Թուրք փորձագետները` Թուրքիայի մասին

Թուրք փորձագետները` Թուրքիայի մասին
Երեկ “Կոնգրես” հյուրանոցում մեկնարկել է “Զրույցներ Թուրքիայի մասին” թեմայով սեմինարը: Թուրք փորձագետներ` Իզմիրի Տնտեսագիտական համալսարանի ԶԼՄ եւ քաղաքագիտության դասախոս Զաֆեր Յորուքն ու Ստամբուլի Բողազիչի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս Բեհլուլ Օզքանը սեպտեմբերի 2-5-ը հայ լրագրողներին կներկայացնեն արդի Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց դիտարկումները:



Ի դեպ, Բեհլուլ Օզքանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ուսանողն է եղել: Սեմինարն անցկացվում է ԱՄՆ-ի ՄԶԳ կողմից ֆինանսավորվող “Հայ-թուրքական հարաբերությունների” կարգավորում նախագծի շրջանակներում, որն իրականացնում են “Եվրասիա” համագործակցություն հիմնադրամն ու Ստամբուլի “Գլոբալ քաղաքական միտումներ կենտրոնը”: Նպատակն է բարձրացնել երկու երկրների ԶԼՄ-ների տեղեկացվածությունը միմյանց մասին եւ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների անաչառ լուսաբանմանը: Սեմինարի բացմանը ԱՄՆ-ի ՄԶԳ ժողովրդավարության եւ կառավարման բաժնի տնօրեն Սթիվեն Բրեգերը շեշտեց, որ ԱՄՆ-ի կառավարությունը հավատարիմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխըմբռնման բարելավման քաղաքականությանը: Նախագծի շրաջանկներում սեպտեմբերի 20-22-ը երկու հայ փորձագետներ` Հեղինե Մանասյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը փոխադարձ այցով կլինեն Թուրքիայում եւ թուրք լրագրողների համար Հայաստանին նվիրված նմանատիպ դասախոսություն կկարդան: