Ձեւական դատական նիստ՝ պաշտպանի բացակայությամբ

Ձեւական դատական նիստ՝ պաշտպանի բացակայությամբ
Մարտի 9-ին կլրանա Աշոտ Հարությունյանի կալանավորման ժամկետը եւ եթե այս օրերին կրկին չերկարաձգվի այն, ապա Աշոտի նկատմամբ կկիրառվի խափանման մեկ այլ միջոց՝ ստորագրությամբ քաղաքից չբացակայելը, ինչը արդեն իսկ խոսում է գործում նկատվող առաջընթացի  մասին:



Հիշեցնենք, որ Աշոտ Հարությունյանը Լոռու մարզի վարչական դատարանի բակում դատավոր Արման Թովմասյանի հետ տեղի ունեցած վիճաբանության այսպես ասած տուժող կողմն է: Անցած տարվա նոյեմբերի 8-ին ուշ երեկոյան Աշոտին դատավորն ու 4 կարգադրիչները դատարանի բակում ծեծի էին ենթարկել, ապա առավոտյան ձերբակալել տվել: Մենք արդեն գրել էինք, որ մեր տեղեկություններով, չկարողանալով ամբողջ մեղքը Աշոտի վրա բարդել, հատուկ քննչական ծառայությունը կանչել էր վիճաբանությանը մասնակից դատական 4 կարգադրիչներին եւ առաջարկել, որ իրենց վրա վերցնեն ամբողջ մեղքը՝ փոխարենը խոստանալով մեղմ պատիժ սահմանել: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ տեղեկացրեց, որ օրերս մեկուսարանում Աշոտը երիկամների հատվածում սուր ցավեր է ունեցել:



Բժիշկը զննելով նրան՝ հայտնաբերել է, որ ծեծի հետեւանքով Աշոտի մոտ այտուցված են երիկամները, ինչը խոսում է փորձագիտական եզրակացության կեղծ լինելու մասին: Մինչ այդ փորձագետը եզրակացություն էր տվել, որ նա առողջությանը վնաս չհասցնող վնասվածքներ է ստացել: Աշոտ Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն է ներկայացրել կրկնակի փորձաքննություն նշանակել, որպեսզի պարզ դառնա, թե ինչ առողջական վիճակում է հիմա գտնվում իր պաշտպանյալը: Ինչպես նաեւ փաստաբանը միջնորդել է նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝ հիմնավորելով, որ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը: Եւ չնայած արդեն 10 օր է անցել, բայց քննիչը չի պատասխանել միջնորդությանը,  իսկ որ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետն արդեն ավարտվել է:



Գործի ընթացքը շեղել չկարողանալով օրերս, առանց փաստաբանին ծանուցելու, դատական նիստ են արել.«Հավանաբար դատարանը նախագահող դատավոր Մելիք Սարգսյանը չի ցանկացել, որ պաշտպանը ներկա գտնվի: Առանց ծանուցելու, ավելի ճիշտ դատական նիստի օրը՝ փետրվարի 23-ին ծանուցագրի ծրարը  մուտք են արել փոստ, որպեսզի ես 23-ի առավոտյան գամ դատական նիստի, այն դեպքում, երբ ես ծրարը ստացել եմ ամսի 25-ին: Դա արդեն երեւակայությունից դուրս է»,-ասաց Տիգրան Հայրապետյանը: Նրա կարծիքով դատարանը ընդամենը ձեւական դատաքննություն է իրականացնել՝ առանց փաստարկներ լսելու: Ակնհայտ է, որ ՀՔԾ-ից հետո, հիմա էլ դատավորն է ամեն ինչ անում, որ փրկի իր երիտասարդ կոլեգայի կաշին: Հիշեցնենք, որ  Արման Թովմասյանը Մալաթիայի դատավոր Ռազմիկ Թովմասյանի որդին է եւ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի ընկերը: