Ահարոն Ադիբեկյան. Պայքարը համընդհանուր է

Ահարոն Ադիբեկյան. Պայքարը համընդհանուր է
Քաղաքական պայքարն ունի իր օրենքները, որն այս կամ այն քաղաքական գործչին ստիպում է կատարել այս կամ այն քայլը: Քանի որ կոալիցիոն կուսակցությունները հենվում են իշխանական ռեսուրսների վրա, նրանք ձայները կարող են շատացնել կամ կոալիցիայի մյուս անդամների հաշվին, կամ փորձել ընդդիմադիր դաշտից ձայներ վերցնել: Հետեւաբար 2 դեպքերում էլ պետք է մի քիչ հեռանալ կոալիցիոն մյուս ուժերից, ընդգծել սեփական դիրքորոշումը, ցույց տալ տարբերությունները՝ դրանով իսկ գրավիչ դառնալ իշխանական ու չափավոր ընդդիմադիր ընտրախավի համար:



Այս տրամաբանությամբ եւ ՕԵԿ-ը, եւ ԲՀԿ-ն, եւ ՀՀԿ-ն կփորձեն դիրքավորվել միմյանցից՝ ցույց տալով սեփական ես-ը: Եթե նրանք հանդես գան միասնական, պետք է միասնական նախընտրական բլոկ ստեղծեն, միասնական ցուցակ կազմեն, բաշխեն տեղերն ըստ աստիճանների, բայց պարզվում է, որ մեր կոալիցիան նման միասնություն չունի, ուղղակի ընկերավարական սկզբունքների վրա է հիմնված: Բնականաբար, նրանք պետք է հայտարարություններ անեն: Եթե մենք նայում ենք քաղաքական պայքարը, պետք է տեսնենք, որ նույն ԲՀԿ-ի ներսում էլ պայքար է գնում:



Այնտեղ թեւեր կան, տեղերում պատգամավորների մի քանի թեկնածուներ կան, որոնք պայքարում են, որ դառնան ԲՀԿ թեկնածու, եթե չի լինում, գնում են այլ կուսակցության են անդամակցում, որովհետեւ պայքարը գնում է նոր մակարդակների բոլոր մակարդակների վրա: Վերջնականն այն է, ինչը մենք տեսնում ենք առաջին դեմքերի շարժուձեւից, բայց ներսում բավականին լուրջ պրոբլեմներ կան: Մենք տեսնում ենք, որ ինչ-որ մեկին պաշտոնից են հանում, մյուսով փոխարինում: Պայքարը համընդհանուր է, ուղղակի կուսակցության «աղբը» դուրս չեն հանում:



ՀՀԿ-ի ներսում էլ իհարկե պայքար կա: ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության արդյունքներից հիմա դժվար է խոսել, որովհետեւ դեռ խմորումներ կլինեն: Մեկ տարի հետո նոր մենք կկարողանանք գնահատել: Եթե մենք Դաշնակցությանը համարենք ընդդիմություն, կարծում եմ, ընդդիմությունից 3 կուսակցություններ՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, մեծ շանսեր ունեն: Նրանք 40 տոկոս ձայների վրա նստած են, ու եթե 30 տոկոսն էլ գա ընտրությունների ու իրենց ձայները տա, կարող են մտնել խորհրդարան: Ինձ թվում է, որ հաջորդ խորհրդարանում 6 կուսակցություններ կլինեն՝ այս 3-ին ավելացրած ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը՝ որպես իշխանական:



Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆ

սոցիոլոգ