Հայաստանը 123-րդ տեղում է

Հայաստանը 123-րդ տեղում է
«Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն  կազմակերպությունը երեկ հրապարակեց 2010 թ. կոռուպցիայի ընկալման համաթիվը: Ցուցակում ընդգրկված երկրների շարքում Հայաստանը 2,6 ցուցանիշով զբաղեցնում է 123-րդ տեղը, որը կիսում է Էրիթրեայի եւ Մադագասկարի հետ: «Թրանսփարենսի ինտերնեշնլը» արդեն 15-րդ տարին է՝ հրապարակում է աշխարհի մի շարք երկրներում կոռուպցիայի ընկալման համաթիվը: Ընդհանրապես կոռուպցիոն համաթիվը հաշվարկվում է 0-10 բալանոց սանդղակով, որտեղ 0-ն բացարձակապես կոռումպացված երկրներն են, իսկ 10-ը՝ բացարձակապես չկոռումպացվածները:



«Թրանսփարենսի ինտերնեշնլ» կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը ցավով նշեց, որ մեծ թվով երկրներ ունեն 5-ից ցածր թիվ: Ուսումնասիրված երկրներից միայն 45-ն ունի 5-ից բարձր ցուցանիշ: Անդրադառնալով Հայաստանին՝ Վարուժան Հոկտանյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ կոռուպցիոն ընկալման համաթիվը նվազել է 0,1-ով: «Վիճակագրորեն դա փոփոխություն համարել չի կարելի, որովհետեւ եթե նայում ենք նախորդ տարիների կտրվածքով, ապա կարող ենք ասել, որ ստագնացիոն վիճակ է տիրում, ընդ որում՝ դեպի ներքեւ իջնող ստագնացիա: Եթե 2000-ական թվականներին համաթիվը 2,9-3 էր, ապա անցած տարվանից սկսել է անկում ապրել՝ դառնալով 2,7-2,6: Բայց դա որպես նահանջ ֆիքսելը սխալ կլինի, ոչ էլ կարող ենք ասել, որ առաջընթաց կա»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:



Այս տարի լավագույն կոռուպցիոն ընկալման համաթիվն  ունեն Դանիան, Նոր Զելանդիան եւ Սինգապուրը: Նշված երկրները համաթվի 9,3 արժեքով կիսում են առաջին 3 հորիզոնականները, իսկ աղյուսակի վերջին հորիզոնականները շարունակում են զբաղեցնել անկայուն, ոչ զարգացած երկրները: Աղյուսակի նախավերջին երկու տեղերում 1,4 կոռուպցիոն ընկալման համաթվով Աֆղանստանն է եւ Մյանման, իսկ ամենավերջին հորիզոնականում Սոմալին է՝ 1,1 արժեքով: Նախորդ տարվա համեմատ լուրջ առաջընթաց գրանցած երկրներն են Բութանը, Չիլին, Էկվադորը, Մակեդոնիան, Հաիթին, Ջամայկան, Քուվեյթը, Քաթարը, Գամբիան: Հետաքրքիր է, որ առաջընթաց գրանցած ոչ այնքան զարգացած այս երկրներին զուգահեռ, հետընթաց են գրանցել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Չեխիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Մադագասկարը եւ ԱՄՆ-ն՝ մի շարք զարգացած երկրներ, որտեղ կոռուպցիան գնալով շարունակում է դառնալ լուրջ խնդիր:



Իսկ թե Հայաստանում հատկապես որ ոլորտներն են ամենակոռումպացվածը, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ դա ցույց է տալիս կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը, որի տվյալները պարզ կլինեն դեկտեմբերի 9-ին, եթե, իհարկե, Հայաստանն ընդգրկվի այդ հետազոտությունների մեջ: Սակայն նախորդ տարվա ցուցանիշների համաձայն՝ իրավապահ մարմինները համարվել են ամենակոռումպացվածը:



Մինչ կառավարությունն անխոնջ պայքար է մղում կոռուպցիայի դեմ եւ ժամանակ առ ժամանակ ամպագոռգոռ հայտարարություններ անում, թե լուրջ քայլեր են ձեռնարկվում երեւույթն արմատախիլ անելու համար, Հայաստանում կարծես լուրջ առաջընթաց այդպես էլ չի նկատվում, ավելին՝ կոռումպացված երկրների շարքում մենք 123-րդն ենք: