Երբ դպրոցականները ծեծում, ապա խեղդում են իրենց համադասարանցուն

Երբ դպրոցականները ծեծում, ապա խեղդում են իրենց համադասարանցուն
«Մոսկվայի դպրոցներից մեկը տեղափոխված լավ հագնված աղջկան համադասարանցիները ծեծել են ու լճի մեջ խեղդել»,- սա այն բազում օրինակներից մեկն էր, որ այսօր «Նովոստի» ակումբում տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ներկայացրեց Մոսկվայի էքստրեմալ իրավիճակներում իրավական և հոգեբանական օգնության կենտրոնի ղեկավար Միխայիլ Վինոգրադովը: Նա նշեց, որ այսօր Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն անչափահասների նկատմամբ:



Տեսակամուրջի առիթը սեպտեմբերին ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի հրապարակած զեկույցն էր դեռահասների շրջանում առկա բռնության դրսևորումների մասին: Զեկույցի համաձայն, Ռուսաստանում արձանագրվել է 10-29 տարիքային խմբում բռնության պատճառով մահացության ամենաբարձր մակարդակը 53 երկրների թվում: 100.000 ռուս երիտասարդներին բաժին է ընկնում 15.85 մահվան դեպք: Ամենացածր մակարդակը Գերմանիայում է՝ 0.47 և Հայաստանում՝ 0.5:



Հայաստանյան կողմի բանախոսներից՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն էլ նշեց, որ Հայաստանում արձանագրված այդ փոքր տոկոսը պայմանավորված է մի քանի գործոններով. նախ Հայաստանը մոնոազգային պետություն է, երիտասարդների մի մեծ տոկոս ներգրավված է կրթության մեջ, կան պետական և ոչ պետական կառույցներ, որոնք զբաղվում են անտուն երեխաների խնդիրներով, ինչպես նաև կրիմնինալ սերիալների, բռնության տեսարաններով հեռուստահաղորդումների դեմ ուղղված այն շարժումը, որը նույնպես իր արդյունքը տվեց:



«Անչափահասի կատարած հանցագործության հետևում միշտ կանգնած է որևէ մեծահասակ»,- նշեց մոսկովյան մասնակիցներից՝ ՆԳԳՎ Քրեական հետախուզության վարչության 20-րդ բաժնի պետ Իվան Իգոշինը: Որպես դեղատոմս, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը կրճատելու գործում, նա կարևորեց հատկապես զբաղվածության խնդիրը դեռահասների շրջանում:



ՊԴ փոխնախագահ Սվետլանա Ժուրովան էլ նշեց, որ միշտ լուսաբանվում և գրվում է այն հանցագործությունների, սպանությունների մասին, որոնք կատարվել են, բայց ինչքան քիչ է գրվում և լուսաբանվում նրանց մասին, որոնք բացահայտվել են: Կրոնի դերը չթերագնահատելով` Ժուրովան նշեց, որ ամեն կրոնում էլ քարոզվում է բարություն, հանդուրժողականություն և աթեիստն էլ կարող է լավ երեխա դաստիարակել:



Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդության քաղաքականության վարչության ծրագրերի մշակման և իրագործման գծով պատասխանատու Արմեն Պապյանն էլ նշեց, որ այսօր գլոբալիզացիայի դերն այնքան մեծ է, որ չեն կարող վերցնել ու ինչ-որ բան արգելել. «Ինտերնետում՝ կրթական կայքի էջում, զուգահեռաբար այնպիսի բաներ են առաջարկվում և ցուցադրվում, որ վերահսկողությունից դուրս է»:



Ի հավելում հայաստանյան մասնակցի տեսակետի, Միխայիլ Վինոգրադովն էլ նշեց, որ այսօր անգամ ինտերնետում ինքնասպանների ակումբ կա, իսկ Ռուսաստանի նման երկրին 18 տարի պահանջվեց, որպեսզի հետաքրքրվի սեքսուալ բռնություններով զբաղվող սեկտաներով:



Թե հայաստանյան և թե ռուսաստանյան բանախոսները երեխայի, դեռահասի ձևավորման գործում կարևորելով աղքատության, ալկոհոլի, թմրանյութերի գործոնը, նախևառաջ կարևորեցին ընտանիքի, դպրոցի ու պետության դերը: