Գյուղնախարարը խոստումներ է տվել ՀԲ-ին

Գյուղնախարարը  խոստումներ է տվել ՀԲ-ին
«Բոլորն ասում են՝ շատ լավ տիրապետում եք ոլորտին»,- հանդիպելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը:



«Մենք ՀԲ-ի հետ սերտորեն համագործակցում ենք, նախկինում համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Բայց այս տարի, քանի որ գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է հռչակվել, պետք է նոր թափ հաղորդենք այդ համագործակցությանը: Մենք առանձնապես կարեւորում ենք ՀԲ-ի կողմից աջակցվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը»: Ունենալով լեռնային երկիր` հիմնականում պետք է զարկ տանք անասնապահությանը:



Այս ծրագիրը կնպաստի անասնապահության եւ համայնքների զարգացմանը: Այս պահին ծրագրում ընդգրկված է 55 համայնք, նախատեսում ենք դրանց թիվը հասցնել 100-ի»,- հանդիպման ընթացքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Նա կարեւորել է նաեւ ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների` տեղական արտադրությամբ փոխարինման անհրաժեշտությունը: Անասնապահության զարգացման առումով էլ Սերգո Կարապետյանը նկատել է. «Իրականացվելու է անասնագլխաքանակի հաշվառման, գրանցման եւ անձնագրավորման ծրագիրը: Այն պիլոտային է, որը կիրականացվի Շիրակի մարզում: Խոսքը 55-57 հազար գլխաքանակի մասին է»:



Ասադ Ալամը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծրագրի իրականացման ընթացքին: Նախարարն իր հերթին խոստացել է, որ Համաշխարհային բանկի կողմից աջակցվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը» կկատարվի ժամանակին, գումարները կծախսվեն նպատակային: