Ոճրագործությունից 11 տարի անց

Ոճրագործությունից 11 տարի անց
Երեկ լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի մահվան 11-րդ  տարելիցը, եւ առավոտվանից Եռաբլուր էին  գալիս՝ հարգելու Վազգեն Սարգսյանի եւ մյուս զոհերի հիշատակը: Առաջին այցելուներից էր ռազմական ոստիկանության նախկին պետ, այժմ պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանն իր շքախմբով: Քիչ անց եկան պատվո պահակախմբի զինվորները, որոնցից երկուսը կանգնեցին գերեզմանի մոտ: Զինվորներից մեկի հարազատները կանգնել ու հիացած նայում էին իրենց տղայի հագուկապը, շենք ու շնորհքը եւ սպասում էին հարմար պահի, որ շրջապատում սպա չլինի, եւ կարողանան մոտենալ ու մի քանի բառ փոխանակել:



Հետո եկավ գեներալ Մանվելը «երկրապահների» մեծ կազմով: «Սա խոնարհում ա եւ  վստահեցում, որ երկիրը հավատում ա իրեն, իրեն առաջնորդներին, սպարապետին, երկրապահն էլ միշտ պատրաստ ա ծառայել պետությանը, ժողովրդին, պետականությանը»,-ասաց գեներալ Մանվելը կարճ ճեպազրույցի ժամանակ:



Հետո եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրան անմիջապես շրջապատեցին խնդրատուներն իրենց խնդիրներով, որոնցից մի մասը անմիջական կապ չուներ ՊՆ-ի հետ: Պաշտպանության նախարարը վերցնում էր նամակները, աշխատակազմի անդամներին հանձնարարում դրանցով զբաղվել: «Ո՞ր մեկին ցուցակից հանեմ, որ ձեզ առաջ գցեմ, հերթով ա»,-բացատրում էր Սեյրան Օհանյանը հերթական խնդրատուին: Նախարարը Եռաբլուրի եկեղեցու բակում սպասեց, մինչեւ կժամաներ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, եւ նրա հետ բարձրացավ վերեւ:  Հետդարձի ճանապարհին լրագրողները փորձեցին նախարարին հարցեր տալ, բայց նա հրաժարվեց հարցազրույց տալ:



Մենք մոտեցանք նախարարին իրենց խնդիրներով դիմած մարդկանց խմբին, եւ պարզվեց, որ նրանք նախօրեին նախագահի նստավայրի դիմաց բողոքի ցույց արած արծվաշենցիներն են: Բողոքավորները նախագահի վրա դուրս գալու ճանապարհներ էին որոնում եւ հիմա էլ առաջին տիկնոջն էին որոշել նամակ գրել: «18 տարի ա՝ մի հնարով գոյատեւում ենք, ոչ նպաստ ունենք, ոչ աշխատավարձ ենք ստանում, ուղղակի գոյատեւում ենք: Հարյուր անգամ դիմել ենք նախագահներին, կառավարություններին, 18  տարի լուռումունջ են՝ պատասխան չկա: Պարտք ենք անում, տրանսպորտ ենք զբաղեցնում, գալիս-կանգնում ենք նախագահի նստավայրի դիմաց, մեզ ձեռ են առնում, անպատվում են, վիրավորում են՝ միլիցիոներները, նախագահի աշխատակազմը: Թող կոնկրետ ասեն՝ դուք ՀՀ քաղաքացի չեք, մենք արծվաշենցիներից հրաժարվում ենք՝ թողնենք-գնանք Թուրքիա, Ռուսաստան»,-ասում էր արծվաշենցի մի կին:



Հետո եկավ Գալուստ Սահակյանը, եւ հանրապետականները վերեւ բարձրացան: Մենք էլ նրանց խմբի հետ վերեւ բարձրացանք եւ Վազգեն Սարգսյանի շիրմին չհասած՝ Մոնթեի համեստ գերեզմանի մոտ մի գրությունով թուղթ տեսանք: Ու մինչ հանրապետականները ծաղիկներ էին դնում Վազգեն Սարգսյանի գերեզմանին, մենք անհայտ պոետի ոտանավորն էինք կարդում՝ գրված Վազգեն Սարգսյանի անունից.



Ղարաբաղ երկրամասից

Երկու թունավոր օձ բերեցի,

Մի օր խայթեցին նրանք ինձ

Ազգը  զրկեցին առաջնորդից:



Շլանգի տեղ դրած, դեռ չեն ամաչում,

Ծաղիկ են բերում ու թաքուն խնդում,

Տղամարդ թե կա՝ միացեք ազգին,

Օձերին ճզմենք եւ քշենք ընդմիշտ:



27.10.2010թ.,

Վազգեն Սարգսյան



Հավանաբար ոտանավորի հեղինակը առավոտ շուտ այդ թուղթը Վազգեն Սարգսյանի շիրմի մոտ էր թողել, եւ հավաքարարներն աշխատելիս նկատել էին, բայց ձեռքները չէր գնացել գցեին՝ Մոնթե Մելքոնյանի շիրմի մոտ էին տեղափոխել:



Հետո եկան Վազգեն Սարգսյանի հարազատները, մտերիմները, ապա՝ նաեւ ՀԱԿ-ը: Տիկին Գրետան, աթոռին նստած, արտասվում էր, երեխաները Վազգեն Սարգսյանին նվիրված տեքստեր էին արտասանում: