Նոր նախագահը ԲՈՀ-ի կոռուպցիան կվերացնի

Նոր նախագահը ԲՈՀ-ի կոռուպցիան կվերացնի
Ավելի քան մեկ ամիս առաջ  Խ. Աբովյանի անվան  մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Արտյուշա Ղուկասյանին նշանակեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ` Արմեն Թռչունյանի փոխարեն: Խոսակցությունների համաձայն, Թռչունյանի ղեկավարած տարիներին ոլորտի կոռումպացվածությունը հասել էր անասելի չափերի: Ուշագրավն այն է, որ նոր ղեկավար նշանակեցին ոչ պակաս կոռումպացված բուհի՝ Մանկավարժական համալսարանի ռեկտորին: Վերջինիս հետ զրուցեցինք սպասվող փոփոխությունների  շուրջ:



- Պարոն Ղուկասյան, ծանոթացե՞լ եք Ձեր նոր աշխատավայրի խնդիրներին. ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել:



- Այս ընթացքում ուսումնասիրում եմ ԲՈՀ-ի հետ կապված խնդիրները, կանոնակարգերը, դրանց որոշումները, փաստաթղթերը, նաեւ չմոռանալով ընթացիկ գործունեությունը, որը ապահովում ենք՝ հարցեր, որոնք պարտավոր ենք ժամանակի ընթացքում նայել:



- Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:



- Ամենամեծ խնդիրները հիմնականում Հայաստանում գործող մասնագիտական խորհուրդների հետ է կապված, ժամկետներն ավարտվում են, եւ պետք է ձեռնարկենք հունվարից նոր խորհրդի ձեւավորման գործընթացը, որը եթե նորմալ կարողանանք կազմակերպել, կապահովենք հետագա մի քանի տարվա հանգիստ աշխատանքը: Առաջարկություններ ունենք արդեն, բայց հիմնական փոփոխությունները խորհրդի ձեւավորման վերաբերյալ հունվարին է լինելու, եւ մենք որոշում կկայացնենք քննարկելու: Բոլորն են համոզված, որ այդ փոփոխություններն անհրաժեշտություն են:



- Անհրաժեշտությունն առաջացրել է կոռուպցիայի ա՞ճը, թե՞ այլ պատճառներ կան:



- Փոփոխություններ կարող են լինել խորհրդի ժամկետը ավարտվելու կապակցությամբ, կարող է լինել նոր մասնագիտությունների ներգրավման կապակցությամբ: Տարբեր են, ինչու չէ՝ նաեւ դա կարելի է համարել, բայց ոչ թե էդ տեսանկյունով ենք նայում հարցին, այլ որ ժամկետներն ավարտվում են եւ կարող են լինել նոր առաջարկներ անդամների ու մասնագիտությունների ներգրավման առումով, որը պետք է հաշվի առնել քննարկումով:



- Պարոն Ղուկասյան, ԲՈՀ-ը համարվում է ամենակոռումպացված հաստատություններից մեկը: Մինչեւ նշանակվելը Ձեզ չմտահոգե՞ց այս հանգամանքը:



- Ես չեմ կարող պնդել, որ դա ի սկզբանե կոռումպացված կառույց է, բայց ես խոստանում եմ կազմակերպել այնպես, որ համենայնդեպս հեռու մնան նման գնահատականներից:



- Եվ ի՞նչ եք պատրաստվում անել:



- Կոռուպցիոն ռիսկերը, եթե դրանք առկա են, կան, պետք է այնպես աշխատել, որպեսզի այդ երեւույթները չլինեն, եւ խնդրի դեմ պայքարը համակարգված եւ կանոնակարգված աշխատանքների արդյունք կարող է լինել:



- Ասում են՝ Թռչունյանի օրոք բազմաթիվ տառաճանաչ պաշտոնյաներ աստիճանավորվել են  փողի քսակի շնորհիվ: Ձեր օրոք մատչելի կլինի՞ գիտական աստիճան ստանալը:



- Համենայնդեպս կանոնակարգված աշխատանքի պայմաններում նման երեւույթները կբացառվեն, պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Համենայնդեպս ես փորձ ունեմ, բոլոր դեպքերում, գիտեմ, որ կարելի է այնպես անել, որ պաշտոնական այրերը համոզված լինեն, որ աստիճանավորվելու են գիտելիքներով, իսկ ԲՈՀ-ը գործելու է հաստատված կանոնակարգի հիման վրա:



- Պարոն Ղուկասյան, լուրեր շրջանառվեցին, թե Ձեզ ԲՈՀ-ի ղեկավարի պաշտոնին նշանակել են մանկավարժականում հայտնաբերված խոշոր չարաշահումների պատճառով: Այսինքն ռեկտորից ԲՈՀ-ի նախագահ նշանակելով՝ Ձեզ ապահովագրել են պատժից:



- Ես չգիտեմ այդպիսի լուրեր, ինձ թվում է՝ նման լուրեր չեն կարող լինել, դրանք ոչ մի հիմք չունեն: Նման բան չկա եւ չի կարող լինել: Դրանք կեղծ լուրեր են:



- Ամեն դեպքում, Ձեր ղեկավարած Մանկավարժական համալսարանի ցածր կրթամակարդակից ու կոռումպացվածությունից շատ է խոսվում:



- Այդ խոսակցությունները՝ մանկավարժականում եւ համակարգում կոռումպացված լինելու հետ կապված, հիմքեր ունեն, բայց բոլոր դեպքերում, եթե ռեյտինգներով նայենք, կոռուպցիայի տեսակետից շատ հեռու է կոռումպացված լինելուց: Չգիտեմ ինչ են տարածում, բայց եթե լավ ուսումնասիրեք, կտեսնեք, որ չափազանցված են այդ բոլոր երեւույթները, ինչ որ կա:



- Դուք վստահեցրիք, որ ԲՈՀ-ում կոռուպցիան նվազեցնելու եք կամ վերացնելու, իսկ մանկավարժականում հաջողվե՞ց այդ ուղղությամբ որոշակի քայլեր անել:



- Ես գտնում եմ՝ այո, ոչ թե որոշակի, այլ բավական շատ: