Հայաստանում երկու ամսվա ցորենի պաշար է մնացել

Հայաստանում երկու ամսվա ցորենի պաշար է մնացել
Հացահատիկի արտահանումը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի երեկվա որոշումը մեծ ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ ավելացնելով. «Ռուսաստանը մնում է էն Գոգոլյան Ռուսաստանը, էն հիմարների և վատ ճանապարհների երկիրը։ Ոչ մի բան չի փոխվել, և այնտեղ վճիռները հենց այդպես են կայացվում»։



ԿԲ նախկին նախագահի խոսքով՝ աշխարհն այսօր սարսափած սպասում է, թե ինչ հետևանքներ կունենա պաշտոնական Մոսկվայի երեկվա որոշումը։ Ասատրյանի տեղեկացմամբ՝ Հայաստանը ավանդաբար ցորեն ներկրող երկիր է եղել, սակայն իր պահանջարկի 30–40 տոկոսը կարողացել է ապահովել։ Սակայն դա քիչ է, հատկապես եթե հաշվի առնենք նաև այն, որ Հայաստանում նվազում է ցորենի արտադրությունը. ըստ Բագրատ Ասատրյանի՝ 2005–ի 132,7 հազար հեկտարի դիմաց՝ 2007–ին Հայաստանում մշակվել է 93 հազար հեկտար ցորեն։



«Մեր տիպի երկրներում պետությունը պետք է գնա որոշակի պետական պահուստների ձևավորման»,– հայտարարեց Ասատրյանը՝ հավելելով, որ իր այս առաջարկը հաշվի չի առնվել։«Ես փորձեցի ճշտել պետական պահուստների վիճակը։ Բավականին խղճուկ թվեր՝ 2 շաբաթվա ինչ–որ պահուստ»,– ասաց Բագրատ Ասատրյանը։



Ըստ ԿԲ նախկին նախագահի՝ «մեր համակարգը մի խումբ մարդկանց հարստացմանն է ծառայում», և իրավիճակը շարունակելու է այսպես մնալ, քանի դեռ դիվերսիֆիկացված չէ շուկան, այդ թվում նաև ներկրման շուկան։«Մեզ մոտ վարվում է արատավոր տնտեսական քաղաքականություն»,– հայտարարեց ասուլիսին ներկա «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ մեր երկրում վարվում է «կարկատանային տնտեսական քաղաքականություն»։



tert.am