք ստուգել փաստերը եւ տպագրել թերթում": Վերջում այդ "մի խումբ կանայք" գրել էին բնապահպանության նախարարության պաշտոնյայի բջջային հեռախոսի համարը: Նախ փորձենք հասկանալ նամակի տրամաբանությունը: Եթե Հայհիդրոէներգոնախագիծ ինստիտուտի տնօրենից է այդ "խումբը" դժգոհ, ինչո՞ւ է անոնիմկայով մեզ ուղղում դեպի այն պաշտոնյան, որն ըստ էության իրենց աշխատավարձի հետ ոչ ուղղակի կապ ունի, ոչ էլ անուղղակի, իսկ ահա իրենց իսկ բառերով՝ կաշառատու տնօրենին արդարացնում են: Սա առնվազն տարօրինակ է այն պարզ պատճառով, որ մեկ այլ հիմնարկի միջին էշելոնի չինովնիկին իրենց իրավունքների ոտնահարման մեջ մեղադրում են բոլորովին այլ հաստատության "մի խումբ կանայք":  Այժմ՝ "ծնկաչոք աղերսին" ընդառաջ:



Մենք զանգահարեցինք նրանց նշած հեռախոսահամարով ու հանդիպեցինք "կաշառակեր չինովնիկի" հետ: Ի դեպ, կաշառակերությունը նույնքան ծանր մեղադրանք է, որքան կաշառատվությունը, ու դժվար ապացուցելի: Մինչ օրս մեզ հայտնի նման դեպքերի բոլոր բացահայտումներն իրականացվել են ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ գործողությունների շնորհիվ, ու, բնականաբար, լրագրողի հարցին, թե՝ կաշառք վերցրել կամ տվե՞լ եք, պետք է հնչի "Ի՜նչ եք ասում, դա հերյուրանք է, ես Ձեզանից պատիվ կպահանջեմ"-ի նման մի բան: Բայց բնապահպանության նախարարության չինովնիկը երդում-պատառ կերավ, որ կապ չունի վերոնշյալ ինստիտուտի տնօրենի հետ ու նրան չի էլ ճանաչում այն պարզ պատճառով, որ իր գործունեությունն ընդհանրապես չի առնչվում Հայհիդրոէներգոնախագծի հետ: "Հայհիդրոէներգոնախագիծ" ՓԲԸ-ն ջրօգտագործող չէ, չունի համապատասխան վկայական ու դուրս է բնապահպանության նախարարության պատկան բաժնի վերահսկողության դաշտից: Այդ ՓԲԸ-ն իրականում զբաղվում է հիդրոտեխնիկական կառույցների նախագծմամբ: Իսկ նրա մատուցած "Տարաբնույթ ծառայություններ" ցանկը սկսվում է  հորատման ու թունելների նախագծման աշխատանքներով, վերջանում նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեւակերպմամբ:



Նշենք նաեւ, որ մարդուն կաշառակերության մեջ մեղադրելը նույնպես ծանր մեղադրանք է, բայց արդեն հեշտ ապացուցելի ու պատժվում է քրեական օրենքով:  "Հայհիդրոէներգոնախագիծ" ՓԲԸ տնօրեն Մեսրոպ Խաչատրյանը հիստերիայի մեջ ընկավ, երբ նրան տեղեկացրինք "մի խումբ կանանց ծնկաչոք աղերսի" մասին ու խնդրեցինք պարզաբանել, թե ինչու նրանց աշխատավարձ չի տալիս: Կաշառքի մասը հերքեց մեզ դատի տալու սպառնալիքով: Հետո մեղադրեց դատախազության դերակատության ստանձնելու մեջ: Երբ հիշեցրինք, որ դատախազությունն իրականում պարտավոր է հետաքրքրվել իրենով մեր հոդվածի հիմքերով, կակղեց: Խոստովանեց, որ աշխատավարձ չի տալիս արդեն երկար ժամանակ: Հրաժարվեց ասել, թե որքան երկար:



Նշեց միայն, որ իր պատվիրատուներն իրեն չեն վճարում, դրա համար էլ գումար չկա, որ աշխատավարձ վճարի: Կրկին հրաժարվեց նշել իր պատվիրատուների անունները, պատճառաբանելով, որ դա իր բիզնեսի գաղտնիքն է: "Դուք գնացեք գրեք, որ իմ մեղքով է, որ աշխատավարձ չկա, պարտնյորներն այստեղ կապ չունեն",-թելադրեց Մեսրոպ Խաչատրյանն ու հավելեց. "Գումար կա, գումար կլինի, ես կվճարեմ": Մեր հարցին, թե եթե գումար կա, բա ի՞նչ է արել այդ գումարը, որ աշխատավարձ չի տվել, պատասխանեց. "Դուք արդեն քրեական հարցեր եք տալիս": Հետո մի պահ դադար վերցրեց ու հայտարարեց, որ մեզ գրած նամակը զուգարանի թուղթ է, իսկ ինքն էլ այդքան հեշտ կաշառք տվող մարդ չէ: "Ես ի՞նչ գործունեություն եմ ծավալում, որ մի հատ էլ կաշառք տամ",-տրամաբանեց ինստիտուտի տնօրենը: Բայց կրկին փոխվեց ու խոստացավ, որ երեք շաբաթից կվճարի աշխատողների աշխատավարձը: Հետո կրկին ընկավ անմեղսունակ վիճակի մեջ ու ինձ դուրս արեց իր գրասենյակից:



Փորձեցի լուսանկարել, թաքցրեց դեմքը, ինչպես անում են բռնվածները: Դուրս գալով, բացեցի առաջին պատահած դուռն ու հայտնվեցի մի խումբ կանանց շրջապատում՝ սուրճ էին խմում: Ասացին, որ արդեն 9 ամիս աշխատավարձ չեն ստացել, ու տնօրենն իրենց խոստացել է, որ մեկ օրից կտա: Տեղեկացրի, որ ինձ էլ ասել է երեք շաբաթից: Վշտացան: Դու մի ասա, տնօրենն այս ընթացքում ինձ է փնտրել՝ իջել է առաջին հարկ ու դռնապան տիկնոջը հարցրել, թե լրագրողը դուրս եկա՞վ շենքից: Ստանալով բացասական պատասխան, դռնեդուռ է ընկել: Տիկնայք վեր թռան, երբ տնօրենը ներս մտավ: Սա հիմա էլ հարկաբաժնից սկսեց ինձ դուրս անել, մեղադրելով, թե "պապառացի" եմ: Կանգնեց միջանցքում, մինչեւ հեռանամ, ու երբ թեքվեցի դեպի ելքի աստիճանահարթակը, գոռաց. "Ես Ձեր դեմ հոդված եմ գրելու, գրելու եմ": Փաստորեն գրող էլ է: