Ապօրինի ծառահատմամբ են զբաղվում

Ապօրինի ծառահատմամբ են զբաղվում
Գուգարքի անտառտնտեսության պետ Անատոլի Մխիթարյանն արձագանքել է մեր՝ "Ապօրինի ծառահատումներ Վանաձորում" հրապարակմանը. "Սույն թվականի օգոստոսի 30-ին "Հրապարակ" օրաթերթի թղթակցի ահազանգով, նրա արած լուսանկարները դիտելուց հետո "Հայանտառ ՊՈԱԿ" Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից կազմվել է հանձնաժողով՝ ահազանգի փաստերը ստուգելու եւ նրանց օրենքով սահմանված կարգով ընթացք տալու վերաբերյալ: Աշխատանքային հանձնաժողովը խոստացվածի պես մեկնել է Վանաձոր քաղաքի "Լոռի" հանգստյան տնից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող անտառի հատվածը, տեղում կազմել են անտառահատման արձանագրություն:



Ընդ որում՝ գրանցվել է անտառահատման երկու դեպք: Տեղում հայտնաբերվել են բոխի տեսակի 4 հատված ծառեր՝ 30, 36, 26 եւ 40 սմ տրամագծերով: Հայտնաբերվել են հատված ծառերի կոճղերը: Հատված ծառերի փայտանյութը անհայտ անտառահատողի կողմից, ըստ երեւույթին, արդեն տեղափոխվել է: Եղեգնուտի անտառպետության 6-րդ եւ 7-րդ պահաբաժիններում հայտնաբերվել են 2 հաճարենու կոճղեր՝ 48 եւ 50 սմ տրամագծերով: Այստեղ եւս կազմվել է անտառահատման ակտ, եւ օրենքով սահմանված կարգով անտառախախտումների ակտերի օրինակներն ուղարկվել են Գուգարքի ոստիկանության բաժին եւ բնապահպանության Լոռու մարզային տեսչություն:



Մենք, ոստիկանության եւ բնապահպանության տեսչության ղեկավարներով, հանդիպել ենք, ստեղծվել է համատեղ խումբ, որն այսօր տեղում կատարում է տեղազննում Եղեգնուտի անտառպետության թիվ 6 եւ 7 պահաբաժիններում: Այս պահին Գուգարքի անտառտնտեսության ամբողջ տարածքում ոստիկանությունը կատարում  է մեծածավալ հսկման աշխատանքներ: Նշեմ, որ մենք միայն Սպիտակում, Վահագնիում եւ Մարգահովիտի անտառպետությունում ունենք օրենքով թույլատրելի հատատեղեր":