Մասիսցիները բողոքում են

Մասիսցիները բողոքում են
Մասիս քաղաքի բազմաթիվ բնակիչներ եւ հատկապես ուսանողներ խնդրեցին, որ գրենք Մասիս-Երեւան երթուղային տրանսպորտի անմխիթար եւ անկանոն վիճակի մասին: Նրանց խոսքով՝ Մասիսից Երեւան եւ հակառակը հասնելը օրվա որոշակի ժամերին, մեղմ ասած, դժվարություն է: «Շատ երազեցինք հարմարավետ ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ, բայց Մասիսի ղեկավար մարմինները հարցի լուծումը կապեցին տրանսպորտի եւ կապի նախարարության հետ»,-բողոքում են մասիսցիները՝ հավելելով, որ տարիներ շարունակ նույն քաղաքային իշխանությունները, քաղաքապետի բոլոր թեկնածուներն այս հարցի մասին հիշում են միայն նախընտրական շրջանում, խոստանում ընտրվելու դեպքում լուծել խնդիրը, իսկ ընտրություններից հետո պատասխանատվությունն իրենցից հեռացնում:



Փաստորեն, Երեւան հասնելու տրանսպորտային միակ միջոց են «ծառայում» երթուղային տաքսիները, որոնց անկանոն երթեւեկության  հետեւանքով մասիսցիները հաճախ են ուշանում աշխատանքից, ուսանողներն էլ՝ դասերից: Հատկապես առավոտյան եւ երեկոյան ժամերին երթուղայիններն աշխատում են 25-30 րոպե պարբերականությամբ: «Առավոտյան 8-ից մինչեւ կեսօր ոչ միայն ժամերով ենք սպասում տրանսպորտին, այլեւ ստիպված ենք հատուկ ճարպկություն դրսեւորել նստելու կամ գոնե մեկ ոտքի վրա կանգնելու համար. պատկերացրեք՝ 50-100 մարդ, աշխատանքի կամ դասի գնացող, սպասեն մի գազելի»,- ներկայացնում են քաղաքացիները, հավելելով, որ վարորդներն էլ հաշվի չեն առնում անվտանգության կանոնները եւ 14 հոգանոց տրանսպորի մեջ թույլ են տալիս տեղավորվել 25-30 մարդու:



«Սա այն դեպքում, երբ Երեւան հասնելով՝ տեսնում ենք դատարկ կանգնած 15-20 մեքենա»: Նույն պատկերը կրկնվում է երեկոյան, բայց այս անգամ Երեւանից Մասիս հասնելիս: Վարորդները երթուղայինների անկանոն աշխատանքը իրենց մեղքը չեն համարում, ասում են, որ իրենք «պլան են կատարում. 17 հազար` գծի փող, 12 հազար՝ գազի, հո դատարկ չեն քշելու, սպասում են, մինչեւ տեղերը լցվեն»,-ներկայացնում են քաղաքի բնակիչները: Իսկ որ «գծի տերը» տեղյակ է երթուղայինների անկանոն աշխատանքի մասին, բնակիչները կասկած չունեն, ինչը հաստատել են նաեւ վարորդները:



Մեր տեղեկություններով՝ Մասիս-Երեւան երթուղային տաքսիների «գծատերը» ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է, եւ հավանաբար դա է պատճառը, որ Մասիսի քաղաքային իշխանությունները ռիսկ չեն անում հարցով մտահոգվել՝ իրենց բնակիչներին տարիներ շարունակ թողնելով վարորդների եւ գծատերերի շահերի արանքում: Նշենք նաեւ, որ Մասիսի մի խումբ ուսանողներ եւ բնակիչներ խնդրի վերաբերյալ տարեսկզբին բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ