Ստեփանակերտը շարունակում են “սալիկապատել”

Ստեփանակերտը շարունակում են “սալիկապատել”
Եռօրյա անձրեւներից հետո Արցախում կրկին շոգեր են սկսվել։ Քաղաքական, այսինքն՝ ներքաղաքական դաշտում կարծես թե հանգիստ է, սակայն, չնայած ամառային տապին, Արցախում, հատկապես Ստեփանակերտում, չեն դադարում շինարարական աշխատանքները։



Մայրաքաղաքի կենտրոնում, Ստեփան Շահումյանի արձանը շրջապատող կլոր պուրակում, որը տասնամյակներ շարունակ ստեփանակերտցիների, հատկապես թոշակառուների սիրած վայրն էր, ամբողջ թափով շինարարական աշխատանքներ են գնում։ Քարուքանդ է արվել համեմատաբար ավելի վաղ սարքված սալահատակը, ոչնչացվել է կանաչ զանգվածի մի մասը։ "Մեր հանգստի համար մնացած փոքրիկ այս հողակտորն էլ խլեցին,- տխուր ասում են թոշակառուները,- ողջ քաղաքում այլեւս հարմար մի տեղ չկա, որ նստենք-հանգստանանք, զրուցենք իրար հետ։ Ինչ է, քաղաքը լցված բարերո՞ւմ պիտի գնանք վայելենք մեր հանգիստը... Փողի ավելցուկ ունե՞ն՝ թող գնան քաղաքի կիսաքանդ ու քարուքանդ մյուս հատվածները գեղեցկացնեն..."։



Ղարաբաղը հեղեղվել է չգիտես ինչ արժանիքների եւ որ ծառայության համար մեդալներ ու շքանշաններ ստացած "հերոսներով", շարունակ "էլիտար" շենքեր ու դղյակներ են հառնում Ստեփանակերտում, Արցախի երբեմնի կանաչապատ ու համեստ մայրաքաղաքն օրեցօր լցվում է քարերով ու սալահատակով, սալիկապատվում են անգամ շենքերը (ստեփանակերտցիները կատակով ասում են՝ էսպես եթե շարունակվի, մի օր հերթը տանիքներին ու շենքերի պատուհաններին է հասնելու...), բայց ահա, տասնամյակից ավելի է՝ մեծանուն հայորդի մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանային համալիրը շարունակում է մնալ խայտառակ վիճակում։ Մեծ զորավարի 100-ամյակին անգամ հարկ չհամարեցին ավարտել աշխատանքներն ու հուշակոթողի հանդիսավոր բացման արարողություն կատարել, երկիրը "հնարավորություն չունի" իրական հերոսի արձանի զույգ կողմերում անճոռնի ցցված մետաղաձողերը փոխարինել քարե կամարով։



Եթե այսօր հրաշքով կենդանանար Մեծ զորավարն ու ժամաներ Ստեփանակերտ, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի շուքով կդիմավորեին նրան... Բայց, ցավոք, նա կենդանի չէ եւ հայրենի երկրում սեփական բիզնես չունի...



Արցախի նախկին վարչապետի՝ "վերաբնակիչների համար բյուջեում փող չկա" արտահայտությունն այսօր թեւավոր խոսք է դարձել։ Կենսաթոշակի հարց է թե սոցիալական խնդիր՝ բյուջեում փող չկա, Արցախն աղքատ երկիր է։ Իսկ ահա, ծառայողական թանկարժեք ավտոմեքենաների, Ազգային ժողովի եւ կառավարության նոր շենք կառուցելու, շինածը քանդելու եւ տեղը նորը շինելու համար փող մշտապես "գտնվում" է։



Վարդգես ՕՎՅԱՆ