Անունը կա, ամանում չկա

Անունը կա, ամանում չկա
Ուրբաթ օրը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր: Մեզանում անիմաստ ու անբովանդակ մի օր, որը բացի հասարակական կազմակերպություններից եւ տարբեր միջազգային կառույցներից, ոչ ոք չի հիշում: Կներեք, սխալվեցի՝ հիշում են եւ այն էլ ոնց: Այ, օրինակ, հիշել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը մի գեղեցիկ ուղերձով է հանդես եկել՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: «Պատահական չէ, որ պետություններն իրենց օրենսդրությամբ ամրագրում են, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները բարձրագույն արժեք են, որովհետեւ պետության շարժիչ ուժը մարդն է, քաղաքացին, ում պաշտպանվածությունը երկրի ժողովրդավարության մակարդակի վկայությունն է: ՀՀ Սահմանադրությունը եւ Ազգային ժողովի ընդունած` դրանից բխող իրավական ակտերը երաշխավորում են մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրում»,- խրոխտ հայտարարել է Հովիկ Աբրահամյանը, որը, եթե հիշում եք, վերջին 20 տարիներին զբաղեցրել է բարձր պաշտոններ մեր երկրում, մի քանի ընտրություններ է կեղծել, այդ թվում՝ 2008-ին անձամբ ղեկավարել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մարտի 1-ին եւ դրան հաջորդող օրերին ոչ միայն լռել է, այլեւ անմիջականորեն մասնակցել նախագահականում ձեւավորված շտաբի աշխատանքներին: Այսինքն՝ անձնական պատասխանատվություն է կրում այս երկրում կատարվող ամեն ինչի, այդ թվում՝ մարդու իրավունքների դաժան, անարդար ու անչափ խախտումների համար: Բայց դա չի խանգարում, որ նա հանդես գա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված բոցաշունչ ճառերով եւ ձեւացնի, թե այս ոլորտում ամեն ինչ հրաշալի է: Իսկ ինչո՞ւ ոչ, երբ ոչ ոք ձեռքդ չի բռնում, ոչ ոք արարքներդ չի հիշում եւ չի հիշեցնում: