Պատմության հեռացող պատառիկներ

Պատմության հեռացող պատառիկներ
Փետրվարի 23-ը թերեւս շատերն են հիշում որպես խորհրդային տոնացույցի օր: Ես անկեղծորեն չեմ հիշում, թե տոնի անվանումն ինչ էր, բայց դպրոցում դա տղաների տոնն էր: Նաեւ հիշում եմ, որ այդ օրն ավանդաբար Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող Անհայտ զինվորի հուշաքարին ծաղիկներ են դրվում:



Այս տարի փետրվարի 23-ին կյանքումս առաջին անգամ գնացել էի «Հաղթանակ» զբոսայգի, բնականաբար նաեւ Մայր Հայաստանի հուշարձանի ու թանգարանի հարեւանությամբ գտնվող Անհայտ զինվորի հուշաքարի մոտ: Իմ պապիկը Հայրենական պատերազմում է զոհվել, այժմ երբ տատիկն էլ չկա, այդ հուշաքարն է մնացել Հայրենական պատերազմի մասին ամենակենդանի վկայությունը:



Ենթադրում եմ` առավոտյան հուշաքարի մոտ եղել էին ՀՀ պաշտպանության նախարարը, նաեւ այլ պաշտոնյաներ, քանի որ մի քանի թարմ ծաղկեպսակ կար: Բայց նման վայրերում լրագրողի հետաքրքրությամբ միշտ էլ իրադարձությունների մասնակից ես որոնում, ոչ թե հարգանքի տուրք մատուցողներ: Մի վետերանի հետ ծանոթացա, ով հուշաքարի մոտ էր` Խաչատուր Բադալյան: Պատերազմական գործողություններին մասնակցել էր Հյուսիսային Կովկասից, հետո` Ուկրաինա, Բելառուս, մինչեւ Բեռլինի պաշարում: «Գիտեք, մայիսի 9-ին թեեւ հայտարարվեց պատերազմի ավարտի մասին, մինչեւ 11-ը դեռ մարտեր ընթանում էին Բեռլինում, մինչեւ այդ օրը մարտերին մասնակցել եմ»,- պատմեց պրն. Բադալյանը: Նաեւ ընկեր Ստալինի անունից տրված շնորհակալագիրն էր իր մոտ` Բեռլինի գրավման մարտերին մասնակցության համար: Ընդամենը երկու օր առաջ էլ Ուկրաինայի նախագահի անունից դեսպանն էր հուշամեդալ հանձնել:



Պրն. Բադալյանն այս տարի 90-ամյակն էր տոնելու, Հայրենական պատերազմից հետո բժշկական կրթություն էր ստացել, մասնագիտացել դիմա-ծնոտային վիրաբուժության մեջ, հետագայում դարձել էր դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանում  պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը: Իհարկե կենսագրություն է, որ արժանի է հարգանքի, բայց ավելի շատ հետաքրքրության... «Մայր Հայաստան» թանգարանի ֆոնդերի ղեկավարի` Լիլիա Անտոնյանի աշխատասենյակում երեւի կես ժամ տեւած խոսակցության ընթացքում այնքան նորություններ իմացա ԽՍՀՄ-ի մասին, որ տարիներ կհիշեմ: Պարզվում է` Սեմիպալատինսկ կոչվող վայրում, որտեղ խորհրդային տիեզերագնացության կենտրոններն էին, թռիչքները, փորձարկումներ եւ այլն, 1957-ին ԽՍՀՄ-ը ատոմային եւ ջրածնային ռումբեր է փորձարկել: Ճառագայթման շառավղում հայտնված մարդիկ սարսափելի վերքեր եւ վնասվածքներ են ստացել: Պրն. Բադալյանի մոտ կար մի լուսանկարի պատճեն, որ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը հազիվ թե մեկին ցույց տար կամ ճշմարտությունն ասեր դրա մասին: Այժմ ցանկանում էր իր կենսագրության ինչ-որ դրվագներ, փաստաթղթեր, իրեր մնան թանգարանում, եւ տկն. Անտոնյանին պատմեց Սեմիպալատինսկի այդ լուսանկարի մասին:



ԽՍՀՄ-ը ջրածնային ռումբի փորձարկումից հետո բախվել է բազմաթիվ մարդկանց խեղանդամվելու փաստին, եւ պլաստիկ վիրաբուժության մասնագետներին գաղտնի տարել են Սեմիպալատինսկի մերձակայքը պլաստիկ վիրահատություններ կատարելու: Պրն. Բադալյանի մոտ այն հիվանդի լուսանկարն էր, որի համարյա կիսով չափ քայքայված, ոչնչացած ծնոտի հատվածը ընդհանուր թվով 11 վիրահատության արդյունքում նա վերականգնել էր: Լուսանկարին նայելով դժվար էր հավատալ, թե կես դար առաջ նման վերականգնում հնարավոր էր: Սակայն ավելի անհավատալին պրն. Բադալյանի հետ հանդիպումն էր, 1957-ին ջրածնային ռումբի փորձարկման մասին ընդհանրապես խիստ փոքրաթիվ մարդիկ են իմացել, ուր մնաց այսքան տասնամյակներ հետո զրուցես իրադարձության ականատեսի ու մասնակցի հետ:



Հետո տկն. Անտոնյանը Թոխյան ազգանվամբ մի վիրաբույժի մասին պատմեց, ում իրերը, վիրահատական գործիքները հանձնվել են թանգարանին, դրանց թվում եղել է մկրատ, որ հանել են հիվանդի մարմնից: Մարմնում մկրատը մնացել էր հայրենականի ռազմադաշտային հոսպիտալում կատարած վիրահատությունից: Ծիծաղեցի, բայց պրն. Բադալյանն էլ հավաստեց, որ պատերազմական խառնաշփոթի մեջ այդպիսի դեպքեր իրոք եղել են: Հետո պարզվեց, որ թանգարանում ընդհանուր թվով 1100 ֆոնդային գործ կա` այդքան անձի փաստաթղթերից մինչեւ անձնական իրեր: Եվ դրանք չգիտես ինչու իջեցվել են առաջին կամ նկուղային հարկ: Ամեն դեպքում ցուցադրությունն այդտեղ էր, քանի որ հիմնական հարկը հատկացվել էր Արցախյան հերոսամարտին: Այդպես էլ չհասկացա` ինչո՞ւ: Հնարավոր չէ՞ր Արցախյան պատրազմին նվիրված թանագարան կառուցել Եռաբլուրում:



«Մայր Հայաստան» թանգարանում մի հուշամատյան կար, որ թանգարանի աշխատակիցների տասնյակ տարիների ջանքերի ու պրպտումների արդյունքում է կազմվել: Հայրենական պատերազմում Հայաստանից զորակոչված եւ զոհված անձանց անուններն են: Հարյուր երեսուն հազար մարդու անուն... Ապշում ես` ՊՆ-ում ով եւ ինչ նկարագիր է ունեցել, որ նախ 1995-ին թանգարանն են վերցրել նախարարության կազմ, հետո Հայրենականի զոհերի, նաեւ վետերանների մասին պատմող ցուցանմուշները հիմնական ցուցասրահից իջեցրել մութ ու նեղլիկ առաջին հարկ, որպեսզի հիմնական հարկաբաժնում Արցախյան հերոսամարտ ներկայացվի: Թանգարանի տարածք գրավելով, ո՞վ եւ ինչի՞ հույս ունի հասնել: