Մշակույթի նախարարը գիշերը 12-ին էլ է զանգում

Մշակույթի նախարարը գիշերը 12-ին էլ է զանգում
Երեւանի մշակութասեր հասարակությանը տարվա վերջին մեծ անակնկալ է սպասվում: Դեկտեմբերի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ջ. Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան: Տնօրեն Կամո Հովհաննիսյանի խոսքերով՝ լինելու է «չտեսնված շքեղ մի բան», որի վրա ծախսվել է մոտավորապես 50 մլն դրամ: Նա առանձնակի կարեւորեց այն հանգամանքը, որ օպերայի բեմադրող ռեժիսորն է Մարիո Կորադին՝ Իտալիայից, բեմադրության որակի հարցում երաշխավորելով, որ ոչ ոք չի ձանձրանա:



Այսօր ակադեմիական թատրոնն իր խաղացանկում ունի 13 օպերային եւ 11 բալետային ներկայացումներ: Կամո Հովհաննիսյանը նշեց, որ դրանց մեջ կան նաեւ այնպիսի օպերաներ եւ բալետներ՝ «Կարմեն», «Նորմա», «Ժիզել», որոնք դեկորների պակասի կամ կորստի պատճառով վերջին երկու տարում բեմ չեն բարձրացել, բայց ընդգրկված են խաղացանկում: Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի պատրաստվում է բեմադրության եւս 2 գործ՝ Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան եւ Ս. Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը: «Քանի որ Թամանյանն այս շենքը որպես մշակույթի տուն է նախագծել, դրա համար օպերայի շենքն ունի ընդամենը մեկ բեմ, ինչը խնդիրներ է առաջացնում փորձեր անելու ժամանակ»,-ասաց նա: Ընդամենը 7 տարի առաջ է շենքը քիչ թե շատ վերանորոգվել, բայց առավել կարեւոր է թատրոնի աշխատակիցների աշխատավարձի հարցը:



Թատրոնի տնօրենը հերթով ներկայացրեց, թե ով ինչքան է ստանում. օպերային թատրոնի մենակատարները ստանում են 53-118 հազար դրամ, երգչախմբի կատարողները՝ 40-90 հազար, նվագախմբի երաժիշտները՝ 56-85 հազար, բալետի պարողները՝ 48-114 հազար: Նա զուգահեռներ անցկացրեց Վրաստանի օպերային թատրոնի հետ եւ նախանձով հրապարակեց էլի մի քանի թիվ, այս անգամ վրացի մենակատարների աշխատավարձից, որոնք ստանում են 1700-1800 դոլար աշխատավարձ. «Դրա համար ես մեր մենակատարներին չեմ կարող պարտադրել, որ մենակ թատրոնում աշխատեն»:



Այնուամենայնիվ, օպերային թատրոնի տնօրենի համար ուրախացնող է այն, որ վերջին տարիներին թատրոն այցելում են հատկապես երիտասարդները: Իսկ այն հարցին, թե մշակույթի նախարարը կամ քաղաքական այլ գործիչներ պրեմիերաներից բացի այցելո՞ւմ են թատրոն, օպերային թատրոնի տնօրենն ուրախությամբ պատմեց մշակույթի նախարարի հոգատարության մասին. «Ոչ միայն այցելում է, այլ մշտապես հետաքրքրություն է ցուցաբերում, կարող է գիշերը 12-ին զանգի ու փորձերի ընթացքից հետաքրքրվի»:



Իսկ քաղաքական գործիչներից թատրոնում «մշտական» ունեն Գագիկ Հարությունյանը, Գագիկ Եգանյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը: