Տեղեկացրեք, թե երբ եք սկսելու գետի հունը փոխող կառույցի ապամոնտաժումը

Տեղեկացրեք, թե երբ եք սկսելու գետի հունը փոխող կառույցի ապամոնտաժումը
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը գրավոր դիմել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին` Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով կառուցված ինքնակամ կառույցները ապամոնտաժելու հարցով: Ս.Սաֆարյանի նամակում մասնավորապես ասվում է.


«Ժառանգություն» խմբակցությունը 2010 թվականի սեպտեմբերի 27-ին գրավոր հարցումով դիմել էր ՀՀ Կառավարությանը` Ձեր մարզի տարածքում գտնվող Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով կառուցված ապօրինի շինարարությունը դադարեցնելու, այն ապամոնտաժելու եւ Արգիճի գետի շրջակայքում բնական միջավայրի խախտված ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ»:


ՀՀ Կառավարությունը «Ժառանգություն» խմբակցությանն ուղարկած իր 29.09.2010թ. պատասխան նամակում նշում է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության ուսումնասիրության արդյունքում հաստատվել է հետեւյալը. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով կառուցված պատվարի շինարարությունը եւ շուրջ երկու կիլոմետր խողովակաշարի մոնտաժման համար իրականացված հողային աշխատանքները ինքնակամ են: Բացակայում է սահմանված կարգով տրվող շինարարական թույլտվությունը: Շինարարական աշխատանքները կատարվել են ՀՀ Գեղարքունիքի մարզում` համայնքների վարչական սահմաններից  դուրս գտնվող տարածքում»:


Ի պատասխան ինքակամ եւ ապօրինի այդ կառույցների ապամոնտաժմանը վերաբերող մեր հարցին` Կառավարությունը գրավոր  պատասխանում նշել է, որ համաձայն ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում, ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման եւ դրա հետեւանքների վերացման լիազորությունները տրված են ՀՀ մարզպետարաններին»:




Նույն խնդրով ս.թ. հոկտեմբերի 6-ին ԱԺ նիստում բանավոր հարցուպատասխան տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի եւ ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի միջեւ: Ներկայացնելով ՀՀ կառավարության համապարփակ մոտեցումը խնդրո առնչությամբ, եւ մասնավորապես` կառուցված ՀԷԿ-ի, պատվարի եւ հարակից այլ կառույցների շինարարության մասին, նախարարը բառացի հայտարարեց. «Ինչ վերաբերում է, փաստորեն, այնտեղ իրականացված կառույցին` ՀԷԿ-ին եւ մնացած այլ խնդիրներին, այսօրվա դրությամբ մեր կարծիքը հետեւյալն է, որ նախկին խողովակներով այն ջրօգտագործումը, որը օգտագործվել է, այդ չափաքանակը պետք է պահպանվի եւ այնտեղ որեւիցէ նոր կառույցի անհրաժեշտություն չկա եւ եղած հնարավորություններով հնարավոր է այդ ջրապահանջը ապահովել»:




Իսկ «նոր, ինքակամ կառույցների» ապամոնտաժման կապակցությամբ նախարարը տեղեկացրեց. «Ինչ վերաբերում է այն կառույցներին, որոնց հետագա ընթացքը Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով պետք է որոշվի, այո, մենք այսօր նույնպես քննարկում ենք ունեցել եւ տվյալ կառուցապատողը համապատասխան օրենքի շրջանակներում տուգանվելու է, եւ պարտադրվելու է որպեսզի հետեւանքները  վերացնի, ինչին մենք ձեզ հետ միասին հետամուտ ենք լինելու»:




Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված 10-օրյա ժամկետում` գրավոր տեղեկացնել, թե ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը ե՞րբ է կառուցապատողին պարտադրելու սկսել Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելու նպատակով ինքնակամ կառուցված շինության ապամոնտաժման աշխատանքները»:




Պատգամավորը մարզպետին է ուղարկել նաեւ ՀՀ Վարչապետին ուղղված եւ ՀՀ Կառավարությունից ստացված պատասխան գրությունների պատճեները, ինչպես նաեւ` բանավոր հարցուպատասխանի սղագրությունը: