Թաղման բյուրո, հետո նոր հիվանդանոց

Թաղման բյուրո, հետո նոր հիվանդանոց
«Հրապարակի» խմբագրություն զանգահարած քաղաքացին մեզ տեղեկացրեց, որ Աշտարակի հիվանդանոցի տարածքում ստեղծել են թաղման գործակալություն: Մենք կապվեցինք Արագածոտնի մարզպետարանի առողջապահության  եւ սոցիալական վարչության պետ Արթուր Բասենցյանի հետ եւ հարցրինք` ճի՞շտ է, որ հիվանդանոցի շտապօգնության շենքում սգո ծառայություն է ստեղծվել:



Վարչության պետը հերքեց լուրը` ասելով, թե դրանք պարզապես խոսակցություններ են, գործնական քննարկում դեռ չի եղել, դեռ որոշում չի կայացվել այդ ուղղությամբ: Հետն էլ խորհուրդ տվեց, որ դա գրելու բան չէ: Երբ մենք նշեցինք, որ իրոք այդպիսի ծառայություն կա հիվանդանոցի բակում եւ այն ընդամենը իր ղեկավարած վարչությունից մի քանի մետր է հեռու` անմիջապես աշխատասենյակների պատուհանների տակ, նա ասաց, որ դուրս կգա-կնայի ու մեզ կպատասխանի: Դրանից հետո հնարավոր չեղավ կապվել Ա. Բասենցյանի հետ. մեկ անջատում էր հեռախոսը, մեկ պատճառաբանում, թե Երեւանից մարդիկ կան, իսկ ամենավերջում պատասխանը եղավ` մարզպետից հարցրու: Մարզպետից հարցնելու կարիք չկար, քանզի մենք տեղում ճշտեցինք, որ մարտի 8-ի տոներին մի բեռնատարով դագաղ են դատարկել արդեն նախկին շտապօգնության շենքում, հսկա մի ցուցանակ ամրացրել մուտքի դռան մոտ՝ «դագաղ, ծաղիկներ, սգո պարագաներ» գրությամբ, իսկ մուտքի դիմաց հպարտորեն կանգնեցրել հանգուցյալին տեղափոխող մեքենան` «կատաֆալկը»: Պարզվում է, այս «թաղման բյուրոն» գտնվում է մանկական բաժանմունքի պատերի տակ, վիրահատական բաժանմունքի պատուհանների դիմաց, պոլիկլինիկայից մի քանի քայլ այն կողմ:



Այնպես որ, ցանկացած հիվանդ հիվանդանոցի տարածք մտնելիս անմիջապես ողջագուրվում է մահվան հետ (որովհետեւ եւ ուղիղ, եւ անուղղակի իմաստով Աշտարակի հիվանդանոցում այլ ճանապարհ գրեթե չկա), հետո նոր անցնում բուժական «պրոցեդուրաների»: Իսկ դրանք այս պարագայում հոգեբանական են` ճնշել հիվանդին մինչեւ բժշկի առանձնասենյակ մտնելը, որ նա մահից խուսափի ցանկացած գնով ու համաձայնվի ցանկացած միջամտության, այլապես բաժանմունքներին կպած դիահերձարանն ու սգո «սերվիսը» կազմ ու պատրաստ իրեն են սպասում:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ