Հեղափոխական սպասումների անլրջությունը

Հեղափոխական սպասումների անլրջությունը
Տարեսկզբից ի վեր, երբ արաբական աշխարհում հեղափոխությունների նույն ալիքը բարձրացավ, ինչ Արեւելյան Եվրոպայում 1990-ականներին, Հայաստանում էլ քաղաքական բեկման սպասումները սկսեցին օդում թեւածել:



Հանրահավաքներին էլ ավելի շատ մարդ է գնում, քաղաքական առաջնորդներ են աննախադեպ ակցիաների դիմում, դեսպաններ են ժողովրդավարության մասին հիշեցնում: Եվ իհարկե՝ Հայաստանի ժողովուրդը, որ քսան տարի շարունակ իշխանություն փոխելու յուրաքանչյուր հավանականություն տեսնելիս բարձրացել է պայքարելու` ամենեւին չհուսահատվելով ոչ նախկին ձախողումներից, ոչ իշխանության տմարդությունից, այժմ էլ պատրաստ է պայքարի, ինչպես միշտ: Այդ ժողովրդին ոչ հարկավոր է ահազանգել, ոչ էլ ինչ-որ բան բացատրել:



Հարկավոր է ընդամենը մարդ, որը հազարամյակների իմաստնություն, լրջություն եւ խորություն ունեցող ժողովրդին առաջնորդելու կարողություն կունենա: Այ, նման մարդ չկա եւ չկա, որքան էլ ասպարեզում լիդերներ կան:



Ժամանակին Հովհաննես Քաջազնունին ՀՅԴ-ի մասին է ասել՝ «ուղղակի չես տարբերում` այդ կուսակցությունն է ժողովրդին առաջնորդում, թե ինքն է ժողովրդի ետեւից գնում»: Մեր օրերը ակնհայտորեն ցույց են տալիս, որ ժողովրդի առջեւից քայլելու անկարողությունը Հայաստանի ողջ քաղաքական դաշտին բնորոշ ախտ է: Այդտեղից էլ՝ ժողովրդի անունից ճամարտակելու հակումը գրեթե բոլորի մոտ: Մինչդեռ  այնքան ժամանակ, քանի դեռ չկա անձը, որ ժողովրդի ետեւից հեւիհեւ վազելու փոխարեն կքայլի առջեւից, ոչ մի հեղափոխություն, նույնիսկ հեղաշրջում էլ չի լինի: Ուղղակի մարդ, որ միտք կունենա ապագա ուրվագծելու` ապակատար դերբայներ շաղ տալու փոխարեն, եւ խարիզմա` մարդկանց իր ճշմարտացիության մեջ համոզելու եւ առաջնորդելու` «ժողովուրդն այս ու այն է պահանջում» ասելու փոխարեն:



Քաղաքական դաշտում ով ինչ էլ ճառի, բոլորն էլ գիտակցում են, որ ներկա պահին Հայաստանում չկա մեկը` Սերժ Սարգսյանից սկսած, որը Հայաստանի ժողովրդի գոնե կեսի համար ընդունելի լինի, ուր մնաց` մեծամասնության: Հետեւաբար ընդդիմությունը հույսը դնում է, իշխանությունն էլ ինչ-որ տեղ ահաբեկվում է հասարակության ինքնահոս ընդվզումից: Սակայն նման սցենարը Հայաստանում գրեթե բացառված է: Ինչո՞ւ: Շատ պարզ, որովհետեւ մի քանի հարյուր տարի մենք սովորել ենք, որ պետությունը մարդու թշնամին է կամ գոնե հայերի թշնամին է, հետեւաբար պետությունից ոչ ոք դրական ոչինչ չի սպասում, որ սպասումների չարդարանալուց էլ ընդվզի: Ես անկեղծորեն զարմանում եմ, երբ ոմանք խոսում են, իբր Հայաստանում կարող են Եգիպտոսի, Թունիսի կամ Լիբիայի դեպքեր կրկնվել: Ի սեր Աստծո, այդ երկրներում մարդկանց ընկալումները պետության մասին չեն ասոցացվում օսմանյան, թուրքական կամ կոմունիստական բռնակալությունների հետ: Նրանց հայացքի առջեւ բրիտանական ու ֆրանսիական պետություններն են` իրենց ողջ փառահեղությամբ եւ քաղաքակրթական արժեքներով: Իսկ մեր գենետիկ հիշողության մեջ, գոնե մի վեց հարյուր տարվա հիշողության, ի՞նչ է կուտակված` բացի օսմանյան, ռուսական եւ կոմունիստական ինքնակալությունների վայրագություններից: Պատահակա՞ն է, որ հայկական ներկա պետությունն իր քսանամյա պատմությամբ որեւէ դրական տարբերություն չարձանագրեց թվարկված բռնատիրություններից: Իհարկե ոչ:



Քսան տարի Հայաստանի իշխանությունները մարդու մտավոր եւ հոգեւոր զարգացումն արգելակող նույն քաղաքականությունն են վարում, ինչ սուլթանը, ցարը կամ պոլիտբյուրոն հարյուրամյակներ շարունակ, նույն կերպ տնտեսական գործունեությունն են հարկերով, տուրքերով ու կաշառակերությամբ խեղդում, ինչ իրենց թուրք, ռուս եւ բոլշեւիկ հոգեհայրերը, անգամ բանակն են կայսրական զորքի հոգեբանությամբ ձեւավորում, որտեղ որքան շատ զինվոր զոհվի, այնքան իշխանության համար լավ, բարոյազրկությունից նույնիսկ նորածնի կամ ծերերի հանդեպ հոգատարություն չեն ցուցաբերում: Միով բանիվ քսան տարի շարունակ պետության անվան տակ այնպիսի լուծ է Հայաստանի ժողովրդի վզին փաթաթվել, ինչպիսին նախկինում թուրքերը կամ ռուսներն էին պարտադրել: Իհարկե, այստեղ դեր ունի Ադրբեջանի անկլավ եղած եւ մարդկային քաղաքակրթության հետ առանձնապես չառնչված ղարաբաղցիների` Հայաստան ասպատակելը, բայց խնդիրն ավելի խորն է:



Քսան տարի պետության որեւէ դրական դրսեւորում մարդիկ չեն տեսել, որովհետեւ պետություն կառուցելու հավակնություն ունեցողներն իրենք են հուսահատեցնելու չափ անկարող, մինչեւ ուղնուծուծը թուրքական ու ռուսական ազդեցություն կրող: Արդյունքում մարդիկ սովորել են սեփական կյանքը դասավորել ի հեճուկս պետության, պետության թշնամական միջավայրում, ինչպես սուլթանի կամ ցարի օրոք: Այ հենց դա է անիմաստ դարձնում հեղափոխությունը: Ի վերջո Աբդուլ Համիդի, երիտթուրքերի,  ցարերի ու կովկասյան փոխարքաների, կոմունիստների ու ՊԱԿ-ի ժամանակներն ավելի բարվոք չեն եղել, քան ներկա իշխանություններն ու իրականությունը: Հայաստանը եւ հայությունը բոլոր այդ տականքների իշխանությանը դիմացել է, հետեւաբար այսօրվա իշխանության այլանդակությունից էլ զարմանալու կամ ընդվզելու մեծ հավանականություն չկա:



Այնպես որ, ոչ թե ժողովրդին է պետք ահազանգել օրհասական դրության մասին, այլ ընդամենը կանգնել եւ ասել, որ այս եւ այս քայլերով, այս եւ այս հնարավոր կորուստներով անգամ քայլում ենք դեպի այս հանգրվան: Երբ կգտնվի այն անձը կամ ուժը, որ կխոստանա իշխանություններից ժողովրդին ու նրա ձայնը պաշտպանել՝ լինի դա արտաքին միջամտությամբ թե ներքին ուժերով, այդ ժամանակ ամբողջ ժողովրդի աջակցությունը կարելի է ակնկալել: Իսկ քանի դեռ ամբիոն բարձրանալու են «գործիչներ», որ ճառելու են, թե ժողովուրդն ինքը պետք է հեղափոխություն անի, անհասկանալի դարձնելով, թե այդ դեպքում իրենք ում են պետք, հեղափոխությունը հարթակներում էլ կվերջանա: